Հրազդան գետի ակվեդուկը

Ջրանցույցը (ակվեդուկ) ճարտարապետության տիպաբանության մեջ դասվում է արդյունաբերական շինությունների շարքին: Իսրայելյանի նախագծած Հրազդան գետի վրայով անցնող ակվեդուկը (ինժ. Գ. Եղյան) կառուցվել է 1950 թվականին: Իր նշանակությամբ արդյունաբերական այս շինությունը հիացմունք է առաջացնում գեղատեսիլ տեսքով՝ մերվելով տեղանքի բնապատկերին, ասես նրա մի մասը լինի:
Կառույցի նախապատմությունը հետևյալն է.
Քառասնական թվականներին Հայկական ջրային տնտեսությունը Երևանի գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանին է ներկայացնում Հրազդան գետի վրա կառուցվելիք ջրանցույց-կամուրջի նախագիծը, ըստ որի կառույցը երկաթբետոնե հեծանային կառուցվածք ունեցող մի անշուք կառույց պետք է լիներ՝ զուրկ ճարտարապետական և գեղագիտական լուծումից: Նման կառույցով գեղատեսիլ կիրճը «փչացնել» չի թույլատրում Գրիգորյանը և ջրանցույցի նախագծի իրականացումը հանձնարարում է Իսրայելյանին:
Կառուցված է երկաթբետոնե կոնստրուկցիաներով, երեսապատված է կոպտատաշ, հատովի բազալտից, որը նրան հաղորդում է հարուստ ֆակտուրա: Իր մասշտաբով, նկարի կառուցիկությամբ և վարպետորեն գտնված համաչափություններով, մուգ մոխրագույն քարի գույնով, ակվեդուկը սերտաճել է միջավայրի հետ: Ակվեդուկը, տեսականորեն կապելով Հրազդանի կիրճի մյուս շինությունների հետ, Իսրայելյանը բարդ քաղաքաշինական խնդիր է լուծել` հասել է կառույցի և բնության փոխներգործությանը և ստեղծել ամբողջական ճարտարապետական միջավայր:
Հրազդան գետի ակվեդուկը ունի հայ ճարտարապետությանը հարազատ տարրեր, որոնք և կազմում են այս կառույցի հիմնական ձևերը: Հիմնական կամարներն այստեղ խոշոր են, վերնամասում մանր, չընդհատվող կամարաշար կա: Հեղինակը տարրերի նորահնար հարաբերություններով նոր հնչողություն տվեցին ջրատար կամուրջի կերպարին:
Խորհրդային տարիներին «Մասիս» ծխախոտի տուփի ներսի կողմից նկարված էր Իսրայելյանի Ակվեդուկը: Իսրայելյանը ծխում էր հենց այս ծխախոտը և գուցե ամեն անգամ մեծ բավականություն էր ստանում ծխելիս և ծխախոտ հյուրասիրելիս՝ տեսնոլով իր ստեղծագործության պատկերը:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1950
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել