ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Մենք՝ ճարտարապետներս, բախտավոր ենք, որ ունենք հրաշք երկիր, որի ամեն անկյունը մի ուրույն աշխարհ է՝ անկրկնելի, անզուգագական։ Մենք բախտավոր ենք, որ ունեցել ենք հանճարեղ հայրեր, որոնք, որպես մեծագույն շինարարներ, ժառանգություն են թողել մեզ իրենց սրտերը՝ դրած քարի մեջ, դրած ժողովրդի նիստուկացի մեջ։
Ու էլի, մենք՝ ճարտարապետներս, բախտ ունենք, և այն էլ մեծ բախտ, շենացնելու Հայաստանը, նրա չնաշխարհիկ բնությունը, Հայ ժողովրդին տալու այն բոլոր բարիքները, ինչին ընդունակ է արվեստների արվեստ ճարտարապետությունը։
Մենք մեծ կրքոտությամբ և ազնվությամբ պետք է աշխատենք հանուն այդ նպատակի։ Մեր ստեղծածը պետք է ավելի բարձրացնի Հայ արվեստը, հայ մշակույթը և հասնի այնպիսի աստիճանի, որ հեռուներից երևա։ Եվ դրան մենք կարող ենք հասնել միայն այն դեպքում, երբ կասենք մեր խոսքը, սեփական խոսքը, հայերեն խոսքը։ Դա կլինի, անշուշտ, ժամանակի ոգով ասված, ժամանակի հարստությամբ հագեցած, բայց անպայման հայերեն ասված. այլ կերպ մենք նորը ասել չենք կարողանա և կլինենք միայն ընդօրինակողներ՝ անդեմ, անսկզբունք, անհայրենիք։
Ձգտումը՝ դրսից բերել լավը, առաջադեմը, լինի դա կառուցվածքի ներքին կյանքի կազմակերպման մեջ, կոնստրուկտիվ մասերի թե նոր շինանյութերի՝ միևնույն է, այդ բոլորը լայն և համարձակ պետք է օգտագործել, ինչպես ժամանակին մեր վարպետներն են բերել և հետո հայերեն հնչեցրել։ Նորը դրսից պետք է բերել ոչ թե նրան հնազանդվելով, այլ հպատակեցնելու, մեզ ծառայացնելու համար։ Բայց երբ Բրազիլիա քաղաքից վերցնում ենք շենքը և անփոփոխ տեղադրում Երևանում, դա մեզ ոչ միայն պատիվ չի բերում, այլև աղքատացնում և կաշկանդում է մեր ստեղծագործական միտքը։ Օրինակներ չեմ բերում, դրանք ցավոք շատ են։
Եվ այսպիսով, մի գեղեցիկ, ավելի ճիշտ՝ տխուր օր, մենք կդառնանք օտար մեր իսկ հարազատ մայրաքաղաքում, որը իր «ժամանակակից» շենքերով կարող է կորցնել սեփական դեմքը։ Ահավոր խոսքեր եմ ասում, որպեսզի մենք սթափվենք և լրջանանք։ Վերջին տարիներին, կրկին ընդօրինակելով, մենք ընդունել ենք մեր քաղաքների շինարարության մեջ այսպես կոչված  «ազատ կառուցապատման» մեթոդը։ Սակայն իմ կարծիքով, այստեղ էլ ընկնելով ձևի ետևից, մոռանում ենք նրա կիրառման հիմնական գաղափարը և անխտիր մեր բոլոր նորակառույցներում կիրառելով դա, ստանում ենք խայտաբղետ, դիմազուրկ, անսիստեմ շենքերի կուտակում և հայտարարում, թե սա ազատ կառուցապատում է։
Ընդունելով ազատ կառուցապատման սկզբունքը որպես միակը, մենք կատարում ենք խիստ անսկզբունք գործ։ Ստացվում է այնպես, որ մենք այլևս իրավունք չունենք ունենալ կանոնավոր կառուցապատված, ասենք գլխավոր փողոց կամ պողոտա, որովհետև, եթե շենքերն իրար զուգահեռ դրված լինեն այդ գլխավոր փողոցին համապատասխան, ապա դա ամենախիստ ձևով խախտում է «ազատ կառուցապատման»  սկզբունքը։ Այդ պատճառով էլ կանգնեցնում ենք ահավոր չափերի բնակելի տուն Սայաթ-Նովայի գեղեցիկ փողոցում և անպայման թեք դնում, որ խախտենք այդ փողոցի կանոնավորությունը ու աղաղակենք՝ տեսե՜ք, ինչքան համարձակ ենք։ Ազատ կառուցապատումը հնարավորություն է տալիս դասավորել բնակելի տները թաղերի խորության մեջ՝ հարմարվելով բնական պայմաններին։ Բնակելի տան համար առաջնահերթ պայմաններից է արևի առկայությունը և նրան պետք է ուղղված լինեն բնակելի սենյակները։ Սա հասկանալի է և լավ։ Բայց երբ մենք դա անում ենք նաև մայրուղիներում, աղավաղում ճարտարապետական ընդհանուր պատկերը, միասնությունը, ամբողջականությունը, ողջ փողոցի ճարտարապետական տարածական ըմբռնումը, ապա դա հանցանք է, ինչպես և հանցանք է Թումանյան փողոցում ամառային կինոթատրոնի արհամարանքով թեք դրած ծավալը։
Նորքի զանգվածը։ Չգիտես ո՞ րն է այստեղ փողոցը, ո՞րն է բակը։ Մի՞թե, մտածում ես, վերացավ հանդիսավորության գաղափարը, մի՞թե քաղաքի այդ շրջանը չպիտի ունենա իր գլխավոր փողոցը, որտեղ քայլես ու զգաս ինչ-որ ճարտարապետական ընդհանրություն, ճարտարապետական կազմակերպված միտք։
Բանն այնտեղ է հասել, որ Էջմիածինն էլ նախագծվում է «ազատ» սիստեմով, և այն էլ բազմահարկ՝ ինը հարկանի բնակելի տներով։ Այդ գողտրիկ քաղաքը կառուցապատում ենք նույն այն շենքերով ու ձևերով, ինչ որ Երևանը։ Ու՞ր է Էջմիածին-Վաղարշապատը։ Չկա՛, չկա այնպես, ինչպես «չկա»-ի ճանապարհն է բռնել Հռիփսիմեի տաճարը, որ խեղդվել է նորակառույցների մեջ, կորցրել իր վեհաշուք տեսքը։
Մինչև ե՞րբ մեր քաղաքները պետք է կառուցապատվեն թեև շատ լավ, բայց այժմ արդեն դիմազրկվող համայնատարած արթիկ-տուֆով ու բնակելի տան տաղտկալի միատիպությամբ։ 
Գորի՛ս։ Ո՞վ չի հիացել լեռների մեջ շողշողակող այդ քաղաքով։ Բայց վաղը նա ևս կողողվի արթիկ-տուֆով ու նա էլ անվերադարձ կգնա մեր ձեռքից։
«Բնություն, բնաշխարհ, լեռնաշխարհ, անթառամ գեղեցկություն»,- հպարտությամբ գոչում ենք մենք։
Իսկ հաճա՜խ ինչպես վատ ենք վերաբերվում նույն այդ բնությանը։ Բավական է նայել մեր գեղեցկուհի Սևանի ափին, որ հասկանալի լինի, թե ինչքա՜ն անփույթ ենք նրա հանդեպ։
Ու՞ր է ճարտարապետի զգայուն սիրտը, նրա սերը, երբ նա մեր աչքերի առաջ փակում է Արարատն ու Արագածը, Նորքի այգիները։
Հրազդանի ձորը։ Սա, իհարկե, ժամանակակից ճարտարապետական կառուցապատման ամենալուրջ հարցերից է, որ մեզ մոտ մոռացվում է։ Երևան անունը տալիս և լսելիս մենք հուզվում, ոգևորվում ենք, բայց գործնականում մոռանում նրան բնորոշող հրաշալիքները և, անհատական շահերով տարված, ծածկում այդ տեսարանները, կառուցապատում այնտեղ, որտեղ դա անթույլատրելի է։
Առավել վատ ենք վերաբերվում մեր բնությանը մայրաքաղաքից դուրս։
Ահա Ղափանը, որի թագն է Խուստուփի եռագագաթը։ Եվ փակել ենք նրա տեսարանը, ու էլի անվերադարձ։ Ո՞վ է փակել. ճարտարապետը։ Ստիպել են այնտեղ շենք կառուցել։ Պետք է պայքարել, բողոքել։ Ճարտարապետի աչքը պետք է լինի ամենուր։ Մեր գյուղերն աննախընթաց թափով կառուցապատվում են նոր շենքերով և հատկապես քարե շատ լավ տներով։ Սա անշուշտ բարեկեցության նշան է, որ չափազանց ուրախացնում է մեզ։ Բայց քիչ չեն այն տները, ուր անիմաստ շռայլություն է թույլ տրվում, և այն տգեղ, անտրամաբանական շենքերը, ուր չի զգացվում հոգատար ճարտարապետի օգնությունը։
Մենք հսկայական գործարաններ ենք կառուցում մեր փոքրիկ երկրում, ահռելի տարածություններ զբաղեցնում այն դեպքում, երբ մի քանի անգամ ավելի քիչ հող կարող ենք օգտագործել այդ գործարանի համար, եթե չօգտագործենք այն տիպային նախագծերը, որոնք մի հարկանի են նախատեսում այդ շինությունները։
Գինու գործարան ենք կառուցում խաղողի այգիների տեղում, որտեղից հումք ենք ստանում։ Իսկ եթե դա լիներ մի քանի հարկանի, ապա խաղողը կփրկվեր ոչնչացումից։ Մի՞թե լիմոնադի կամ հացի գործարանները չեն կարող լինել 3-4 հարկանի։ Ու մենք անխնա շռայլում ենք հողերը, շռայլում և՛ քաղաքներում, և՛ Լոռվա ու Դիլիջանի այնքան թանկարժեք վայրերում։
Էլ ո՞ր օրվա համար են տեխնիկան, շինարարական հզոր արդյունաբերությունը, ինդուստրացման ժամանակակից հնարավորությունները։
Մեզ անհանգստացնող հարցեր շատ կան, որոնց մեջ մենք՝ ճարտարապետներս, նույնպես շատ մեղավոր ենք։
Եղեռնին նվիրված ճարտարապետական կոթողների նախագծերի ցուցահանդեսը խիստ նշանակալից էր այս առումով։ Մեր երիտասարդության մի մասը լավ չի պատկերացնում իր դերը հայ մշակույթի մեջ։ Այս ցուցահանդեսում կային այնպիսի աշխատանքեր, որոնք ոչ մի կապ չունեին եղեռնի համազգային ողբերգության գաղափարի հետ։ Այս իսկ տեսակետից լրիվ բավարար չէ և այն նախագիծը, որով այժմ իրականացվում է եղեռնին նվիրված հուշարձանը։ Պետք է պարզ ասել, դրա պատճառն այն ոչ ճիշտ մեկնաբանումն է, որ դրված էր մրցանակաբաշխության պայմանների մեջ։
Այստեղ շեշտը դրված է հիմնական մտքից հեռացող ինչ-որ ցնծության, բարձր տրամադրության վրա։ Եվ հիմա մտածում եմ. իսկ ի՞նչ պիտի արտահայտի այն հուշարձանը, որ նվիրվելու է Հայաստանում սովետական կարգերի հաստատմանը։ Մի՞թե այստեղ չէ, որ պետք է ամենայն ոգևորությամբ նշվի հայ ժողովրդի դարավոր արյունահեղ պատմությունից ելած նոր Հայաստանը։ Կարծում եմ, որ ամեն ինչ իր անունով պետք է կոչվի, սուգը սուգ է, ցնծությունը՝ ցնծություն։
Ցավալի կողմեր շատ ունենք։ Ամենակարևորը մեր ճարտարապետության ինքնատիպության պահպանման հարցն է։
Անկասկած, սա դժվարագույն հարցն է արդի ճարտարապետության մեջ, բայց հենց այդ դժվարահաղթ խնդիրն էլ պահանջում է ոչ թե նահանջել և անձնատուր լինել մոդային, այլ քրտնաջան աշխատել, պայքարել և ազնվորեն ձգտել այդ մեծ խնդրի լուծմանը։

 

Կիսվել