Սբ. Սարգիս եկեղեցին

Հրազդանի կիրճի ձախափնյա զառիթափի վրա, Երևանի բերդին հանդիման` նրա հյուսիսային կողմից, ձորեզրյա տարածության վրա երբեմն սփռված Ձորագետի կամ Խնկաձորի (Խնկելոց ձոր) անապատը, որի մասն էր կազմում Ս. Սարգիս եկեղեցին, թեմական առաջնորդարանի կենտրոն և կաթողիկոսական իջևանատեղի է եղել: Պարիսպներով շրջապատված նրա ընդարձակ համալիրը պատով անջատված էր հարավային և հյուսիսային մասերից ու բաղկացած էր երեք եկեղեցիներից (Ս. Գևորգ, Ս. Հակոբ, Ս. Սարգիս), Առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, տնտեսական բնույթի կառուցվածքներից, այգուց, բանջարանոցից և այլն:
Ս. Սարգիս եկեղեցու կառուցման թվականը անհայտ է: Այն ավերվել է Երևանի մեծ երկրաշարժի ժամանակ (1679թ. հունիսի 4) ու այնուհետև նույն տեղում վերաշինվել է եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705): 19-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցու վերաշինուրթյունը իրականացվել է Հովհաննես Կարբեցի կաթողիկոսի հրամանով 1835-1842թթ.:
Եկեղեցու այդ շենքն էլ պահպանվել է մինչև 20-րդ դ. կեսերը: Հանդիսանալով Երևանի գլխավոր և առաջնորդանիստ եկեղեցի` Վազգեն Ա. Կաթողիկոսի օրով այն ենթարկվեց հիմնական վերակառուցման և բարեզարդման: Վերակառուցման նախագիծը պատրաստեց ճարտարապետ Ռ. Իսրայելյանը: 1972 թվականի սկզբին նախագիծը հավանության արժանացավ Վեհափառ Հայրապետի և ճարտարապետների հանձնաժողովի կողմից: Ըստ նախագծի, եկեղեցու հին շենքը իր բոլոր կոնստրուկտիվ մասերով (պատերը, մույթերը, ծածկը կրող կամարներն ու թաղերը, ինչպես նաև Ավագ խորանն ու գմբեթարդը, ավանդատները իրենց ծածկերի հետ միասին) հիմնականում պահպանվեցին:
Վերնաշենք ունենալու պահանջը թելադրում էր նրա համար հենարանների մի նոր համակարգ ստեղծել, որպեսզի առաջնորդող ծավալն իր ծանրությամբ չնստի եկեղեցու հին շենքի վրա: Նախագծում այս խնդիրը ստացել է մի այնպիսի նպատակահարմար լուծում, որը ծառայելով հանդերձ նշված խնդրին, միևնույն ժամանակ հնարավորություն էր ընձեռում հիմնովին փոխելու և բարելավելու եկեղեցու արտաքին ճարտարապետությունը: Համաձայն նախագծի, եկեղեցու արտաքին պարագծով, հին պատերից փոքր ինչ առաջ դրվելու էր նոր ու տարողունակ, արտաքուստ աներևույթ երկաթ-բետոնե կմախքով ապահովված պատերի մի համակարգ, որն իր վրա պիտի կրեր վերնաշենքի հիմնական ծանրությունը:
Դրա հետ մեկտեղ, այդ նոր,սրբատաշ տուֆաքարով երեսպատված պատերը պիտի քողարկեին եկեղեցու հին, ոչ բարետես պատերը` սվաղված հարթություններով ու կիսագլանաձև որմնամույթերով: Վերջինիս փոխարեն պատերի արտաքին հարթություննները ուղղագիծ մշակման են ենթարկվում հռիփսիմեատիպ (հատակագծում տաշտաձև ու վերևում կամարներով պսակված) խորշերի միջոցով (4-ական երկայնական և 2-ական լայնական պատերին), դրանցով իսկ վերակառուցվող եկեղեցին ավելի հայահունչ դարձնելու նպատակով:
Նախագծով պահպանված են եկեղեցու երեք (արևմտյան, հարավային և հյուսիսային) մուտքերը, սակայն դրանցից առաջինը` որպես գլխավոր մուտք, ճարտարապետորեն ավելի ճոխ և գեղեցիկ է լուծված: Ֆունկցիոնալ (դեպի վերնաշենքը մուտք ունենալու), ինչպես նաև ճարտարապետական (արևելյան ճակատի մշակումը հարստացնելու) նկատառումներով, մի դուռ էլ բացվում է Ավագ խորանի կողմից: Նրան կից հարթակի պատի հաստության մեջ ամփոփված ոլորուն աստիճաններով կարելի է բարձրանալ հյուսիս-արևելյան ավանդատան վրա տեղավորված սանդղքատունը, իսկ այստեղից` վերնաշենքի ընդարձակ (18x20,5 մ. չափերի) սրահը: Նույն նպատակին են ծառայում նաև եկեղեցու ներսում, հարավ-արևմտյան կողմում տեղավորված սանդուղքները: Վերնաշենքի ավելացումով, բնականաբար, պահանջ առաջացավ հիմնովին քանդել-վերացնել նախկին անշուք թմբուկն ու գմբեթը, փոխարենը կառուցելով առավել բարձրադիրն ու գեղեցիկը: Վերջինիս հենարան է ծառայում սրահի համարձակորեն իրականացված ծածկի երկաթ-բետոնե թաղանթը (հեղինակ` ինժեներ Ռ. Մանուկյան), որի կենտրոնից, նախկին տեղում ու նրանցից ավելի բարձր, վեր է խոյանում նոր գմբեթն իր սլացիկ ծավալով: Վերնաշենքը գմբեթի հետ միասին եկեղեցու շենքին հաղորդում է վերձիգ համաչափություններ և բարելավում նրա հնչեղությունը:
1971-1976թթ. Ս. Սարգիս եկեղեցում կատարված վերակառուցման աշխատանքներն ընթացան ներսից ու դրսից միաժամանակ: Բոլոր այդ տարիներին եկեղեցին անընդմեջ շարունակեց գործել, և այդ հանգամանքը որոշ չափով դժվարացրեց ու դանդաղեցրեց աշխատանքները, մանավանդ` ներսում: Եկեղեցու ներսում իրականացվելիք աշխատանքները, հիմնականում, բարեզարդման բնույթ էին կրում, աշխատանքներ, որոնք անհրաժեշտ դարձրին որոշ փոփոխություններ մտցնել ինտերիերում:
Համաձայն նախագծի, եկեղեցու ներսում նախատեսվում էր կատարել հետևյալ աշխատանքները.
ա. Հնարավորին չափ կրճատել եկեղեցու դասի լայնությունը, դրա հաշվին մեծացնել ատյանի չափերը: Վերջինիս և արևմտյան մասի հատակների բարձրության տարբերությունը (մեկ աստիճանով) վերացնել, այսինքն` ողջ հատակը բերել մեկ բարձրության և ամբողջապես սալարկել մարմարով:
բ. Վերափոխել մույթերի և որմնամույթերի հատակագծում կոր ձևերը: Դրանց անկյուններում հավելումներ կատարելու միջոցով դարձնել հատակագծում քառակուսի (մույթերը) և քառանկյունի (որմնամույթերը): Մույթերը մինչև խոյակների տակ, իսկ ներքին պատերը 1,40-1,50 մ. բարձրությամբ երեսպատել կարմիր գույնի գրանիտով կամ մարմարով:
գ. Հարավ-արևելյան ավանդատան մակերեսն ընդարձակել ի հաշիվ արևելյան և հարավային պատերի հին շարվածքի վերացման` կամարների տակ ամփոփելով առաջացած խորշերը: Փակել ավանդատան արևելյան լուսամուտը և նրա տեղում ստեղծել խորշ` մեջը Ս. Սարգսի պատկերը տեղավորելու համար: Փոխարենը բացել լուսամուտ ավանդատան հարավային պատում և համապատասխանաբար ձևավորել դրսից ու ներսից:
դ. Եկեղեցու բնական լույսն ավելացնելու նպատակով վերակառուցել հարավային մուտքի վերևի լուսամուտները, մինչև մեկ մետր բարձրացնելով չափերը: Ներսից ձևավորել հարավային և հյուսիսային մուտքերը: ե. Վերակառուցել արևմտյան կողմից գոյություն ունեցող փայտաշեն պատշգամբը և իրականացնել այն երկաթ-բետոնի միջոցով: Բազրիքներն իրականացնել կոփած երկաթե ճաղերով` դրանց ձևերը կապելով դասն ու ատյանը միմյանցից անջատող բազրիքի ձևերին:
Եկեղեցու պատերի, կամարների ու թաղակապ առաստաղի մշակման միջոցով եկեղեցու ներքնամասին բարետեսություն հաղորդելը հանդիսացավ վերակառուցման առաջնակարգ հարցերից մեկը: Նպատակահարմար համարվեց ծեփից ազատել ու մաքրել կարմրագույն-գորշ տուֆաքարով կանոնավոր շարվածք ունեցող կամարներն ու որմնամույթերը` վերստին սվաղելով միայն թաղկապ առաստաղը: Տուֆակերտ մասերի հետ գունային միասնություն ստեղծելու նպատակով, ներքին պատերը 1,57 մ. բարձրությամբ, իսկ մույթերն ու որմնամույթերը մինչև կամարների տակ երեսպատեցին իտալական Կարրարայի մարմարե սալերով:
Եկեղեցու վերակառուցումը դեռ չէր ավարտվել, երբ 1973թ. սեպտեմբերի 8-ին վախճանվեց նախագծի հիմնական հեղինակ` մեծատաղանդ արվեստագետ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ ու պետական մրցանակի դափնեկիր Ռ. Իսրայելյանը: Հաջորդ տարվա մայիսի 30-ին, անդրադառնալով նախագծի հարավ-արևելյան խորանի ներքին ձևավորման հարցին` հանձնաժողովը անհրաժեշտ գտավ «Անփոփոխ պահել Ռ. Իսրայելյանի կողմից կատարված Ս. Սարգիս եկեղեցու հարավ-արևելյան խորանի ձևավորման էսքիզը, փակելով արևելյան լուսամուտը և կենտրոնում նախագծելով կլոր վերջավորություն ունեցող ճարտարապետական տարր` վրան սրբապատկեր նկարելու համար»:
Վերակառուցումից հետո հարավ-արևելյան խորանն իր հյուսիսային պատի կամարակապ զույգ խորշերով, արևելյան պատում խորշի մեջ ամփոփված հեծյալ Ս. Սարգիսը պատկերող նկարով ու վերին հարթության վրա տեղավորված վարդակով ու խաչով և պատերի ներքնամասերը Կարրարայի կարմիր մարմարով երեսպատմամբ ստեղծվեց բավականին արտահայտիչ գունային ներդաշնակություն:
Ճարտարապետական հարդարանքի համապատասխան միջոցներ կիրառվեցին նաև հյւսիս-արևելյան խորանում: Եկեղեցու ներքին բարեզարդման աշխատանքներում կարևոր հանգամանք հանդիսացավ գմբեթատակ առագաստները թեմատիկ բարձրաքանդակներով պատելը: Ճարտարապետ Ա. Գալիկյանի առաջարկով չորս առագաստներում բնական մեծությամբ վերարտադրվեցին պատմական Վայոց Ձորի լավագույն կոթողներից մեկի` Արենիի եկեղեցու (ճարտարապետ` Մոմիկ, 1321) առագաստների քանդակային սիմվոլները: Դրանք հաջողությամբ իրականացրեցին քանդակագործներ Ս. Դոդոյանը և Մ. Հարությունյանը:
Առագաստների բարձր, գմբեթի թմբուկի հիմքի օղակաձև պատին քանդակվեց «Փառք ի բարձունս Աստուծոյ և յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» արձանագրութիւնը:
Պատերին փորագրվեցին նաև երկու այլ արձանագրություններ` ճարտարապետ Բ. Արզումանյանի մշակած նախագծերով: Հյուսիսային պատի վրա, դուռն ամփոփող կամարից բարձր, շրջանակով երիզված ու երկու կողմերից վարդակներով զարդարված հարթության վրա քանդակագործեր` Հ. Համբարձումյանի և Հ. Հովհաննիսյանի կողմից փորագրվեցին հայտնի շարականի խոսքերը. «Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա»: Մյուս շինարարական արձանագրությունը կատարվեց արևմտյան դռան բարավորի վրա:
Ներքին բարեզարդման մաս կազմեց նաև երկաթակուռ ջահը (հեղինակ` Վ. Օհանյան): Գմբեթարդից ներքև, մինչև հատակ, աբսիդի կիսաշրջան պատը երեսպատվեց բաց գույնի մարմարե սալերով ու դրանց ֆոնի վրա առավել պարզորոշ ուրվագծվեց նախկինում շինված սեղանը:
Ներքին բարեզարդման աշխատանքներին զուգընթաց, վերակառուցման աշխատանքներ էին ընթանում նաև եկեղեցու արտաքին մասում: Այստեղ ավարտվեցին գմբեթի, արևմտյան կողմի զույգ զանգակատների և կտուրի ծածկի շինարարական աշխատանքները: Ապա սկսվեց ճակատների քանդակազզարդումը:
Ըստ վերակառուցման նախագծի, քանդակային հորինվածքները առավել հարստությամբ տեղ պիտի գտնեին եկեղցու արևմտյան ձորահայաց ճակատի վրա, նախատեսվում էր գլխավոր դռան միակտուր քարից իրականացված բարավորի վրա` Գաբրիել և Միքայել հրեշտակապետների, վերջիններիս միջև` խաչազարդ վարդակի բարձրաքանդակները, իսկ ճակատի վերնամասում, զույգ խորշերից բարձր, ճակատի ամբողջ լայնքով փորագրել զարդաքանդակային մի գոտի: Վերոհիշյալ զարդաքանդակների էսքիզները կատարեց քանդակագործ Արտաշես Հովսեփյանը (մասամբ օգտագործելով Աղթամար տաճարի մոտիվները), իսկ դրանք քանդակեց քարագործ վարպետ Արամ Սահակյանը: Կրկին Արտաշես Հովսեփյանի էսքիզով պատրաստվեց ու տեղադրվեց փայտյա քանդակազարդ դուռը: Քանդակազարդվեցին նաև դրա շուրջը գտնվող պատերի հարթությունները: Ավարտված Ս. Սարգիս եկեղեցու վերակառուցման աշխատանքների, արևմտյան դռան բարավորի ներսի երեսին փորագրվեց հետևյալ արձանագրությունը
Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Տ.Տ. ՎԱԶԳԵՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՈՑ
ԵՒ ՓՈԽԱՆՈՐԴՈՒԹԵԱՆ Տ. ԿՈՄԻՏԱՍԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ
Ի. ՀԻՄԱՆԷ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԱԻ ԵՒ ԲԱՐԵԶԱՐԴԵՑԱՒ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՍ
ԱՐԴԵԱՄԲ ԼՈՆՏՈՆԱԲՆԱԿ ԳԷՈՐԳԻ ԵՒ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ ՈՐԴՒՈՑՆ
ՍԱՐԳՍԻ ԵՒ ԱՍՏՂԻԿԻ ՔԻՒՐՔՃԵԱՆ ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 1976 ՅԱՄՍԵԱՆՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
Ի ՎԱՅԵԼՈՒՄՆ ՀԱՒԱՏԱՑԵԼՈՑՆ ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ԵՐԵՒԱՆԻ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՔ ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ ԵՒ ԱՐԾՐՈՒՆ ԳԱԼԻԿԵԱՆ:
Վերակառուցված եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1976թ. նոյեմբերի 3-ին: Ս. Սարգիս եկեղեցու վերակառուցման, ինչպես նշեց իր քարոզում Վեհափառ Հայրապետը, «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի նոր սրբավայրով»:

Ճակատային տեսք
Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1976
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել