Ռ. Իսրայելյանի տունը Սարյան փողոցի վրա

Նախկինում այստեղ Մոսկովյան փողոցն է եղել: Սակայն իրականում դա փողոց չէր` այլ մի փոքր թաղամաս իր ուրույն կենցաղով: Կենտրոնով հոսում էր ջրանցքը, որի ափին փոքր տնակներ էին` թաղված այգիների մեջ: Աճում էին ընկույզի և թթի հսկս ծառեր: Այս թաղում շատ էին Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքները` իրենց ուրույն նիստ ու կացով: Բնակվում էին նաև ճանաչված արվեստագետներ՝ Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը, Օգսեն Ասատրյանը, Սլավիկ և Հայկանուշ Պարոնյանները, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը: Քիչ այն կողմ՝ Մոսկովյան և Գնունի փողոցների անկյունում նկարիչների շենքն էր, որտեղ ապրում էին Բաբկեն Քոլոզյանը, Աշոտ Միրզոյանը, Ալեքսանդր Շաքարյանը, Կարո Տիրատուրյանը…
Մարտիրոս Սարյանի հարևանությամբ բնակվել է շնորհաշատ նկարիչ Տաճատ Խաչվանքյանը՝ հայտնի ճարտարապետ, տեսաբան Կ. Բալյանի պապը, որը զոհ գնաց խորհրդային ռեպրեսիաներին: Նա տեխնիկական խմբագրի մասնագիտություն ստացած միակ պրոֆեսիոնալ նկարիչն էր, որին Եղիշե Չարենցը հրավիրել էր Պետական Հրատարակչությունում աշխատելու:
Այստեղ էր հանգրվանել նաև ներկայում դոկտոր, պրոֆեսոր, Ակադեմիայի թղթակից անդամ Հայրո Մեսրոպի Գալստյանի բազմանդամ ընտանիքը:
Բնակիչների միջև իշխում էին բարի հարաբերությունները, թեև բոլորը տարբեր տեղերից էին հավաքվել: Սրա վառ վկայություններից է, թեկուզ այն, որ Իսրայելյանների և Ասատրյանների բակերի միջև գտնվող պայմանական ցանկապատը նույնիսկ դուռ չուներ, դրա անհրաժեշտությունը չկար, մեկ ընտանիքի նման էին ապրում: Միայն մեկը կար, որի մասին չարժե հիշել, նա անընդհատ սպառնում էր Իսրայելյանին, որ ուր որ հարկն է կհայտնի, որ նա Ակսել Բակունցից նամակ է ստացել:
Ռ. իսրայելյանը Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո անմիջապես 1936 թվականին է եկել Երևան: Սկզբում կառուցել է տան մեկ սենյակը, հետո` երբ Հաղթանակի մոնումենտի համար առաջին մրցանակին է արժացել, կառուցել է երկհարկանի տուն` այգիով: Ըստ որում, այգում առաջին ծառերը, որ տնկել է, բարդիներն են եղել: Տունն, իհարկե միանգամից չի կառուցվել, դրա հնարավորությունը չի եղել: Այս մասին է վկայում բակի դրսի պատը, որն ուներ շրջանաձև զարդաշար. շրջանակների միջև քանդակված էին իր և իր տիկնոջ անունները` տառ առ տառ և նշված էր պատի կառուցման տարեթիվը` 1954: Առաջին հարկում նախասենյակն էր, ապա նեղ երկար միջանցքը տանում էր դեպի հյուրասենյակ, մի քանի կից սենյակներով, մուտքով դեպի նկուղային տարածությունը:
Փայտե աստիճանները բարձրանում էին երկրորդ հարկ, ուր նրա արվեստանոցն էր և ննջասենյակը: Իր աշխատասենյակում դրված էր մեծ աշխատասեղանը, սուրճի կլոր սեղանը` չորս բազկաթոռներով: Մեկ պատի ամբողջ երկայնքով ցածր գրապահարան, պատերին՝ դարակներ, հնագիտական խեցեղեն առարկաների և պղնձե առարկաների համար: Պատերին՝ նկարներ, էսքիզներ, նախագծեր: Պղնձե առարկաները նա 1950-ական թվականներին գնել էր շուկայում` մետաղե առարկաների հանձնման կետում, որտեղից տանում էին ձուլելու և փաստորեն, մի քանի ընտիր առարկա փրկել է ոչնչացումից:
Իր արվեստացի պատը կառուցելիս Իսրայելյանը մի քարի սալ էր դրել հորիզոնական ուղղությամբ հատուկ նպատակով` Արա Սարգսյանը նրան խոստացել էր Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի քանդակի փոքր օրինակը նվիրել: Եվ իր 50-ամյակի կապակցությամբ նա ստացավ այդ անգին նվերն ու տեղադրեց տարիներ առաջ պատրաստված տեղում: Ի դեպ, նա Վարպետ Մարտիրոս Սարյանից էլ այդ ժամանակ մի հրաշալի բնանկար ստացավ Արարատ լեռան պատկերով: Ընհանրապես իր ավագ և ավելի երիտասարդ ընկերներներից շատ արժեքավոր աշխատանքներ էր ստացել` Հակոբ Կոջոյանից, Բաբկեն Քոլոզյանից, Ցոլակ Ազիզյանից, Խաչատուր Եսայանից, Հովհաննես Զարդարյանից, Օգսեն Ասատրյանից, Հենրիկ Սիրավյանից, Էդմոնդ Զաքարյանից, Խորենացու փոքր չափի քանդակը` Արտաշես Հովսեփյանից:
Պատահական չէ, որ նկարիչ-ճարտարապետի դիպլոմ էր ստացել Իսրայելյանը: Որպես նկարիչ, բացի գունանկարներից ու կիրառական արվեստի իրականացված և որպես էսքիզ մնացած բազմազան նմուշներից, նա ձևավորել էր իր բնակարանի տարբեր մասեը: Նա արտակարգ գեղեցիկ ու զուսպ նախշերով էր զարդարել իր տան պատերի խորշերը: Նրա էսքիզներով էին պատրաստվել իր տան հյուրասենյակի բազկաթոռը, ննջարանի մեծ հայելին` տակի փոքրիկ պահարանով և երկրորդ հարկ տանող կաղնեփայտյա աստիճանների ճաղերը, որոնք երկու կողմերում ոճավորված շուշանաձև մանր նախշեր ունեին, իսկ ամբողջական տեսքով կենաց ծառեր էին հիշեցնում: Իսրայելյանի էսքիզներով էին պատրաստված նաև իր աշխատասեյակի փայտե դարակները` երկու ծայրերում թռչունների պատկերներով: Իսկ դարակների վրա շարված էին նրա սիրելի հնագիտական առարկաները: Ի դեպ, արժե նշել, որ երբ փողոց կառուցելու համար քանդում էին քաղաքի այս հատվածը, մ.թ.ա. առաջին հազարամյակի` ուրարտական ժամանակաշրջանի շատ արժեքավոր նյութեր հայտնաբերվեցին այստեղ: Իր հնագետ ընկերներից կավե ութ առարկա նվեր ստացավ Իսրայելյանը, որոնք գտնվել էին ուղղակի իր տան առջևում փորելիս. հետագայում դրանք իրենց արժանի տեղը գտան Սարդարապատի Ազգագրության թանգարանում:
Իսրայելյանի տան հյուրասենյակը արժանի է առանձնակի հիշատակման: Հյուրասենյակում առկա էր քարակերտ բուխարին, որը առանձնահատուկ ջերմություն էր ստեղծում տան մթնոլորտում: Պատերից մեկը ամբողջությամբ երեսպատված էր կարմրանարնջագույ տուֆ քարով: Պատով մեկ ձգվում էին կախովի դարակները, որոնց վրա շարված էին բազում քարերի տեսակներ, հնագիտական առարկաներ, պատերին կախված էին հայկական բնանկարներ և նատյուրմորտներ:
Բակի քարե պարսպի կողքին, ընկուզենու տակ, սեղան էր դրված ու նստարաններ: Իսրայելյանի ամենասիրած տեղն էր դա: Շատ էր սիրում ընտանիքով, ընկերների, առհասարակ` հյուրերի հետ նստել ընկուզենու տակ մի կուժ գինու կամ թեյի սեղանի շուրջ:
Իսրայելյանի մահվանից հետո պաշտոնական թերթում հրատարակվեց նրա հեղինակած շինությունների` որպես պահպանվող հուշարձանների ցուցակը, որտեղ առաջինը հենց իր կառուցած տունն էր:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1954
Տիպաբանական տեսակ: 
Ներկայիս վիճակը: 
Կիսվել