1918թ. հերոսամարտի հուշարձանը Ապարանում

Ապարանի հերոսամարտին նվիրված հուշարձանը հանդիսանում է ժամանակակից հայկական հուշահամալիրային ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը: Սա ժողովրդի հերոսական կերպարին նվիրված կոթող է` կանգնեցված երկու ճակատամարտերի՝ 1918 և 1945 թվականների ապարանցի հերոսների և 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհեերի հիշատակին: Ստեղծված է գեղարվեստորեն ընդհանրացված մի հավաքական կերպար: Պատմական ճշմարտություն` հորինված ճշմարիտ ճարտարագեղարվեստական միջոցներով: Երեք որմնախորշերով նիստերը դասավորված են միմյանց նկատմամբ անկյան տակ: Որմնախորշերի մեջ գտնվում են մեմորիալ կոթողները: Դրանցից ամեն մեկը նվիրված է որոշակի տարեթվի և ունի անհատական լուծում: Մեկում տեղադրված է կոթող` նվիրված 1915 թվականի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին: Կենտրոնականը` բարձր որմնախորշինը, նվիրված է 1918 թվականի ապարանի ճակատամարտի հերոսներին, որոնք անհավասար պայքարի դուրս եկան թուրքերի դեմ: Երրորդ որմնախորշի կոթողը նվիրված է մեծ հայրենական պատերազմում զոհված մարտիկներին: Չնայած երեք դեպքերում էլ մեկնաբանումը տարբեր է, սակայն ամբողջության մեջ հուշարձանում մարմնավորված է մեկ ընդհանուր գաղափար, և անկառու է միասնական ճարտարապետական լուծումը: Օգտագործված են ազգային զարդաքանդակներ: Արժե հատուկ ուշադրություն դարձնել այն գլխահակ թռչնակի վրա, որը տեղ է գտել եղեռնի հուշարձանի կենաց ծառ, վերածնունդ ու հարություն խորհրդանշող հոյակապ նախշի շուշանի վրա: Թռչունն իր կարծես զուսպ, լուռ, գլխիկոր կեցվածքով շատ խոսուն է արտահայտում եղելության մեծագույն տխրությունը: Նուրբ, խորը, ազդեցիկ արտահայտչամիջոցները բնորոշ են Իսրայելյանի զգայուն ոգուն: Ինչպես մյուս ստեղծագործություններում, այստեղ ևս յուրաքանչյուր զարդանախշ իմաստավորված է` որոշակի գաղափար է կրում: Ապարանի հուշարձանում կա կերպարների պոլիֆոնիկ մարմնավորում, որտեղ տարբեր մեղեդիները միաձուլվում են մեկ հորինվածքի մեջ, բայց նրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն է: Մոտիկից դիտելով` բացահայտվում են գաղափարի արտահայտչական ճարտարապետապլաստիկ միջոցները: Հուշարձանի եռամաս կառուցվածքը չի ջլատված, այլ հավաքված է քարե հարթությունների բարդ կապակցությամբ: Նրանց սրածայր վերջավորությունները արտակարգ տպավորիչ են և տարբեր զգացողություններ ու ասոցիացիաներ են առաջացնում: Հուշարձանը կառուցված է դեպի Ապարան տանող ճանապարհի ձախ կողմում` բլրի վրա: ինչպես միշտ նրա տեղը ընտրված է արտակարգ հմտությամբ` այնպես, որ հուշարձանը բարձունքի հետ մեկ ամբողջություն է դառնում և հեռվից ընկալվում է իր ողջ վեհությամբ: Շրջապատն ազատ է, և ոչինչ չի խանգարում նրա ճարտարապետական մտահղացման ընկալմանը: Հուշարձանը կարծես իրեն է ենթարկում ողջ շրջապատը: Հեղինակը նկատի է ունեցել հուշարձանի ինչպես մոտ, այնպես էլ հեռու տարածությունից ուրվագծային ընկալումը: Օրվա ընթացքում փոփոխվող լուսավորությունը հուշարձանին հաղորդում է հարուստ գունային երանգներ: Քարե հարթությունների սև գույնը ընդգծում է հուշարձանի էմոցիոնալ տպավորությունը: Հուշարձանի ճարտարապետությունը ունի խիստ և հերոսական ոգի, միաժամանակ` գեղեցիկ է ու հմայիչ: Լիալուսնի լույսի տակ այն անկրկնելի է` հեքիաթային:

Մոտենալիս կոթողին
Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1979
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել