Ծովինար ռեստորանը Հրազդան քաղաքում

«Ծովինար» ռեստորանը կառուցվել է 1960 թվականին Հրազդան քաղաքում: Այստեղ Իսրայելյանը ներդաշնակորեն համադրել է ազգային և միջազգային ճարտարապետական ոճական գծերը: Շինության մեջ գտնված են հատակագծային ռացիոնալ լուծումներ և արտահայտիչ ծավալատարածական կերպար: Հիանալի օգտագործել է տեղանքի բարդ ռելիեֆը, կապելով շինությունը շրջապատող բնության հետ: Ռեստորանի շինությունը տեղադրված է ջրամբարի «հրվանդանին»: Առաջին հարկի կոպտատաշ քարի համադրությունը, ասես ժայռի շարունակությունն է, երկրորդ հարկի մեծ ապակեպատ բացվածքներ հիանալի տեսարան են ապահովում ներսում գտնվողների համար: Ինչպես ռեստորանի տեռասայում և երկրորդ հարկի հովարի շեշտակի հանված ժայռի վրա, այնպես էլ առաջին հարկի հատակագծում կարելի է դիտարկել բարձր լեռնային հայկական բնակատեղիների ավանդույթներ՝ կառուցապատված տարածքի առավելագույն նպատակային օգտագործում: Շինության մեջ Իսրայելյանը չի օգտագործել որևէ դեկորատիվ ատրիբուտ, դրանով ընդգծելով տեղանքի խստությունը և ցուցադրելով առանց դեկոր աշխատելու իր փայլուն ունակությունը: Այս շինության տեկտոնիկան արտահայտող կարևորագույն գործառույթ են իրականացնում օգտագործված շինարարական նյութերը: Ռեստորանի շենքը լակոնիկ, պարզ, ժամանակակից և միևնույն ժամանակ շատ ինքնատիպ ու տպավորիչ է:
«Կարս» ռեստորանը գտնվում էր Վանաձոր քաղաքում, Բուսաբանական այգու մոտ: Վերևի` հիմնական մասը` դահլիճը ամբողջապես ապակեպատ էր, հսկայական թեք ապակիներով: Շրջակա բնությունը աննման գեղեցկություն ուներ և ներսում նստած` շրջապատը դիտելը մեծագույն հաճույք պետք է որ լիներ: Ներքևի մասը բազլտից էր: Այս շինությունն աչքի էր ընկնում պարզությամբ և խիստ ժամանակակից տեսքով: 1988թվականի երկրաշարժից վնասվելուց հետո այն հիմնահատակ կերպով ավերվել է և չիմացողը երբեք չի կարող կռահել, թե ինչ հոյակապ շինություն է եղել այդտեղ:
«Ծովինար» և «Կարս» ռեստորանները դիտելիս, որոնք նախորդ աշխատանքներին նման չեն, միանգամայն պարզ է դառնում, թե ինչ է նկատի ունեցել Իսրայելյանը գրելով. «Կան հնարներ, որոնք միշտ չէ, որ կարելի է բացատրել. պատճառն այն է, որ ամեն մի կառույց ունի իր դեմքը, իր յուրահատկությունը: Ժարտարապետությունն ապրում է ու զարգանում, և այսօրվա կանոնները վաղն արդեն ընդունելի չեն, դրանք մեռնում են` իրենց տեղը զիջելով նորին»:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1960
Տիպաբանական տեսակ: 
Ներկայիս վիճակը: 
Կիսվել