Կաթողիկոսի «Հայկաշեն» ամառանոցը

Վեհափառ Հայրապետը ծրագրել էր միաբանության անդամների ու հոգևոր ճեմարանի սաների ամառային հանգստի համար մի ամառանոց կառուցել: Երևանից ոչ հեռու, Արագածի հարավային լանջին տեղադրված օդավետ, գեղահայաց ու սառնորակ ջրերով հարուստ Բյուրականը անցյալում ծառայել է որպես հայ կաթողիկոսների ամառանոց: Այստեղ կառուցվելիք ամառանոցի հողամասը, 2.5 հեկտար տարածությամբ, Վեհափառ Հայրապետին տրամադրեց Հայաստանի կառավարությունը նրա ծննդյան 50-ամյակի առթիվ: Սույն հողամասը գտնվում է գյուղից դուրս, մի բարձրադիր տեղում, որտեղից հոյակապ համայնապատկերներ են բացվում դեպի Արարատյան դաշտն ու այն պսակող լեռան ձյունապատ գագաթները:
Հայրապետական ամառանոցի շենքը նախագծեց Ռ. Իսրայելյանը 1968 թվականի դեկտեմբերին: Ներկայացված նախագիծն արժանացավ Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռի ճարտարապետների հանձնաժողովի հավանությանը:
Ճարտարապետի մտահաղացմամբ, Հայկաշեն ամառանոցը երկհարկանի է` աջ թևում վերասլաց աշտարակով: Ձգված լինելով արևելքից արևմուտք` շենքն իր գլխավոր ճակատով ուղղված է դեպի հարավ` Արարատյան դաշտի կողմը: Առաջին հարկի աջ թևում գտնվում է նախասրահը` հետնամասի սանդղքատնով: Նույն նախասրահից ձախ գտնվում են հինգ ննջարանների մուտքերը, որոնց հաջորդում է երկրորդ նախասրահը: Բակի կողմից վերջինիս կից է խոհանոցը, իսկ սրան` ավտոտնակը: Բակի կողմից են նաև սանդուղքները, որոնք տանում են դեպի գետնահարկում տեղավորված կաթսայատունը:
Երկրորդ հարկն ամբողջապես հատկացված է ննջասենյակներին, որոնք ունեն նախամուտքեր և սանիտարական հանգույցներ: Սրանից դեպի ձախ ընկած ընդարձակ դահլիճը ծառայում է որպես հանրակացարան: Երկրորդ հարկից` կամարային բացվածքի վրայով, անցում է կատարվում դեպի աշտարակը և նրա վերնամասում տեղավորված մատուռը: Շենքի առավել կարևոր մասերը` ընդունելությունների դահլիճն ու կից ճաշասրահը, ձևավորված են եկեղեցուն հատուկ ճաշակով, նրանցում ստեղծված է հայաշունչ և մտերմիկ միջավայր:
Ընդանուր առմամբ պարզ լուծված այս շենքի արտաքին ճարտարապետությունը հնչում է արտահայտիչ, շնորհիվ իր ծավալատարածական հետաքրքիր հորինվածքի, որի շեշտը գմբեթով պսակված վերձիգ աշտարակի ծավալն է, ձախակողմյան երկհարկ կամարակապ սրահների, ինչպես նաև ճարտարապետական առանձին մանրամասների նրբին մշակումը:
Ամառանոցի կառուցումը հաջողությամբ իր ավարտին հասցվեց: Նրա շուրջը բարեկարգվեց, ստեղծվեցին ծաղկանոցներ, տնկվեցին դեկորատիվ և պտղատու ծառեր: Ողջ հողամասը ցանկապատվեց` հյուսիսային կողմից քարե պատով, որտեղ և գտնվում է մուտքի գլխավոր դարպասը: Ամառանոցի շինության վրա կան երեք լոջիաներ, որոնք նայում են Արարատ սարին: Հայրապետական այս ամառանոցը կոչվեց Հայկաշեն` ամերիկահայ ազգային բարերար Հայկ Քավուքչյանի անունով: Շենքը կահավորելուց հետո նրա բացումը կատարվեց 1972 թվականին:
Կաթողիկոսական այս նորաստեղծ ամառանոցի նկատմամբ խնամքն ու հոգատարությունը շարունակեցին հետագա տարիներին: Հեզտհետե բարձրացավ բարեկարգման մակարդակը: Տնկած ծառերն սկսեցին պտղաբերել, ծաղկանոցների բուրմունքով լցվեց շրջապատը: Ստեղծվեց բավիղապատ ընդարձակ ու ստվերաշատ մի տաղավար, դառնալով ճեմելու, հանգստանալու, լուռ մտորելու սիրված տեղ:
Հայկաշեն ամառանոցը այդ բոլորի շնորհիվ ձեռք բերեց պատշաճ շուք ու փայլ, դարձավ Վեհափառ Հայրապետի ու նրա պատվարժան հյուրերի` բարձրաստիճան հոգևորականների ու աշխարհականների գործնական ընդունելությունների կազմակերպման և կարճատև հանգստի սիրված հանգրվան, հիրավի մի իսկական առանձնարան, որտեղից ինքն ու իր հյուրերը կարող են հմայվել Արարատյան դաշտի ու Արարատի հավերժորեն ձյունապատ գագաթների համայնապատկերի դյութիչ գեղեցկությամբ:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1971
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել