Հաճնի 1920թ. հերոսամարտի հուշարձանը

1974 թ. Նոր Հաճըն ավանում կառուցված հուշարձանը նվիրված է Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքում 1920թ. թուրքական կանոնավոր զորքի դեմ մղված ինքնապաշտպանական հերոսամարտերին: Հուշարձանը գտնվում է բնակավայրի գլխավոր առանցքի վրա: Այն ունի բարդ, բազմածավալային կառուցվածք` բաղկացած երեք հիմնական մասերից, որոնք ամբողջություն են կազմում: Վառ նարնջագույն տուֆից կառուցված հուշարձանի մի մասն ամրոցի է նման որ միայն վերնամասի ատամնաձև վերջավորությամբ, այլև աստիճաններով, որոնք հատուկ են Կիլիկիայի ամրոցներին: Կենտրոնական` ամենաբարձր մասը խրոխտ կանգնած թուր է հիշեցնում` վերևում կանգնած արծվի քանդակով: Մյուս կողմում տաճարի նման մասն է: Սրանք իրենց, չկրկնվող համաչափություններով մի շատ ինքնատիպ ամբողջականություն են կազմում: Հակառակ կողմից հուշարձանը ձորին է նայում, հեռվից նայելիս խոյանում է անդունդի վրա: Արծիվը քանդակել է Արտաշես Հովսեփյանը:
Հաճընի հերոսամարտի հուշարձանի վրա քանդակված արձանագրությունը Իսրայելյանը թղթին է հանձնել մահանալուց օրեր առաջ: Այն հետևյալն է` «Անհատնում երախտագիտությամբ կանգնեցրինք այս կոթողը ի նշանավորումն Հաճընի հերոսամարտի ինքնապաշտպանության և Նոր Հաճընի վերածննդի մայր հողի վրա»: Երկրորդ տողում 1920 և 1958 թվերն են` առաջինը հերոսամարտի և երկրորդը Նոր Հաճընի հիմնադրման տարեթվերը: Ներսում գտնվում է Հաճընին նվիրված թանգարան: Այս հուշարձանը նույնպես կառուցվել է հեղինակի մահվանից հետո:

Ճակատային տեսք
Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1974
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել