ԱՊԱՐԱՆԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴԵՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Հեղինակ: 
Դավիթ Ստեփանյան
Ամսաթիվ: 
Շաբաթ, Սեպտեմբեր 8, 2012

«Քարի վրա է ծնվել հայը, քարի վրա ապրել, քարը քարին դրել, քարերի վրա բարձրացել, քարեր բարձրացրել։ Քարերի մեջ է աճել մանուկը, քարով խաղ արել, քարն իմացել, քարի պես ամրացել։ Ու այսպես, հազարավոր տարիներ հայն իր առաջին քայլից քարի հետ է ապրել, քար մշակել, քարից ջուր քամել։ Հրաշքներ է գործել քարից, լեռների ընդերքում տաճարներ քանդակել, քարե գործվածքներ արել, կամուրջներ կապել, պալատներ բարձրացրել, քաղաքներ կերտել ու կերտել քաղաքների քաղաք Անին։
«Անիից 7 դար հետո» Անիի մասին իր ակնարկն այսպես է սկսում հայ մեծ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Իր բազմամյա ստեղծագործական կյանքում նա եղավ արժանի շարունակողն այն հսկա մշակույթի, որ թողել էին միջնադարյան վարպետները։ Այդ մասին վկայող նրա մեծ ու փոքր ճարտարապետական ձևերը սփռված են ամբողջ Հայաստանով մեկ` քարի հայերեն լեզուն արտահայտելով նոր ժամանակներում։
Ճարտարապետին առավելապես հերոսական թեմաներն էին գրավում և պատահական չէ, որ հատկապես սև ու կարմիր գույնի քարերն իշխող դարձան նրա գործերում։
Ժողովրդի քաջ անցյալը ոգեկոչող ամենավառ նմուշներից մեկը Ապարանի «Վերածնունդե հուշարձանն է, որն Իսրայելյանի վերջին տարիների գլուխգործոցներից է՝ իրականացված հեղինակի մահից հետո` որդու` Արեգ Իսրայելյանի կողմից։
«Վերածնունդըե բացառիկ մի կառույց է, որը նմանօրինակը չունի հայ հուշարձանային ճարտարապետության մեջ։ Այն իր կատարելության հասցված նկարվածքով մի ընդհանրացված ծավալի մեջ ամբողջացնում և կերպավորում է պատմական 3 խոշոր իրադարձություններ` Մեծ Եղեռնը, Հայրենական մեծ պատերազմը և Ապարանի հերոսամարտը։
Պատմական բովանդակությամբ իրարից շատ տարբեր այս երեք դրվագները մարմնավորելով մեկ ամբողջական կերպարի մեջ` Իսրայելյանը թեմատիկ առումով ճարտարապետական պոլիֆոնիայի մի խնդիր է լուծել` շատ նման երաժշտական պոլիֆոնիային, որտեղ տարբեր ինքնուրույն մեղեդիներ ներդաշնակորեն միահյուսվում են մեկ հորինվածքի մեջ։
«Վերածնունդըե գտնվում է Ապարան քաղաքի վերջնամասում` քաղաքի միջով անցնող մայրուղու կողքին, մի փոքր բարձունքի վրա։ Տեղի ճիշտ ընտրությամբ պայմանավորված` այն տեսանելի է շրջակայքի տարբեր դիտանկյուններից։ Իր ծավալատարածական լուծումներով հուշարձանն ամեն կողմից անակնկալներ է մատուցում դիտողին։ Ամբողջական օրգանական միասնությամբ, միևնույն ժամանակ գեղարվեստաարտահայտչական խիստ հակադրություններով են լուծված երկու հիմնական ճակատները` հարավայինն ու հյուսիսայինը։
Այստեղ զուգահեռներ ենք տեսնում Իսրայելյանի մյուս` հատկապես մեծածավալ գործերի հետ, որտեղ իրար են հակադրվում դրսի և ներսի ճարտարապետությունները, բայց հակադրվում են այնպես, որ միևնույն ժամանակ պահպանվում է օրգանական կապն ու անցումը այդ երկուսի միջև։
Նման մոտեցումը մեծ վարպետություն է պահանջում և համարվում է հայ ճարտարապետության ամենաբարդ սկզբունքներից մեկը, որին Իսրայելյանը կատարելապես էր տիրապետում։
Սակայն այս ամենով հանդերձ, Ապարանի հուշարձանում ի հայտ է գալիս մի նորարարություն. ներսի ճարտարապետությունը, արտահայտված լինելով հարավային ճակատում, փաստացի նաև դրսի ճարտարապետություն է դառնում։
Հարավային ճակատը, որտեղ 3 տարբեր կամարախորշերի մեջ տեղադրված տարաբնույթ հուշակոթողներն են, ընդհանուր սիլուետով կիսավեր եռանավ եկեղեցի է հիշեցնում, որն իր կտրված ներքին գեղեցկությունը ի տես է դրել բաց երկնքի տակ։ Դրամատիզմով հագեցած նրա նրբագեղ նկարվածքը միևնույն ժամանակ շատ ամուր և մոնումենտալ տեսք ունի` շնորհիվ քարե հարթությունների տարերայնորեն վեր խոյացող և սրերի ավարտ հիշեցնող խրոխտ ռիթմի։
Այս ամենին հզոր, հաղթական շեշտ է հաղորդում նաև հենց Ապարանի հերոսամարտը հավերժացնող եռանկյուն խորշի մեջ գտնվող սրաձև կոթողը։ Խորշի և սրի միջև եղած կապը արտահայտիչ է ևԲ գեղարվեստական, ևԲ բովանդակային առումով. առաջին դեպքում տեսնում ենք սուր անկյուններով մակերեսների համահունչ և սլացիկ մի համադրություն, իսկ անդրադառնալով նրանց նշանակությանը՝ կարող ենք նկատել, որ երկուսն էլ արտահայտում են «ամրությանե գաղափարը։
Եռանկյուն խորշը, որը դարեր շարունակ կառույցի կայունության հարցում ևս կարևոր դեր է ունեցել, այստեղ, գտնվելով հուշարձանի կենտրոնական առանցքային մասում, լինելով բարձր մյուս խորշերից և իր մեջ ամփոփելով սուրը՝ աջ ու ձախ կողմերում հավաքում և միավորում է մյուս երկու թեմատիկաները։
Ձախակողմյանը Մեծ Եղեռնին նվիրված շատ յուրահատուկ խաչքարաձև մի կոթող է։ Նրա վրա պատկերված բուսական մոտիվը դալկացած, վշտացած և ալեկոծված Կենաց ծառ է հիշեցնում, որը հավաքված է տիպիկ հայկական նկարվածք ունեցող խաղողի որթի էլեմենտներով։
Աջ անկյունում` ճյուղերից մեկի վրա, գլուխը կախ տխրում է խաղաղության աղավնին։ Բայց նույնիսկ քնարական ձևով ողբերգությունն արտահայտող այս պատկերի մանրամասների մեջ խորասուզվելու դեպքում, այնուամենայնիվ, Իսրայելյանի բնավորությանը բնորոշ մի մաժորային ակցենտ ենք նկատում` չխոնարհված և կարծես վերածնունդ հուսացող, կամարակապին նայող տերևը։ Կոթողի տեղադրումը խորանի մեջ ամբողջացնում է գաղափարի հնչեղությունը` իբրև Պատարագ անմեղ զոհերի հիշատակին։
Հուշարձանի աջակողմյան մասը, որը հիշատակում է Հայրենական Մեծ պատերազմում զոհված ապարանցի մարտիկներին, նորից չկրկնվող լուծում ունի։ Այստեղ հուշաքարը մի պարզ քառանկյուն է` կենտրոնում նախշված աստղաձև վարդյակով և ավելի ցածր է ձախակողմյան կոթողից։ Սակայն ընդհանուր կոմպոզիցիայի մեջ հավասարակշռություն է մտցվում` շնորհիվ կամարակապերով հարուստ խորշի ակտիվության։ Այդ կամարների բազմաշերտությունը ոչ միայն իր հարազատությունն ունի հայկական ձևերի հետ, այլև հոգեբանական առումով, կարծես նաև հարազատ է Հայրենական պատերազմի բազմազգ ու բազմաշերտ նկարագրին։ Անընդհատ պահպանելով երկխոսությունը աջակողմյան և ձախակողմյան թևերի միջև` Իսրայելյանը հիանալի կերպով օգտագործել է հայկական ստեղծագործական առանձնահատկությանը բնորոշ սիմետրիայի մեջ ասիմետրիա ստեղծելու շատ հետաքրքիր մոտեցումը։
Մի նրբություն էլ կարելի է նկատել թևերի երկխոսությունն արտահայտող ընդհանուր նկարվածքի մեջ։ Եղեռնի մասին պատմող կոթողի վերնամասում առկա սրաձև հարթությունները ամենից նվազն են վեր խոյանում, ինչն անկումային տրամադրություն է հաղորդում այդ թևի նկարվածքին։ «Սրերիե ամենացայտուն խոյանքը, որպես հաղթականության և պայքարի խորհրդանիշ, մայիսյան հերոսամարտին նվիրված հատվածի վրա է շեշտադրվում։ Կենտրոնական և աջակողմյան թևերի վրա այդ պատերը մեկական զարդանախշ են կրում։ Եղեռնի թեմային մոտ գտնվող պատերը զրկված են զարդից։ Փոխարենը մի փոքր տրոմպաձև որմնախորշ է խցկվում երկու հարթությունների բեկման գծի վրա։
Այսպիսով, հարավային ճակատը ունենալով ևԲ հստակ ուրվագիծ, ևԲ հագեցած մանրամասներ, տարածության մեջ ընկալվում է տարբեր մասշտաբներում։ Հեռուներից մերվելով բնությանը` այն ներդաշնակորեն ներգծվում է մոտակա լեռան նկարվածքի մեջ, իսկ մոտենալով` սկսում է արտահայտել իր ինքնուրույնությունը` կոնստրուկտիվ ծավալներից մինչև միայն ամենամոտ տարածությունից ընկալվող դեկորները։
Զարդանախշերը Իսրայելյանի մոտ միջնադարյան վարպետների օրինակով չափազանց պոետիկ են ներկայանում և կարողանում են մեղմել հայկական կառույցին բնորոշ լրջությունն ու խստությունը` հաղորդելով նրան մարդկային ջերմություն։ Պատկառելի և զուսպ ընդհանուր ծավալի վրա նրանք կարծես երեխայական ազատ խաղեր լինեն, որոնք, սակայն, երբեք չեն հասնում կամակորության։ Հնարավոր է՝ նրանք նաև մեկ այլ փիլիսոփայություն են արտահայտում` շեշտադրելով փոքրի մեծությունը, անկարևորի կարևորությունը, անհեթեթության իմաստությունը։
Շատ դիպուկ են քանդակված հուշարձանի վերնամասում գտնվող երկու զարդանախշերը` մտած ընդհանուր շարժման մեջ։ Մեծ, սոլիդ հարթությունների վրա նրանք կոնտրաստ հնչեղություն ունեն, ինչպես մատանու վրայի ակը։
Անցնելով հյուսիսային ճակատի վերլուծությանը` մի պահ անդրադառնանք տեղի ունեցած պատմական իրադարձությանը։ 1918 թ. վճռական օրերին թուրքերը անարգել անցնում են Սպիտակը և գրավելով շրջակա գյուղերը՝ հյուսիսային կողմից մտնում են Ապարան։ Մայիսի 25-ին Սարդարապատի, Ապարանի, Վանաձորի ուղղությամբ ծավալված թեժ կռիվների ժամանակ Ապարանը դառնում է պատերազմական կենտրոն։ Բավական էր այստեղ թուրքերը ճեղքեին պաշտպանությունը, և անմիջականորեն հարվածի տակ կմնար Սարդարապատը։ Անհավասար մարտում հաղթանակած Ապարանի հերոսների անկոտրում ոգին ժայռեղեն կերպով իր արտահայտումը գտավ հուշարձանի դեպի հյուսիս նայող ճակատի վրա։
Հարավային ճակատի հստակ մեղեդի պարունակող դեկորատիվ պատկերի նկատմամբ անսպասելի հակադրությամբ է հնչում ավելի վերացական կերպար ունեցող և միայն ինտոնացիոն շեշտադրումների վրա կառուցված, խիստ ու լակոնիկ, որպես դասական մոդեռն ընկալվող հյուսիսայինը։ Սա արդեն ամբողջովին դրսի տարածության ճարտարապետություն է։ Շթաքարերի նման վեր խոյացող, ուժեղ դինամիզմով լեցուն՝ այն համախմբված և ամեն մեկը մի քարե սուր դարձած հերոսների բազմություն է հիշեցնում։ Ծավալները ամբողջովին մերկ են, զուրկ որևէ դեկորատիվությունից և միայն վարպետորեն միջամտված գրությունն է կարծես վիրակապում նրանց`«ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։
Ընդհանրացնելով այս ամենը` կարող ենք ասել, որ նայելով հուշարձանին հյուսիսային կողմի դիտանկյուններից` մի կողմից ժամանակակից խստաշունչ սիմֆոնիա ենք լսում, մյուս կողմից ժողովրդական առնական քոչարի պարն ենք տեսնում։
20-րդ դարն իր բուռն զարգացող քաղաքակրթությամբ և տեխնիկայի առաջընթացով ցնցեց ամբողջ աշխարհը։ Կյանքի բոլոր բնագավառներն ընկան այդ ցնցումների ազդեցության հորձանուտը։ Արևմուտքից ծնունդ առած նորություններն իրենց արձագանքը տարածեցին աշխարհով մեկ` անմասն չթողնելով նաև սովետական երկիրը։ Ճարտարապետների առջև նոր դռներ բացվեցին` լուծելու համար դարերով կուտակված բազմաթիվ խնդիրներ։
Իսրայելյանը ժամանակակից ճարտարապետ էր՝ այդ բառի ամենալավ իմաստով։ Իր աշխատանքային մեթոդով նա մոտ էր ժամանակակից այնպիսի ճարտարապետների, ինչպիսիք են, օրինակ` Միս Վան դեր Ռոեն, Ալվար Աալտոն կամ Մարիո Բոտտան։ Սակայն լինելով վառ անհատականություն՝ նա երբեք չէր ընթանում պարզ փոխառությունների ճանապարհով։ Նրան խորթ էր մեխանիկական կրկնօրինակման հեշտ ու տրորված ուղին թեԲ ժամանակակից, և թեԲ ավանդական լուծումներում։ Արդյունքում, Իսրայելյանի մոտեցումը շատ ստեղծագործական էր` օժտված այնպիսի նորարարությամբ, որը կերտում էր ցայտուն ազգային դիմագիծ։
Կենսախինդ ուժով համակված Իսրայելյանի ստեղծած գեղարվեստական կերպարները հոգևոր մեծ առաքելություն են կրում։ Լուսավորելով և ոգևորելով դիտողին` դրանք իրենցանտեսանելի թելերով կապում են նրան մաքուր և անաղարտ հայկական մտածողությանն ու դարերով ժառանգած մշակութային ակունքներին։
Եվ ամեն անգամ այդ ժառանգությանը հաղորդակից լինելով` զարմանք ու հիացմունք է առաջացնում այն պատկերացումը, թե ինչպես աշխարհի մի փոքր Հայաստան կտորի վրա այսքան թարմ ու ազդեցիկ է խոսում քարը, Ռաֆայել Իսրայելյանի սիրած քարը` տեղանքի ընդերքից ծնված, տեղանքին հարազատ և նրա սիրո կախարդական շնորհքով կյանքի կոչված։
Ապարանի հուշահամալիրի տարածքում` քարքարոտ զառիթափերից մեկի վրա, մի սպիտակ տապանաքար կա՝ վրան գրված երեք տառ` ԴՐՈ։ Թվում է, թե իր կողքի բազմաթիվ սպիտակ մամուռով պատած քարերից մեկը լինի այն` վերածված սպիտակ բուրգի։ Միջավայրի մեջ խոնարհություն և այդ խոնարհության մեջ վեհություն կրող կերպար կա նրանում։ Այստեղ է հանգչում Ապարանի հերոսամարտի կազմակերպիչ, ազգային հերոս Դրաստամատ Կանայանի աճյունը։ 2000թ. այն Հայաստան էր տեղափոխվել Բոստոնից։
Ճարտարապետ Աշոտ Կանայանի կողմից նախագծված, իր իսկ ազգական մեծ զորավարին հիշատակող այս հուշաքարը, իր համեստ չափերով բնության մեջ ներդաշնակության և Իսրայելյանի ստեղծած թանկագին կառույցի հանդեպ հարգանքի ու երախտիքի դրսևորման լավագույն մի օրինակ է։

Կիսվել