Մայր տաճարի Ավագ սեղանը

Ավագ խորանի նոր, երկաթբետոնե հատակը կառուցելուն զուգընթաց Վեհափառ Հայրապետի պատվերով ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը մշակում էր Ավագ սեղանի նախագիծը: Ներկայացված բազմաթիվ էսքիզներից հավանության արժանացածը, ըստ հեղինակի մտահաղացման, եռամաս էր՝ բաղկացած պատվանդանից, բուն սեղանից և ուղղաձիգ վերնամասից: Հատակագծում, մոտավորապես, սեղանակերպ (հետնամասում 3.1 մ. Լայնություն և 2.1 մ. Ընդհանուր խորություն ունեցող) պատվանդանի արևմտահայաց ճակատի միջին մասը մշակված է կամարակապ 13 դեկորատիվ խորշերով, իսկ անկյունները՝ թևերը խոնարհած արծիվների (որոնց մյուս թևերը շրջանցում են կողքերի ճակատները) բարձրաքանդակներով: Բուն սեղանը քառաստիճան է (առաջին աստիճանը 0.65 մ., իսկ հաջորդները՝ 0.25 մ. լայնությամբ)՝ առաջին աստիճանի աջ և ձախ ծայրերին տեղադրված ութանիստ խաչակիր սյուներով: Սեղանի վերջին աստիճանը պսակող ուղղաձիգ, վերնամասում երկաստիճան ճակտոնով ավարտվող հարթությունը երկու կողմից մշակված է կամարներով պսակված եռանկյունաձև խորշերով, իսկ Աստվածամոր պատկերը ամփոփելու համար նախատեսված, սրանց միջև գտնվող, հարթությունը վերնամասում ավարտվում է երկաստիճան կամարով:
Նախագծի վերջնական բարեփոխումներից հետո հեղինակը կազմեց աշխատանքային գծագրեր, որոնց համաձայն բոլոր տարրերի (բաղկացած 189 կտորից և 2 խաչակիր սյուներից) պատրաստումը պատվիրվեց Իտալիայում (Կարարայի մարմարից): Դրանք ստացվելուն պես, սկսվեց սեղանի հավաքումը, ըստ որում արծիվների և խաչերի քանդակները իրականացվեցին տեղում, համաձայն գիպսե մոդելի: Այնուհետև սեղանի վրա տեղադրվեց Վեհափառ Հայրապետի կողմից իտալահայ նկարիչ Գրիգոր Շիլդյանին պատվիրված Աստվածամոր պատկերը:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1961
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել