ԽՈՐԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻՆ

Հեղինակ: 
Մելանյա Բադալյան
Ամսաթիվ: 
Շաբաթ, June 20, 2009

Կարծիքը, թե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, ինչ-որ տեղ թվում է չափազանցված, երբ համեմատությունը երկու արվեստների օգտագործած նյութի միջեւ էՙ ամենաաննյութեղենիՙ հնչյունի պարագայում եւ կոպիտ նյութի (քար, փայտ, մետաղ)ՙ ճարտարապետության: Սակայն բավական է հայացքդ մտովի թափառի աշխարհի միջօրեականներով ու ժանեկազարդ, ճերմակ քարի հարսնազգեստով բազում քաղաքներ քարեղեն սիմֆոնիա կհնչեցնեն ներսումդ:
Քաղաքը, որտեղ ապրում ենք, այդպիսին չէ, իհարկե: Երեւանը նրբագեղ ճարտարապետությամբ աչքի չի ընկնում, ոչ էլ գեղազարդարանքներով է հարուստ: Նրա յուրահատուկ հմայքը թամանյանական ձեռագրից ստացած տուֆակերտ տաք նկարագիրն էՙ զուսպ, պարզ, համաչափ գծագրումներով, չափումներովՙ այժմ, ավաղ, խախտված: Թամանյանական արվեստի ժառանգորդն ու նրա ճարտարապետական մտածողության շարունակողը Ռաֆայել Իսրայելյանն էր, որն իր գործը սկսեց ճիշտ այն ժամանակ, երբ մեծն Թամանյանը հեռացավ կյանքից: XX դարասկզբի հայ իրականության այս երկու ճարտարապետները նշանակալի վաստակ ունեցան մեր նոր կյանքը սկզբնավորելու, կառուցելու գործում:
Մենք շատ սակավ ենք անդրադառնում մեր ամենօրյա կյանքի մաս դարձած հուշարձաններին, կոթողներին, շինություններին ու դրանց հեղինակներին, նրանք տարիներով այսպես սահում են մեր անուշադիր հայացքի ներքո, ո՛չ խոհ, ո՛չ զգացում արթնացնում: Բայց ահա թերթում ես ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյանի «Ռաֆայել Իսրայելյան» պատկերագիրքը, ու ամեն բացվող էջ մի նոր անակնկալ, գեղեցկության մի այնպիսի հրճվանք է պատճառում, որ թվում է հայացքդ առաջին անգամ է դիպչում քարեղեն այս գեղեցկություններին, տեսնում մինչ այդ չնկատածը: Ռ. Իսրայելյանի մտահղացումները սփռված երկրով մեկ, այստեղ ամբողջացել ու ներկայանում են գեղագիտական առանձնահատկություններով, ողջ հմայքով: Գիրքը, իրապես, հրաշալի նվեր է հայ մարդունՙ իր քաղաքը, երկիրը վերստին զգալու ու ճանաչելու եւ հեղինակի խոսքերովՙ հուշարձան Ռաֆայել Իսրայելյանի 100-ամյակին նվիրված:
Իսրայելյանի ազգային մտածողության ճարտարապետական արտահայտությունները, թեեւ ոճական մեկ ընդհանրության մեջ, իրենց ներքին բովանդակությամբ շատ տարբեր են: Նա հրաշալի է մարմնավորում, քարի պինդ դիմադրության մեջ «տեղավորում» գաղափարական ամենատարբեր բնույթի հղացքներ: Նրա մոնումենտալ կոթողները հերոսապատում դրվագներ են անցյալի, դրանց բնորոշ հաստատուն ձեւերով ու առնականությամբ: Ահավասիկ Սարդարապատի հուշահամալիրը կամ Ապարանի «Վերածնունդը»ՙ ոգու վերսլաց կամքի հաղթանակը մարմնավորող, խարակտերային են մեծ ճանապարհներին նրա «առանձին-մենակ» կերպարներըՙ «Գեղարդի առյուծը», «Արծիվ շինարարը», Երեւանի հյուսիսային մուտքի կարմրավուն քարի մակերեսին քանդակված Վահագն վիշապաքաղը, Գառնիի ճանապարհին Արարատ լեռան ֆոնինՙ Արարատի կամարը, Ջերմուկի սլացող եղնիկըՙ համահունչ տեղանքի անձեռակերտ ճարտարապետությանը:
Իսրայելյանը հրաշալի է գիտակցել ճարտարապետական որեւէ հորինվածքի հաջողության գլխավոր գաղտնիքըՙ ներդաշնակությունը տվյալ միջավայրին, դա բնության մեջ, բաց տարածքում կլիներ, թե քաղաքային միջավայրում, որը նա հրաշալի իրագործել է: Իսկ ճարտարապետական գրեթե բոլոր ձեւերը լրացվում են նրբաոճ, գեղաքանդակային առանձին դետալներով: Յուրաքանչյուր դրվագ իր ճշգրիտ տեղումՙ իմաստավորված ու արդարացված:
Գիրք-հուշարձանՙ Ռաֆայել Իսրայելյանին
Պատկերագրքում Ռ. Իսրայելյանը ներկայացված է ստեղծագործական բազմազանությամբ, ամենատարբեր դրսեւորումներովՙ որպես հայ ճարտարապետական ավանդույթների եւ միջազգային փորձի լավագույն համադրող, որպես արվեստի տեսաբան, գեղագետ, որպես մարդ, քաղաքացի: «Անսահման օժտված էր ու ինքնատիպ. նրա մեջ միաձույլ էին ճարտարապետն ու մարդը, ճարտարապետն ու արվեստագետը, նկարիչն ու քաղաքացին»:
Լոլա Դոլուխանյանը Ռաֆայել Իսրայելյանի ուսանողն է եղել: Հետագայում նրան բախտ էր վիճակվելու մտերմանալ ճարտարապետի ու նրա ընտանիքի հետ, իսկ ավելի ուշ դառնալ Իսրայելյանի ժառանգության ուսումնասիրողն ու հետազոտողը, ուսուցչի մասին մենագրության հեղինակողը: Այժմ նա աշխատում է ԳԱԱ արվեստի ինստիտուտում, հեղինակ է մի շարք մենագրությունների, մասնագիտական ուսումնասիրությունների: Առաջին մենագրությունը բավական բարդ ու աշխատատար է եղել: Շուրջ երեք տասնամյակ աշխատել է արխիվային նյութերի վրա եւ ամբողջական նկարագրել 20-ական թվականների հայ ճարտարապետությունըՙ վերհանելով մինչ այդ անհայտ մնացած շերտեր: Նյութը այնքանով էր բարդ, որ անմիջականորեն առնչվում էր այն ճարտարապետներին, որոնք 30-ականների զոհեր էին, հալածվել, աքսորվել կամ գնդակարհարվել էին եւ նրանց մասին խոսել, առավել եւս ուսումնասիրություն գրելը վտանգավոր էր: Հետագայում նա անդրադարձավ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունու ճարտարապետությանըՙ 1986-ին տպագրելով մի գրքույկ: Եվս մեկ մենագրություն Նիկողայոս Բունիաթյանի մասին լույս տեսավ 1990-ականներին: «Սեւան» հյուրանոցը, որի հեղինակը Ն. Բունիաթյանն է, այժմ գոյություն չունի, ցավոք: Նրա մյուսՙ ոճապես խիստ տարբեր «Երեւան» հյուրանոցը, բարեբախտորեն, վերանորոգված ու արդիականացված, համարվում է քաղաքի լավագույններից մեկը:
Արմատներով բնիկ երեւանցի (Լ. Դոլուխանյանի նախնիները Պարսկաստանից Երեւան ներգաղթել են 1829 թվականին) նա ամուր թելերով կապված է եղել քաղաքինՙ մշտապես զգայուն եւ ուշադիր նրա յուրաքանչյուր փոփոխություններին, եղել է Երեւանի պատմական ճարտարապետությանՙ հուշարձանների, եկեղեցիների, հին շինությունների պահպանման ջատագովներից: Նրա տարբեր տարիների բազմաթիվ հրապարակումներ ու հոդվածներ Երեւանի ճարտարապետական ժառանգության, մնայուն արժեքների պահպանմանն են վերաբերել:
Ռաֆայել Իսրայելյանի մասին այս ուսումնասիրությունը հեղինակը ձեռնարկել է քսան տարի առաջՙ «Սովետական գրող» հրատարակչության պատվերով: Գրքի հրատարակությունը կանխվեց խորհրդային համակարգի փլուզման տարիներին հրատարակչության կազմաքանդման պատճառով: Հովանավոր գտնելու մի քանի ապարդյուն փորձերից հետո հեղինակի որդինՙ ճարտարապետ Ավիկ Էլոյանը ստանձնեց գրքի ֆինանսավորման մի զգալի մաս, իսկ մի որոշ մաս տրամադրվեց Ռաֆայել Իսրայելյանի 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի որոշմամբ: Գիրքը երեք լեզուներովՙ հայերեն, ռուսերեն, անգլերեն, տպագրվեց 2008-ին, «Տիգրան Մեծ» տպագրատանը, պետպատվերի շրջանակում:
Անցյալ քսան տարիների ընթացքում հեղինակը բազմիցս անդրադարձել է տեքստին, վերանայել, մշակումների ենթարկել. «Դա մեծ պատասխանատվություն էր. այդպիսի ճարտարապետի մասին պետք է մեծ պատասխանատվությամբ գրել: Նա սովորական մարդ չէր, կամ ճարտարապետ: Նա երեւույթ էր մեր կյանքում»: Լոլա Դոլուխանյանը բարեխիղճ մասնագետի հետեւողականությամբ է ուսումնասիրել Իսրայելյանի արխիվը, ժամանակի մամուլում լույս տեսած նրա տեսական հոդվածները:
Գիրքը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Առաջին հատվածում ներկայացվում է Իսրայելյանի ճարտարապետության ընդհանուր բնութագիրը, առանձնահատկությունները, մեթոդները, սիմվոլային համակարգը, առանձին դետալներ, դրվագներ: Հեղինակը Իսրայելյանին համարում է հուշարձանների եւ փոքր ճարտարապետական ձեւերի վարպետ. «Նրա էսքիզներով ձեւավորված բազմաթիվ զբոսայգիներ, կոթողներ, տապանաքարեր, աղբյուրներ համարվում են ճարտարապետական մանրապատկերներՙ վիրտուոզ, դեկորատիվ մշակումով» :
Գրքի մյուս բաժնում առավել հանգամանալի անդրադարձներ են արված առանձին գործերին. սկիզբը «Արարատ» տրեստի գինու մառաններն են, հասարակական եւ բնակելի շենքերը, որտեղ նա ձգտել է ստեղծել «գեղարվեստորեն բարձրարժեք բնակելի միջավայր», եկեղեցական կառույցները, «Հաղթանակի» հուշակոթողը, ապա եւ հաջորդում են 60-ականների խորհրդային գաղափարական տեղաշարժերի գեղագիտական դրսեւորումների իսրայելանական արտահայտություններըՙ Ապարանի «Վերածնունդ», Նոր Հաճընի, Մուսա լեռան հուշարձանները, 1915-ի ցեղասպանության զոհերի խաչքարերով հուշարձանը: Առանձին ներկայացված են Վարպետի այսպես ասած ժողովրդական ստեղծագործություններըՙ աղբյուր-հուշարձանները Արզնիում, Փարաքարում, Բյուրականում, Կաթնաղբյուրում եւ Ռ. Իսրայելյանի ստեղծագործական պսակՙ Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրը (1968-1970). «Հուշարձանի էմոցիոնալ ընկալմանը մասնակից է ինքըՙ բնությունը: Ճարտարապետությունը ներծծված է վեհությամբ»:
Լոլա Դոլուխանյանի հետ զրուցելիսՙ տեղեկացանք Իսրայելյանի չիրականացված երկու այլ նախագծերի մասին. Մոսկվայում թանգարանի մրցութային նախագծի համար նախապես պատվիրված նշանավոր վեց ճարտարապետների մեջ էր նաեւ Ռաֆայել Իսրայելյանը, որի աշխատանքը համարվել է լավագույններից. դա մերժվեց, սակայն, ազգային տարրերի ընդգծվածության պատճառով: Իսկ «Հաղթանակի կամարը», որը նախատեսված էր կառուցել նախկին Կարմիր բանակի փողոցի (այժմՙ Գր. Լուսավորիչ) սկզբնամասում (հայ մարտիկները պատերազմից հաղթանակած պիտի տուն դառնային այդ կամարի տակով), չիրականացվեց, որի փոխարեն կառուցվեց «Հաղթանակի» հուշարձանը. ճարտարապետի որդին «Կամարի» նախագիծը հետագայում իրագործեց «Հաղթանակ» զբոսայգու մուտքին:
Գրքի հեղինակը սիրով է խոսում Ռ. Իսրայելյանի բոլորՙ մեծ ու փոքր աշխատանքների, նաեւ կերամիկական, անգամ կիրառական արվեստի մասինՙ ափսեներ, գինու կարասներ, ոսկերչական իրերի էսքիզներ,գրքի ձեւավորումներ:
Պատկերագիրքը լույս է տեսել սահմանափակ տպաքանակով. մի քանի հատ անձնական միջոցներով տարածվել է ամերիկյան (Չիկագո, Սան Ֆրանցիսկո, Ֆրեզնո) ճարտարապետական միջավայրում եւ հրաշազի արձագանքներ ունեցել. «Ես կարծեմ հասա իմ նպատակինՙ ժամանակակից հայ ճարտարապետությունը դուրս բերել միջազգային ասպարեզ պատշաճ մակարդակով: Իսրայելյանն այն ճարտարապետն է, որին մենք հպարտորեն կարող ենք ներկայացնել որեւէ երկրում, անգամ Երեւանը չտեսած մարդիկ նրան դասում են միջազգային ճարտարապետների շարքում»: Լոլա Դուլուխանյանը նկատի ունի մասնավորապես Մեյնշտատի նահանգից նշանավոր ճարտարապետ Ռոք Կայվանոյի հետեւյալ կարծիքը գրքի մասին. «Սա մի հրաշալի աշխատություն է, որը ներկայացնում է տաղանդավոր եւ արգասաբեր վարպետ-շինարարի ստեղծագործությունը: Լուսանկարներն ու գծանկարները (գրաֆիկա) գեղեցիկ են, իսկ շարադրանքըՙ հրապուրիչ: Սա գիրք է, որին կանդրադառնամ բազմիցս:
Ռաֆայել Իսրայելյանն արվեստագետ է, որի գործերը հզոր են, նրբաճաշակ եւ հիանալի, ինչպես հայկական մշակույթը, որ նա վեհացնում է:
Լոլա Դոլուխանյանի հրաշալի աշխատությունը մեծարում է ճարտարապետինՙ նրա ստեղծագործությունների անկրկնելի պատկերների ներկայացմամբ եւ նկարագրական հակիրճ տեքստով: Այն օգնում է մեզ գնահատել արվեստագետի մտահղացումներն ու ճարտարապետական աշխատանքների նրբագեղությունը սկետչով, քարե արձաններով, դեկորատիվ թեմաներով, ինչպես նաեւ Ապարանի հզոր հուշակոթողով եւ Սարդարապատի հուշահամալիրով:
Սա որոնված գիրք է 20-րդ դարի մեծագույն ճարտարապետներից մեկի մասին»:
Հուշեր
Իր ուսուցչին հեղինակը հիշում է մարդկային ամենապարզ նկարագրով ու կենցաղով: «Ամբողջ կյանքում մնաց արվեստանոցի ղեկավար, երբեք պաշտոնի չձգտեց»: Հուշեր պատմելու մեջ սակավախոս Լոլա Դոլուխանյանը, այնուամենայնիվ, մեկ-երկու դեպք հիշեց:
«Իսրայելյանը Սովետական Միության այն եզակի ճարտարապետներից էր, որին շնորհվեց ժողովրդական ճարտարապետի կոչում: Նա Մոսկվա մեկնեց այն ժամանակվա Հայաստանի ճարտարապետների միության նախագահ, իր մտերիմ ընկեր Վարազդատ Հարությունյանի հետ: Հանդիսավոր արարողության ժամանակ, Համագումարների պալատում նստել է առաջին շարքում: Քիչ անց մոտեցել է ադմինիստրատորը, ասել, որ դա ճարտարապետների տեղն է: Իսրայելյանը վեր է կացել, ասելով, թե ինքն էլ է ուզում ճարտարապետ դառնալ: Կոսիգինի աթոռին է նստած եղել:
Վարազդատ Հարությունյանը պատմում է, որ կնոջ հետ մի կերպ համոզել են, որ փողկապ կապի, բայց վերջին պահինՙ բեմ բարձրանալիս հանել է փողկապն ու դրել գրպանը»:
Հայացք նորօրյա Երեւանին
Որպես դասական ճարտարապետության ավանդույթների կրողՙ Ռաֆայել Իսրայելյանն անցյալի ամեն փորձ, ինչպես եւ բնորոշ է մեծ վարպետներին, կիրառում էր ժամանակի առաջադրած մտածողությանը, ուղղություններին համաշունչ, այնպես, երբ հինը տրանսֆորմացվում, արդիականանում է կառույցի գեղագիտական ու ֆունկցիոնալ շերտերի համաչափությամբ:
Մենք կանգնած ենք նոր քաղաքակրթության շեմինՙ ընդունելի եւ մերժելի շերտերով: Հետաքրքրական է, թե մեր անցյալի մեծերն ի՞նչ հայացք կնետեին այսօրվա Երեւանին:
Մեր կարծիքով, Երեւանըՙ որքան էլ մի քանի հաջողված նորակառույցների, ճարտարապետորեն կորցրել է նախկին համաչափությունը. այս հախուռն շինարարությունըՙ կամայական ձեւերի ու ոճերի հակադրությունները, քաղաքային ընդհանուր համապատկեր, անհրաժեշտ միջավայր չեն գոյացնում, անգամ դրանցից ամենից ամբողջականըՙ Հյուսիսային պողոտան: Այս մտահոգություններին մեր հյուրըՙ ճարտարապետ Լոլա Դոլուխանյանն այսպես արձագանքեց. «Իհարկե, լավ կլիներ, որ քաղաքը մնար այն մասշտաբի մեջ, ինչ Թամանյանն էր հանձնարարել, գոնե քաղաքի կենտրոնը: Այդ բարձրությունները փոխեցին քաղաքի մասշտաբը, ոճը, քաղաքի ողջ տեսքը: 40-50-ականների կառուցապատումըՙ 4-5 հարկանի տներով, ազգային ոճով էր արված, տուֆի գույնը քաղաքին կոլորիտ էր հաղորդում: Բացի այդ երկու վիթխարի շենքերըՙ օպերային թատրոնը եւ կառավարության տունը, այնպիսի շեշտադրումներ էին քաղաքում, որ չէր կարելի այդ ներդաշնակությունը խախտել:
Անթույլատրելի է օպերայի շրջակա սրճարանների կառուցապատումը: Օպերային թատրոնի դիմացի այգին նույնպես թանգարանային արժեք է, մի՞թե միայն շենքերը կարող են հուշարձան դառնալ: Այդ մասին ակադեմիկոս Լիխաչովը հրաշալի է գրել: Պետերբուրգցիները, օրինակ, իրենց այգիները այնպե՜ս սրբորեն, խնամքով են պահում: Ամառային այգին գարնան գալուն պես փակվում է ժամանակավորապես, որ մարդիկ չքայլեն, չփչացնեն ավազը: Ոչ մեկի մտքով չի անցնի որեւէ այգում սրճարան կառուցել, որովհետեւ դա նշանակում է չհարգել քաղաքի պատմությունը. այդպես կարող են վարվել նրանք, ովքեր ոչ մի արմատ քաղաքում չունեն:
Օպերայի դիմացի այգին Թամանյանն է հիմնադրել: Այդ այգին հուշարձան էր: Ես հիշում եմ պատերազմի տարիները. օրական երկու անգամ այգին ջրվում էր, մշակվում, խնամվում, պահպանվում էր, ի՜նչ բուրմունք կար, ծաղիկներ եւ դաՙ պատերազմի տարիներին, երբ շատ սուղ էր այգեպան պահելը: Երեւանցիների սիրած զբոսավայրն էր այդ այգին. ավանդույթ կար քաղաքում:
Շենքի մյուս կողմից, ֆիլհարմոնիայի դիմաց Թամանյանը նախագծել էր եւս մեկ այգի, որ հին, անտիկ քանդակներով, շատրվաններով պետք է զարդարվեր, բայց չիրականացավ. նոր ժամանակները պահանջում էին քաղաքաշինական նոր լուծումներ»:
«Լույսը գրելու» վարպետը
Պատկերագրքի երկրորդ հեղինակը լուսանկարիչ Պողոս Պողոսյանն է, որի 100-ից ավելի աշխատանքներ շատ համահունչ զուգակցվում են տեքստին: Գիրքն անկասկած շահել է Իսրայելյանի բարձրարվեստ ճարտարապետությանը համարժեք լուսանկարչական նույնքան բարձրարվեստ ներկայացմամբ: Պողոս Պողոսյանն աշխատել է արտակարգ նուրբ զգացողությամբ. նա բազմաթիվ անգամներ եղել է յուրաքանչյուր գործի մոտՙ առավոտ ծեգից մինչ ուշ երեկո, ինչպես ինքն է ասում, արեւի լույսի հետ խաղացել է, հետեւել, թե որ պահին, որ հատվածը ինչպես, ինչ ցայտունությամբ է երեւումՙ «ճիշտ լույսը գտնելու համար»: «Լուսանկարելը դա լույսը գտնել է», ասում է:
Եվ նա գտել է լույսը մեծ վարպետությամբՙ ուշադիր թերթելով դրա ամեն շարժը, վերարտադրել լույսի խաղի, ցոլքի մեջ խայտացող իսրայելյանական քարի շերտերը, կարդացել դրանց լուռ մտքերը, նրանց ներքին ջերմությունը, ռիթմը:
«Դժվար է ճարտարապետությունը լուսանկարել: Ճարտարապետությունը պետք է շատ լավ զգալՙ ճիշտ հատվածը ճիշտ ռակուրսով մատուցել կարողանալու համար: Պողոսը նկատել է այն, ինչ անհրաժեշտ էր: Ապարանի հուշակոթողը նա ներկայացրել է իբրեւ մի երգեհոն, այնպես, ինչպես ես իմ տեքստում եմ գրել, որ դա պոլիֆոնիկ գործ է, երաժշտություն, որ ինչպես երգեհոն է բարձրանում: Պողոսը առանց այդ տեքստին ծանոթ լինելու, հենց այդպես էլ ներկայացրել է: Այդպես զգացել է նա բոլոր դրվագները, վարդակները, դրանց խորությունը, վիրտուոզ հայ վարպետների ձեռագիրը»:
Աշխատանքների արտակարգ հաջողությունը պայմանավորված է այն սիրով ու խորին հարգանքով, որ ունի լուսանկարիչը Վարպետի հանդեպ: Իսկ շարժառիթը մի զգայուն պատմություն է, որ նույնպես նշանակություն ունեցել է եւ շրջանցել, կարծում ենք, պետք չէ. «Շատ զբաղված օրեր էին. խոստացա 2-3 գործ անել, ավելին չէի կարող: Իսրայելյանի տանն էինք, գնացել էինք նախագծեր նայելու, ես պետք է ընտրեի, թե որը տեխնիկապես ավելի լավ կերեւա: Խոսակցության ընթացքում Իսրայելյանի որդու կինն ասաց, որ ուզում են քանդել այդ տունը: Երբ հարցրել է, թե հնարավո՞ր է, որ իրենք այդ շենքից բնակարան ստանան, նրան պատասխանել ենՙ ի՞նչ եք ասում, սա էլիտար շենք է լինելու, այստեղ էլիտար մարդիկ պիտի ապրեն: Ուրեմն Իսրայելյանի ընտանի՞քը... Շունչս կտրվեց: Ասիՙ Լոլա, դուրս գանք: Դուրս եկանք: Որոշեցի, որ պիտի օգնեմ իրեն» :
Այստեղ դադար է պետք տալ, ինչպես մեր զրույցի ժամանակ եղավ: Լուսանկարչական օբյեկտիվ, ափսո՜ս, չկար. հուզմունքը ազդեցիկ էր, պահըՙ գեղեցիկ... բառերըՙ քիչ:
... Լուսանկարիչ Պողոս Պողոսյանն աշխատում է բնօրինակին ամենայն հարազատության սկզբունքով, գործը ոչ այնքան ուսումնասիրում, որքան փորձում է զգալ հեղինակին, գործը հասկանալ նրա հայացքով: Այդպես են արված գրքի գրեթե բոլոր լուսանկարներըՙ լույսի հրաշալի զգացողությամբ, պատկերումովՙ աղբյուր-հուշարձանը օղակաձեւ զբոսայգում, «Վերածնունդ» կոթողըՙ խավարը ճեղքող քարի բարձրացող դիմադրությամբ, թիկունքիցՙ լուսնի խորհրդավոր արտափայլը, Նոր Հաճըն ավանի հուշարձանը, Սարդարապատի զանգակատունը, արծիվները, Գեղարդի առյուծը, «Հաղթանակ» հուշակոթողի թանգարանային ներհարդարանքները, թանգարանի կամարաձեւ շքամուտքըՙ պսակված 19 վարդակներով- հայ քարագործ վարպետների ոսկերչական աշխատանք, որոնցից յուրաքանչյուրը լուսանկարված են առանձին-առանձին: Խաղողի ողկույզը, գինու կարասները, նռները... Բոլորը հրաշալի են:
«Սարդարապատի թանգարանը հեռվից արդեն հրապուրում է: Քանի մոտենում եսՙ աչքիդ առաջ բերդաքաղաք է երեւում: Օրեր շարունակ պտտվել եմ չորս բոլորը: Ունի մի մուտք եւ մի ետնամուտք, ինչպես մեր բոլոր բերդերը: Ներսում բերդաքաղաքին բնորոշ առանձին սենյակներ են:
Ուզում եմ հատկապես ընդգծել թանգարանի ճանապարհին կառուցած «Վարդավառ» սեղանատունը: Մտածում էի, թե ինչպես է այս ամայի տեղում սեղանատուն դրել: Առաջին անգամ էի մտնում ու ի՜նչ տեսնեմՙ եկեղեցի է: Դուրս եկա, սկսեցի չորս կողմը պտտվել: Նույն Արարատի գմբեթները. այդ մարդը Արարատի մեջ է եկեղեցին տեսել: Գրքում էլ այդպես էՙ Արարատի եւ սեղանատան գմբեթները զուգահեռ են տրված: Ինչպե՜ս է Իսրայելյանն այս գծերը ստացել. ոչ մի ուրիշ մարդ դա չէր տեսնի», պատմում է լուսանկարիչը: Շատ ցավում եմ, որ անձամբ ծանոթ չեմ եղել Իսրայելյանին: Շնորհակալ եմ, որ վստահեցին ինձ»:
***
Լսում եմ, ու ինձ թվում է, որ այդ վերջին խոսքերը այնքան էլ այդպես չեն, որ նրանք վաղուց, շա՜տ վաղուց ոչ թե լոկ ծանոթ, այլ մտերիմներ են եղել, այլապես նման հաղորդակցությունՙ քարը, որքան էլ արվեստի խորհրդավոր լեզվով, չէր կարող կայացնել: Սա ստեղծագործ հոգիների հարազատությանՙ մեզ անհայտ, հեռավոր տեղերից եկող գաղտնիքներից է...

 

Կիսվել