Կաթնաղբյուր հուշարձանը Էջմիածմի Մայր տաճարի բակում

Էջմիածնի Մայր տաճարի բակի արևելյան կողմում 1967 թվականին «Կաթնաղբյուր» կոչվող աղբյուր հուշարձանը կառուցեց Իսրայելյանը: Այն դեպի Մայր տաճարը տանող գլխավոր ուղու ձախ կողմում է գտնվում, ճանապարհից փոքր ինչ հետ, տպարանի շենքերից արևմուտք:
Աղբյուրները սրբավայրեր են եղել նախկինում և ամենատարբեր հատակնիշներով են օժտվել մարդկանց կողմից: Դրանցից մեկը մարդկանց ուժ տալն է: Բոլորին քաջ հայտնի Սասունցի Դավթի վերաբերյալ Մ. Աբեղյանը է գրում «...իբրև աստվածային շնորհք է հասկացվում և ջրից ուժ առնելը, որ, ինչպես տեսանք, ըստ հեթանոսականին, հսկաների ծովային լինելովն է բացատրվում: Ձենով Հովանը Դավթին ասում է. «Կաթնաղբյուր վրա իջի'ր, քնի'ր շնորհք Աստծուց կառնես», և Դավիթը ջուրը խմում է ու քնում և «շնորհքն Աստծուց առավ», այսինքն հսկայամարմին դարձավ: Կաթնաղբյուրները, հայ ժողովրդի հավատալիքների համաձայն, նաև տարբեր հիվանդություններ էին բուժում, անզավակ կանանց երեխա էին պարգևում, կաթ չունեցողներին կաթով էին ապահովում: Մարդիկ ուխտ էին գնում, զոհեր էին մատուցում և նվիրաբերություններ կատարում աղբյուրներին իրենց նպատակներն իրագործելու համար: Հայերի հոգևոր մշակույթում այնքան մեծ նշանակություն ունեին այս աղբյուրները, որ անգամ Կաթնաղբյուրի տոն գոյություն ուներ, որը ժողովուրդը նշում էր մայիսի 7-ին: Այսպիսի Կաթնաղբյուր է եղել Քղի քաղաքի Տեր-Գրիգորյան գերդաստանի այգում: Նրանք Մայր տաճարի բակում կանգնեցրել են այս աղբյուրը ի հիշատակ իրենց հայրենական այգու կաթնաղբյուրի և եղեռնի ժամանակ նահատակված հարազատների: Իսրայելյանի կառուցած կաթնաղբյուևը շատ ազդեցիկ է ու խորապես տպավորվող: Ներքևի մասը նախշազարդ գոտիով, գեղեցիկ վարդակով աղբյուր է, սակայն վերևի մասը կիսատ կամարի մեջ տեղադրված խաչքարը է` նման է կիսաքանդ շինության, որ խորհրդանշում է ավերված բնակավայրը:
Կաթնաղբյուր-հուշարձանի պատին փորագրված է հետևյալ արձանագրությունը.
Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Տ. Տ. ՎԱԶԳԷՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ, 1967 ԹՈՒԱԿԱՆԻՆ
ԿԱՌՈՒՑՈՒԵՑ ՍՈՅՆ ԱՂԲԻՒՐ ՅՈՒՇԱՐՁԱՆԸ՝ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԵԱՄԲ
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՍՏԵՓԱՆ ՏԷՐ-ԳՐԻԳՈՐԵԱՆԻ, Ի ՅԻՇԱՏԱԿ ՔՂԻ ՔԱՂԱՔԻ ՆԱՀԱՊԵՏ
ԳՐԻԳՈՐ ԱՒԱԳԻ ՔԱՀԱՆԱՅ ՊԱՐՍԵԱՆԻ, ՄԵԾ ՀՕՐ՝ ԱՒԱԳԻ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻ՝
ՄԱՆՈՒԿ ԵՒ ԱԶԻԶ ՏԷՐ-ԳՐԻԳՈՐԵԱՆՆԵՐԻ, 1915 Թ. ԵՂԵՌՆԻՆ ՆԱՀԱՏԱԿՈՒԱԾ
ՔՍԱՆՈՒԹ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԵՒ ՆՐԱՆՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԿԱԹՆԱՂԲՒԻՐ-Ի:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1967
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել