ԱՎԱՆԴԱԿԱՆԸ ԵՎ «ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Հայ ճարտարապետությունը մեր ժողովրդի ստեղծարար կյանքի, նրա ավանդական մեծ ուղու, նիստուկացի, նրա գեղարվեստական մտածելակերպի արդյունքն է, մեր լեռնաշխարհի ծնունդը։
Դարեր շա՜տ դարեր էին պետք, որ մենք ունենայինք ու հասնեինք այսօրվա ճարտարապետությանը։ Դաժան պայքարի, հրի ու սրի միջով է հայ վարպետը քարը մշակել, քարը քարին դրել ու դրոշի նման բարձր պահել իր շեն արվեստը։
Եվ այս բազմամյա ուղու ընթացքում հայ վարպետները, բնականորեն, ամեն անգամ նորանոր գաղափարներ են առաջ բերում, զարգացման նոր ուղիներ փնտրում ու գտնում, նորամուծություններ անում, հարևան ժողովուրդներին ուշիմ  հետևում, և՛ տալիս, և՛ առնում, լրացնում, առավել կատարելագործում, բայց այս բոլորը բեկելով իրենց աշխարհայացքին համապատասխան, իրենց կանոններին հպատակեցնելով, այլ խոսքով՝ օգտագործելով, այլ ոչ թե ընդօրինակելով կամ կրկնելով։
Հայ ճարտարապետությունն իր պատմության ընթացքում զարգացել է, առաջ բերել նորանոր ճարտարապետական հասկացություններ, ձևի և շինարարական կառուցվածքի կատարյալ մշակումներ, կիկլոպյան հսկա, կոպիտ քարերից հասել կատարյալ, նրբագույն քարերով երեսպատած բետոնե պատերի կառուցվածքին. և այս բոլորը՝ հայկական ճարտարապետական կերպարով, նրա ոճով, թե՛ արտաքուստ, թե՛ ներքինից ենթարկելով հայկական շինարարական- ճարտարապետական «քերականությանը», ինչպես մեր լեզուն, որ Մաշտոցից, Խորենացուց մինչև այսօր էլ նույն քերականական կմախքի, հիմքի վրա է աճել, զարգացել. շատ բառեր է վերցրել, շատերը փոխել, փոխարինել, բայց միշտ մնացել Հայոց լեզու։
Նոր պայմաններում զարգացած մեր ազգային ճարտարապետական միտքը նոր խոսք է ասում համամարդկային մշակույթի ասպարեզում։ Այդ են վկայում սովետական շրջանի առաջին իսկ կառույցները, հանճարեղ Թամանյանի նախագծով կառուցած Հիդրոշինն ու Կառավարության տունը, օպերայի շենքի նրբագույն ճարտարապետությունը, լենինի անվան հրապարակի անզուգական անսամբլը, Բյուրականի աստղադիտարանը, ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսի կուլտուրայի շենքը, Կիրովականի ու Լենինականի քաղաքային հրապարակների անսամբլները, մեր շատ ու շատ բնակելի տները, ակումբներն ու դպրոցները, որոնք բոլորը միասին ստեղծում են Հայ ճարտարապետության ուղու, նրա բարգավաճման ու դեմքի մի ամբողջական պատկեր։
Սա մեծ հարստություն է, որ ստեղծել է մեր ժողովուրդը, թեև կարճ, բայց խիստ հագեցված ժամանակամիջոցում և, միջնադարից հսկայական մի թռիչք կատարելով, կերտել ժամանակակից ճարտարապետություն, սակայն ոչ մի դեպքում չկտրելով այն թելը, որ միացնում ու միասնական է դարձնում բազմադարյան Հայ ճարտարապետությունը։
Մեր հին վարպետներն իրենց շենքերը կոփելիս չեն մտածել, թե մեծ գործ են կատարում, թե իրենց ճարտարապետությունը խիստ ինքնատիպ է, և այդպիսին պիտի լինի, թե ստեղծում են ազգային ճարտարապետություն։ Նրանք ստեղծագործել են իրենց մտածելակերպին համապատասխան, իրենց հնարավություններին համապատասխան, իրենց երգերը երգելով, իրենց ժողովրդի համար, նրա լեզվով խոսելով, նրա լեզվով ստեղծելով, թեև խոսել են ու իմացել և՛ արաբերեն, և՛ պարսկերեն, և՛ վրացերեն, իմացել ու կրթվել հունարեն, բայց երգեր են հորինել քարին ու հողին, երկրին ու ժողովրդին հարազատ։
Այսպես է եղել և՛ հազար տարի առաջ, և՛ հարյուր, և՛ տասը տարի առաջ, և՛ պիտի լինի նաև այսօր։
Մեր կարծիքով, այսպես էլ պետք է ընթանա Հայ ճարտարապետության զարգացումը, այպիսին պիտի և մյուս ազգերի արվեստի ուղին։
Բայց ահա երևանյան մայրուղիներում և այլ տեղերում մեկ մեկ շենքեր են բարձրանում, որոնք զարմանք են պատճառում դիտողին, որտեղի՞ց բերեցին դրանք, ինչպե՞ս կարողացան տեղափոխել այդ հսկա ծավալները, որոնք պետք է ծովեր, լեռներ ու դաշտեր անցնեին, որ հասնեին մեզ։ Որոշ ճարտարապետներ չեն ուզում «ետ մնալ» Արևմուտքից, ինչպես չեն ուզում ետ մնալ որոշ նկարիչներ ու քանդակագործներ կամ երաժիշտներ, որոնց գործերը միայն իրենք են հասկանում, ձգտելով աբստրակտին, այսինքն՝ աղավաղել այնպես, որ ոչնչի նման չլինեն և լինեն «անկրկնելի»։ Այդ ճարտարապետները չեն ըմբռնում մի պարզ բան, որ ճարտարապետությունը նկար չէ, այլ մարդուն ծառայում է անմիջականորեն։ Նրանք ձգտում են գոնե արտաքուստ ձևեր, հեռու մայրենի ճարտարապետությունից, այնքան, որ լինեն «նոր», նմանը չունեցող։
Եվ այս երևույթը, դժբախտաբար, որոշ ընկերների կողմից անգամ խրախուսվում է, այլապես ինչո՞վ բացատրել, որ քննարկվում է և հավանություն ստանում այնպիսի մի կառուցվածք, որի մակետի հետ մեծ հաճույքով կխաղային երեխաները, քանի որ ունի տանկի ձև։ Եվ ահա, որպես «մեծ նվաճում», դա պետք է կանգնեցվի քաղաքի լավագույն հրապարակներից մեկում։
Բնակելի տունն ամեն տեղ մնում է բնակելի տուն։ Բայց մեր երիտասարդներից ոմանք, բուռն ցանկություն ունենալով լինել «նորարար», կատարել «ժամանակակից» գործ, նախագծում են լենինի պողոտայում բնակելի տուն, ուր հակառակ կենցաղային հարմարությունների, անգամ տարրական քաղաքավարության, քաղաքաշինական կարգը խախտելով, ներքին կենցաղը դրսևորող պատշգամբները դուրս են բերում փողոց, և այն էլ՝ կենտրոնական մայրուղի։
Ինչու՞ այնպես պատահեց, որ տան բնակիչը ստիպված է հրաժարվել ամոթխածությունից և իր սպիտակեղենը փռել փողոցի վրա, ծուռումուռ պահարան-պահեստներ սարքել, կարկատանների նման ծեփել փողոցը դուրս եկող ճակատները։
Սրա պատճառն, իհարկե, ճարտարապետի և նրան խրախուսողի քմահաճույքն է. ցույց տալ, որ իբր շենքը խիստ ժամանակակից է, կառուցվող ամենաթեթև նյութից, ամենաթեթև ձևերով, անկախ նրանից, որ իրականում շենքը վերջիվերջո, որ քարից է՝ թաքնված այդ արտաքուստ բարակ պատերի ետևը։
Ի՞նչ խոսք, այս կեղծ մոտեցումը դեպի ժամանակակիցը, խրախուսվելու փոխարեն, պետք է պախարակվեր։ Բայց, ցավոք, նույն անթույլատրելի ձևերը տեսնում ենք մեր շատ սիրելի Աբովյան փողոցում ևս։
Տարիներ առաջ, տարվելով շենքերի արտաքինով, ուշադրությունը բևեռած էր կեղծ հարստացման վրա, պճնում էին շենքերը, բնակելի տունն այնպիսի արդուզարդով ծեփում, որ նա կորցնում էր բնակելի տան կերպարը։
Այս երևույթը ժամանակին իրավացիորեն խիստ քննադատվել է, որպես ոչ ռեալիստական մոտեցում, անճաշակություն և անճարակություն։
Այժմ էլ աչքաթող ենք անում ճարտարապետության գեղարվեստական կողմը և այդ պատրվակի տակ հրաժարվում շենքի կերպարի արտահայտչականությունից (տե՛ս Նալբանդյան փողոցի վերջում, բլրալանջին նորակառույց բնակելի տունը ), մերկացնում նրան, զոռ տալով, այսպես ասած, «ժամանակակից նյութերին, կոնստրուկցիաներին», առաջ բերում մտացածին ձևեր, կեղծ, խորթ, օտար, մեր պայմաններում անընդունելի։
Քարե շատ լավ շենք, ժամանակի ոգով, արտաքինից պարզ, երևանյան, հայկական արվեստով կառուցած բնակելի տուն է կանգնած Աբովյան և Թումանյան փողոցների անկյունում։ Սպիտակ գույն, հաճելի համաչափություններով պատուհաններ ու լոջիաներ, սակայն՝ մերկ. անգամ մի բարակ գոտի չկա շենքի վրա, որևէ մանրամասն, որ մեղմացնի նրա չորությունը, ջերմություն, շունչ տա կառույցին։
-Ո՛չ մի զարդ,- գոռում են նոր հեղինակները,- ո՛չ մի ավելորդություն,- ասում են ու «ժամանակակից»  դարձնում մեր ճարտարապետությունը։
Կամարը, այն էլ քարե, այժմ հետապնդվում է, արհամարհվում և դառնում հետամնացության հրեշավոր օրինակ։ Էլ չենք ասում զարդաքանդակների մասին, որոնք որոշ դեպքերում քերվում են, որ նրանց վարկաբեկող հետքը չերևա։
Հնից ոչինչ չպե՞տք է մնա, միայն նո՞րը։ Ահա սրա հետևանքը լինում է այն, որ մեր որոշ շենքերի վրա անհեթեթության հասնող բաներ են կատարվում։ Հարկերի մեջ պատուհանների արանքների քարե պատերը ծածկում են ասբոշիֆերով, որով, սովորաբար, տանիքներ են ծածկում։
Քիվը շենքի վրա մեր շատ ճարտարապետների համար դարձել է աչքի փուշ։ Ինչքա՞ն կարելի է քիվ դնել շենքը պսակելու համար,-դա հին հասկացություն է,- ասում են ճարտարապետները և քիվը հանում շենքի վերին մասից։ Թող որ անձրևաջրերը հոսեն պատի վրայով, չէ՞ որ արտասահմանում քիվ չեն սարքում։
Շենքը բարձրությամբ բաժանվում է հարկերի ապակե հոծ ժապավեններով. շատ «ժամանակակից» եղանակ։ Բայց այդ ժապավենն ստացվել է շնորհիվ այն բանի, որ պատուհանների միջև պատերը սև գույնով են ներկել, որպեսզի ստանան ընդհանուր մի ժապավեն։
Ահա և մի այլ կառուցվածք, որը կանգնած է գետառի ափին, կանաչների մեջ։ Այս շենքից, որ ռեստորան է, ոչ մի տեսարան չի երևում, չնայած, որ շուրջբոլորը ազատ է և հետաքրքրական։ Նրա պատերը «ժամանակակից» լինելու համար սարքված լուցկիների փայտիկների նման խիտ, իրար կողքի շարված երկաթբետոնե քառանկյունի սյուներից, որոնց արանքից ոչինչ չի երևում։ Սա կրկեսային ատրակցիոն է՝ միայն ճարտարապետական ասպարեզում իրականացված։
Քաղաքի կրկեսի առաջ էլ կա կրկեսային մի «նորարարություն», նրա հրապարակի վրա դրված են հսկա չափերի երկաթբետոնե տաշտեր։ Դիտողը զարմանում է, թե դրանք ի՞նչ ապաշնորհ բաներ են։ Բայց չէ՞ որ արտասահմանում այսպիսի բաներ անում են, մենք էլ անենք, չասեն՝ ետ են մնում։
Իհարկե, սպիտակեղենի ցուցադրումը, կամ այս տաշտերն ու սևով ներկած պատուհանները բաժանող պատերը մանրուքներ են։ Բայց այս մանրուքների սկզբունքն է դրված և մեծածավալ շենքերում, որոնք արդեն, ցավոք, իշխող են դառնում ճարտարապետության մեջ։ Այս բոլորից հետո մտածում ես, ի՞նչ ամբողջականության, ի՞նչ ուրույն կերպարի, ի՞նչ նոր խոսքի, ի՞նչ նոր ազգային ճարտարապետության մասին կարող է խոսք լինել, երբ մի շենքի համար դիմում են ճապոնական որևէ հռչակված շենքի, մյուս դեպքում՝ Նյու-Յորքի կամ Բրազիլիայի քաղաքի շինություններին։
Լավ բան չխոստացող այս ուղղության զարգացման պատճառները հայտնի են։ Վերջին տարիների ճարտարապետական արվեստը թողնվել է ետին պլանում։ Ուստի պատահական չէ, որ աշխուժանում են այն ուժերը, որոնք ճարտարապետությունը համարելով ո՛չ արվեստ, կանգնում են այդ ուղղության գլուխ, նորարարի դիմակ հագած «ապացուցում», թե այժմ ճաարտարապետության մեջ վճռողը միայն տեխնիկան է, արհամարհելով նրա գեղարվեստական կողմը, թեև իրենք այնուամենայնիվ, ոչ միայն ձևի հասկացությունից չեն հրաժարվում, այլև շատ ու շատ կեղծ ձևեր են ստեղծում, մոռանալով իրենց իսկ հաստատած տեխնիկայի «առաջավոր լինելը»։
Այս է պատճառը, որ շատ ճարտարապետներ դիմում են Արևմտյան Եվրոպայի, Ամերիկայի ճարտարապետական ժուռնալներին… Եվ այն աստիճան հասնում, որ անգամ կառուցած շենքերում կամարները ծածկում են, քանդակները կոծկում, որ չլինի, թե տեսնեն ու ասեն՝ այս ճարտարապետը հնամո՛լ է՝ զարդաքանդա՛կ է արել։
Ոչ միայն մեր մայրաքաղաքի, այլև ամբողջ Հայաստանի ճարտարապետությունը աշխատում է ետ չմնալ ժամանակից, տալ նորանոր կառույցներ, առավել կատարյալ և՛ հարմարությամբ, և՛ տեխնիկայի ու տնտեսական իմաստով, և՛ արվեստով։ Ընթացել է նա՝ բռնած ճիշտ ուղին, ռեալիստական արվեստների հիմունքների վրա բարգավաճելով և գեղեցկացնելով մեր ավաններն ու քաղաքները, բարձր պահելով ազգային ճարտարապետության ինքնատիպությունը։
Ճարտարապետների միության, Պետշինի և շահագրգռված բոլոր այլ կազմակերպությունների պարտքն է քննադատական մոտեցում ունենալ արագ աճող մեր ճարտարապետության մեջ ներխուժած արվեստի թշնամի «անդեմությունը», Արևմուտքի ընդօրինակմանը և լայն քննարկման դնել արդի ճարտարապետության պրոբլեմները՝ պահպանելով ճշմարիտ ճարտարապետության զարգացումը։
Միայն սեփական խոսքով կարելի է դուրս գալ մեծ ասպարեզ։

Կիսվել