«Արարատ» տրեստի գինու մառանները

Գինու մառանները Իսրայելյանի առաջին մեծ աշխատանքն է, որի կառուցումը սկսվել է 1937 թվականին: Այս հսկայածավալ աշխատանքը Իսրայելյանը սկսել է նախագծել է Գևորգ Քոչարի արվեստանոցում (կոնստրուկտոր՝ Ա. Մարտիրոսյան):
Համալիրը իրականացված է բարդ տեղանքի վրա, Հրազդան գետի զառիվայր ափին, մասամբ Երևանի բերդի երբեմնի տեղակայման վայրում, գրավված 1828 թվականին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ: Այնուհետև այս տարածքում են տեղավորվել Շուստովի գինու մառանները: Հիմնական հորինվածքային մտահաղացումը ձգված, պարփակ, ոչ կանոնավոր բազմանկյուն է:
Հեղինակը այս կառույցի մասին գրել է. «Արարատ» տրեստի գինու մառանների կոմպոզիցիայում կարևորը խուլ պատի մոտիվն է, որ պահանջում էր կապվել Հրազդանի ժայռեղեն ափի հետ: Գլխավոր խնդիրն էր ցույց տալ ամուր մի պատ՝ հարուստ, բայց և այնքան զուսպ իր բովանդակությամբ, որ նա, այնուամենայնիվ, քարաշար պատ լինի և ոչ թե մի այլ բան»:
Շինության մեջ գինին պահպանվում է տակառներում: Ըստ տիպաբանական առանձնահատկությունների և գինու արտադրության տեխնոլոգիայի գինու հասունացման համար պահանջվում է մշտական ջերմաստիճանի, խոնավության և բնական օդափոխության պահպանում: Սովորաբար շենքի տիպաբանական առանձնահատկությունները հանդիսանում են շինության արտաքին կերպարի ձևավորման հիմնական գործոն, բայց Իսրայելյանը, ի հակադրություն, տիպային արդյունաբերական շինարարության պարզունակ և միապաղաղ հորինվածքի, շինությանը հաղորդել է բերդաքապարիսպի տեսք, հիշատակելով Երևանյան բերդի տեղակայումը, ընդգծելով հրազդանյան կիրճի զառիթափը, պատմագեղագիտական ակցենտավորում տալով շրջակա միջավայրին: Կառույցը ընկալվում է շրջակա ողջ միջավայրի, ձորի, կամրջի, շրջակա շինությունների հետ միասնականության մեջ:
Շինությունը ողջ երկայնքով ունի երկմաս վերտիկալ բաժանում՝ զրոյական նիշից վեր են հառնում մեծամասշաբ կամարներ, այնուհետև կամարաշարին հաջորդում է քիվը, որից հետո տեղադրված են լուսամուտները, տանիքը հարթ է (թեք տանիքը ավելացվել է 2000 թվականին, չի նախատեսվել հեղինակի կողմից): Շինության ճակատին առկա են խուլ կամարաշարի տարրեր: Օգտագործված է հռոմեական օրդերը, սակայն Իսրայելյանը վերջինիս մոտեցել է շատ ազատ՝ շեղվելով մոդուլային համակարգի կանոններից: Քիվն արված է անսովոր ձևով, առանց դասական քիվին բնորոշ մոդուլյոնների և ատամիկների, բայց միանգամայն անսպասելի ատամիկներ են արված արխիտրավի տակ: Բոլոր խոյակները անկրկնելի են և կրում են ժողովրդական թեմատիկա: Այս պսևդոսյունաօրդերային համակարգի կիրառումը կատարված է միայն ու միայն հայկական ճարտարապետության ոգով, այն աստիճան, որ գրեթե չեն զգացվում սյունաշարում կիրառված ձևերի բուն ակունքները: Նման մոտեցման կարող ենք ականատես լինել միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարներում, օրինակ Պտղնիի եկեղեցու որմնասյուներում:
Հարթ պատի կամարներից երկուսի արանքում ընկնող տարածությունում Իսրայելյանը իրականացրել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Կոջոյանի պատկերած եղնիկը՝ հարգանքի տուրք մատուցեով նրա ստեղծագործությանն ու անհատին, հարթաքանդակի ներքի մասում գրված է՝ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆԻ ԱՅՍ ԵՂՆԻԿԸ ՔԱՆԴԱԿԵՑԻՆՔ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ»:
Մեկ այլ կամարի ներքևի ձախ անկյունում հարթաքանդակի վրա փորագրված է Այգեկցու առակների աղվեսը, որը չի հասնում խաղողներին:
Կենտրոնական կամարաձև մուտքի վերևում կա ևս մեկ հարթաքանդակ, որի վրա պատկերված է կրկին Վարդան Այգեկցու «Գինի» առակի արքայազնը, որը, չնայած գինի խմելու թագավորի արգելքին, ամեն օր թաս գինի էր խմել և այնքան էր ուժեղացել, որ սպանել էր առյուծին: Մի քիչ շեղվելով բուն նյութից, արժե նշել այն հանգամանքը, որ Իսրայելյանը մեծ գիտակ էր ոչ միայն համաշխարհային գրականության, այլև հայկական ու տարբեր ժողովուրդների բանահյուսության, որ միշտ ուղեկցում էր նրան:
Բացի հարթաքանդակներից Իսրայելյանը շարունակել է պատերին արձանագրություններ իրականացնելու հին հայկական ավանդույթը: Մասնավորապես պատի վրա դեպի ներս փորագրած շրջանակի մեջ հնարավոր է կարդալ՝ «ԱՅՍՏԵՂ 1827 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԵՂԻՆԱԿԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲԵՄԱԴՐՎԵՑ ՌՈՒՍ ՄԵԾ ԳՐՈՂ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐԳԵԵՎԻՉ ԳՐԻԲՈԵԴՈՎԻ «ԽԵԼՔԻՑ ՊԱՏՈՒՀԱՍ» ԱՆՄԱՀ ԿՈՄԵԴԻԱՆ» երկլեզու արձանագրությունը: Սրանից բացի, նույնանման շրջանակի մեջ հանդիպում ենք «ՀԱՅՐԵՆԱՇԵՆ ԱՇԽԱՏԱՎՈՐ՝ ԱՅՍ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՄԲԱՐՈՒՄ Է ՅՈՒՐ ՄԵՋ ԳԻՆԻՆ ՔՈ ՄԱՅՐ ՀՈՂԻ: ԵՐԲ ՎԱՅԵԼԵՍ ԱՅՆ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆԴ ԺԱՄԻՆ ՈՒ ԳՈՎԵՐԳԵՍ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԻԴ ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՀԻՇԻՐ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻՍ: 1956 Թ»:
Միասնական, ձգվող ծավալը ընդատվում է աշտարակով, որի ներքևում էլ տեղադրված է շինության հիմնական մուտքը: Շենքի կառուցումը ճարտարապետի կյանքի օրոք չի ավարտվել: 1970-ականների սկզբին նա գրում է. «... քառորդ դար ընդմիջումից հետո, շարունակում եմ աշխատել «Արարատ» տրեստի մառանների կառուցապատման շարունակության նախագծի վրա: Սա մի անհատնում խոսք է, մի բազմավեպ, որի գործող անձինք անընդհատ փոխվում են, ավելանում, որպեսզի շարունակեն նախորդների արածը, մեծացնենու հարստացնենհայոց գինու հրաշալի ամբարները: Եվահա այդ գործարանը, հետզհետե զարգանալով, պիտի մոտենա իր հիմնական կերպարին, Հրազդանի ժայռապատ ձորի գլխինվեր խոյանա որպես մի հուժկու ժայռակոփ բերդ»:
Շենքի արևմտյան ծայրում 2012 թվականին կառուցվել է նախագծով նախատեսված, բայց չկառուցված վարչական աշտարակը (աշտարակի նախագիծը որաշակի ձևափոխումներով մշակել և կառուցել է ճարտարապետ Ս. Սարդարյանը), որի բարձր և սլացիկ ծավալը Երևանի կենտրոնի այս հատվածի ուրվագծին որոշակի հետաքրքրություն է հաղորդում: Շինության, կրող կոնստրուկցիա հանդիսացող քարե պատերը կոպտատաշ բազալտից են՝ ժայռի մոնոլիտությունը չխախտելու ժայռապարիսպի գեղարվեստական կերպարի ամբողջականություն հաղորդելու համար: Ինչպես և Հաղթանակի Մոնումենտի շինության մեջ, քարի գույնի ընտրությունը կատարված է առանձնակի կարևորմամբ, շենքին բնության շարունակություն, խիստ օրգանականություն հաղորդելու հստակ և վարպետորեն լուծված խնդրի առաջադրմամբ: «Արարատ» տրեստի գինու մառանների շինությունը այն առաջին շենքերից է, որը հանդիպում է թամանյանական Երևան մուտք գործելիս ինչպես Էջմիածնի կողմից մոտենալիս, այնպես էլ օդանավակայանից Երևանի կենտրոն մտնելիս: Իրավամբ հոյակերտ տեսարան է բացվում Հրազդան գետի դիմացի ափից, երբ մոտենալով Հաղթանակի կամրջին դիմացդ են հառնում Իսրայելյանական գինու գործարանը և նույն հեղինակի Սբ. Սարգիս եկեղեցին:

Կենտրոնական ճակատը
Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
2016
Տիպաբանական տեսակ: 
Ներկայիս վիճակը: 
Կիսվել