Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը

Ապարանի, Հաճընի և Մուսա Լեռան հուշարձանները կարծես հերոսական եռապատում լինեն, որոնք ամբողջացնում են Ռաֆայել Իսրայելյանի վերջին շրջանի ճարտարապետական խոսքը:
Համանուն վայրերում առանձին կանգնած այս կոթողները շատ տարբեր են միմյանցից, բայց ունեն նաև խիստ որոշակի ընդհանրություններ: Երեքին էլ բնորոշ է քանդակայնությամբ ու պատմողականությամբ հագեցած հորինվածքը, որտեղ կարևորվում և կառույցի անբաժան, օրգանական մաս են կազմում ճարտարապետագեղարվեստական մանրամասները: Մոդեռնիստական հղկվածությունը, որն Իսրայելյանի մոտ, ինչպես միշտ, զերծ է օտարամուտ տարրերից, և ներկայանում է մաքուր, հայկական ոճավորմամբ, սրանցում առավել ցայտուն է արտահայտված վաղ շրջանի գործերի համեմատ: Հուշարձանների հերոսական բնույթի ընկալմանն է նպաստում քարի սև կամ կարմիր գույնի ընտրությունը:
Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը կառուցվել է 1976 թվականին, բացումը կատարվել է նույն թվականի սեպտեմբերի 16-ին: Հուշարձանը գտնվում է Արմավիր մարզի Մուսալեռ գյուղի բարձունքի վրա: Ընդգրկված է Մուսալեռի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ[ ]: Հարկ է նշել, որ Մուսա լեռան հերոսամարտի հետ կապված առաջին հուշարձանը չէ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում Տամլաճըք տեղանվան տակ կարդում ենք. «Տամլաճըքը բարձրունք է Կիլիկիայում, Ադանայի նահանգում, մուսա լեռան մոտ: Այստեղ հայերը Մուսա լեռ բարձրանալուց հետո հիմնել են ռազմա-պաշտպանողական ճամբար, որտեղ և հետագայում հուշակոթող կառուցվեց` ազատագրական պայքարում զոհված 18 հայերի հիշատակը հավերժացնելու համար»:
Առաջին հուշարձանը, սակայն չի պահպանվել, թուրքերը չէին կարող այն հանդուրժել և, իհարկե, պայթեցրել են: Լուսանկարը հրատարակված է Թեքյանի գրքում:
Այն ունի միջավայրի մեջ իշխող` դոմինանտ դեր, վեր է խոյանում բարձունքի վրա, առավել շեշտելով դաշտավայրի նկատմամբ իր բարձրությունը: Գունային լուծմամբ ևս հուշարձաը կտրուկ կոնտրաստի մեջ է մտնում շրջակա բնության և երկնքի կապույտի հետ: Դեպի հուշարձանի բարձունքը տանում են բազալտե աստիճանները, որոնք ունեն, բարձունքի վրա տեղադրված շինության դերը, նշանակությունը, կարևորությունը շեշտելու և համապատասխան տրամադրություն ստեղծելու գործառույթ: Անվիճելի են կառույցի համար կարծես բնական լրացումներ հանդիսացող Արարատ և Արագած լեռները, որոնք տեղանքն ընտրելիս կարևորագույն հանգամանքն է համարել հեղինակը:
Սրբատաշ շարվածքով հսկա պատերը վերնամասում ամեն կողմից շեշտված վերջավորություններ ունեն` նույնացվող բերդապարսպի աշտարակի հետ: Սակայն մայրուղուն նայող եռատամ վերջավորության վրա պատկերված արծվի ուրվանկարն ամբողջ հորինվածքը դարձնում է կանգնած արծվի մի քանդակ: Պատահական չէ այս դեպքում՝ կամարի փռված լինելն ու սեղանաձև ծավալի հիմքի մասում լայնանալը: Որևէ ուրիշ տիպի բացվածք չէր կարող արտահայտել արծվի հաղթական կեցվածքը: Դասական, սլացիկ կամարի դեպքում, օրինակ, արծիվը երկչոտ կանգնվածք կունենար:
Կոնստրուկտիվ աշխատանքի տեսանկյունից, եթե դիտարկենք, կամարի տարահրման ուժը մեծանում է նրա փռվածքին համարժեք չափով: Այս դեպքում տվյալ բացվածքը երկու կողմից էլ ունի պատերի բավարար երկարություն՝ լարմանը դիմակայելու և կամարից եկող տարահրման ուժը մարելու համար: Պատերի այդ երկարությունները վիզուալ առումով ընկալվում են որպես «արծվի» ոտքերի հաստություններ: Կարելի է ասել, որ լարվածության ու ամրության հաշվարկը մեկնաբանված է գեղագիտորեն, և «արծվի հզորր ոտքերը հաստատակամորեն հենված են հողի վրա»: Ճարտարապետությունը քանդակի մեջ տեսնելու իսրայելյանական մոտեցումը ամենավառ կերպով իրականացվել էր Սարդարապատում՝ ցուլերի ու պահապան արծիվների տեսքով: Բայց այնտեղ քանդակ են՝ առանձին կանգնած պատերն ու ստելաները: Մուսա Լեռան կոթողը քանդակ է ամբողջ կառույցի: Կատարողական առումով սկզբունքային մի հետարքրքիր տարբերություն կա այս երկու հուշահամալիրներում: Սարդարապատը՝ քանդակային ճարտարապետություն է, Մուսա Լեռը՝ ճարտարապետական քանդակ: Նրանում քանդակն արտահայտված է մաքուր ճարտարապետական լուծումներով: Միայն դեկորատիվ փորագրությունն է սրամտորեն հուշում, որ ամբողջ ծավալը միաժամանակ համատեղվում է առասպելական թռչնի կերպարի հետ:
Արծվի տեքով անառիկ այս ամրոցը սիմետրիայի և ասիմետրիայի համադրման զուսպ ու հետարքրքիր լուծումներ ունի: Խիստ սիմետրիկ նկարվածքներով երկու հիմնական ճակատը տարբեր են իրարից, կողային ճակատները նույնն են, բայց ասիմետրիկ են: Արդյունքում սիմետրիային բնորոշ հստակությամբ ու ծանրությամբ հագեցած հուշարձանը, չկրկնվող դիտակետեր և անկյունային կողմերից ավելի ազատ նկարվածք ունի:
Ցայտուն է արտահայտված ժողովրդական ճարտարապետության ոգին հատկապես հյուսիսային ճակատի վրա: Նորից ամրոցային ոճավորմամբ մշակված, բայց ավելի ջերմ ու հյուրընկալ տեսարան է բացվում այս կողմից: Պատային հարթությունների՝ իրար հաջորդող հերթագայության շնորհիվ, ամբողջովին ընթեռնելի է դառնում կառույցի ծավալատարածական հորինվածքը՝ հարստանալով լույս ու ստվերային անցումներով: Արտահայտիչ է երկու կողմից բարձրացող քարե աստիճանների բազրիքը, որը կամարաձև բացվածքի վրա գեղեցիկ հայկական շքամուտք է ձևավորում:
Կենտրոնական, առանցքային մասում տեղակայված թանգարանի մուտքի դուռը կոմպոզիցիոն առումով դիտվում է, որպես տվյալ ճակատի սիմետրիան շեշտող և ներքևի շքամուտքային մասն աշտարակաձև վերնամասի հետ կապող, հավաքող մի հանգույց:
Ներսի տարածությունն ամբողջովին քարապատ է, և իրենից ներկայացնում է խուլ պատերի մեջ ընկած, ձգված, ուղղանկյուն մի ծավալ, որտեղ միակ լույսի աղբյուրը բարձր առաստաղի տակ գտնվող 4 քառակուսի լուսամուտներն են: Այս 4 լույսերը կարելի է խորհրդանշական դիտել: Մուսա Լեռան ինքնապաշտպանության 40 օրվա ընթացքում 4 թեժ հարձակում է տեղի ունեցել թուրքերի կողմից, որոնք ավարտվել են հայերի ջախջախիչ հաղթանակով:
Դրսից նայելիս՝ ուշագրավ են լուսամուտների կողքերից վեր խոյացող ատամնավոր ելուստերը, որոնք թեպետ՝ առավելապես ընկալվում են, որպես ամրոցային էլեմենտներ, բայց իրենց մասշտաբայնությամբ և ընգդծված պարզ քիվային ավարտով խաչքարի համաչափություններ են հիշեցնում: Նման ատամնաշարեր ունեին Կիլիկյան Հայաստանի ամրոցները: Էսքիզային աշխատանքներում կան սրանց նախշազարդ տարբերակները:
Կառույցի ծանր կերպարն ամենից շատ աշխուժացնում և դրան մոնումենտալություն են հաղորդում «արծվի» թևերը, որոնք համընկնում են կողային ճակատներին և ունեն ամբողջ բարձրությամբ ձգված երեքական հզոր նիստ: Որպես կոշտության կողեր՝ դրանք բարձրանում են կրող պատի վրա, որը դուրս է գալիս ընդհանուր ծավալից որոշակի թեքությամբ:
Մի տեսակ պատի այդ թեքությունը հիշեցնում է Կիլիկյան հայաստանում առաջինը կառուցված, նույն հերոսամարտին նվիրված հուշարձանի մի հատվածը, որը ֆրանսիական փրկարար նավի պատկերն էր ներկայացնում: Այդ հուշարձանն ավերվել է, կա միայն նրա լուսանկարը, որի զարդաքանդակը թանգարանի մուտքի ճակատային մասում է:
Արարատի դիմաց կանգնած կոթողը ինչ որ նմանություն ունի նաև Կիլիկյան Հայաստանում մնացած Մուսա լեռան հետ: Ծովափին կանգնած լեռը նորից սեղանաձև ուրվագիծ և թեթևակի նշմարվող եռագագաթ ավարտ ունի:
Մուսալեռան հուշարձանի կառուցումը Իսրայելյանի մահվանից հետո իրականացրել է Արեգ Իսրայելյանը` սկզբից մինչև վերջ: Եվ կարևոր է նշել, որ ճակատային մասի քանդակը ոչ մի կապ չունի Ռ. Իարայելյանի մտահղացման հետ, այն շատ ավելի ուշ է իրագործվել այնպես, ինչպես և հակառակ կողմի ճակատի քանդակը: Հուշարձանի դիմային ճակատին տեղադրված հարթաքանդակի հեղինակն է Արա Հարությունյանը: Դա է պատճառը, որ հուշարձանի գլխավոր ճակատի հարթաքանդակը ամբողջապես համահունչ չէ Իսրայելյանական ոճի և գեղարվեստական լուծման հետ:
Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանն արտահայտում է ոչ միայն ազատագրական պայքարի ոգին, այլև յուրաքանչյուր մուսալեռցու էության վեհությունը`«Հարգանքը ամենեն բարձր բանն է աշխարհում: Պատիվը ամենեն բարձր բանն է աշխարհում: Մենք` մուսալեռցիքս, կսիրենք հարգանքով ու պատիվով ապրիլ մեր կյանքը»:
Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները:
Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո ամեն տարի՝ սեպտեմբերի երրորդ կիրակին յուրաքանչյուր ընտանիք հարիսա էր եփում՝ այդպիսով նշելով հաղթական ինքնապաշտպանությունը:
Իսկ ինչո՞ւ հարիսա: Որովհետև Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության ժամանակ ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու: Ցորենն ու ի փրկություն մատաղ արված գառան միսը ջրով խառնում են իրար, հարում, այստեղից էլ ուտեստը ստացավ իր անունը՝ «հարի՛ր սա» կամ «հարիսա», ու թող կորչի այն թուրքական ազգային ճաշատեսակ ճանաչած ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Հարիսան, առհասարակ, արևմտահայերի լայնորեն տարածված զոհաբերությունն է` այս դեպքում հանրային մատաղը: Հերոսամարտին նվիրված հուշարձանի բացումից հետո հարիսա եփելու արարողությունը դարձավ զանգվածային: Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում այն ուղեկցվում է մեծ տոնակատարությամբ` երգ ու պարով: 1971թ. Ռաֆայել Իսրայելյանի նածագծով կառուցվեց նաև Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության կազմակերպիչներիրց ու ղեկավարներից մեկի` Եսայի Յաղուբյանի (1878 Յողունօլուք-1957 Երևան) հիշատակին նվիրված հուշարձանը Երևանի Շահումյանի շրջանի գերեզմանատանը:

Տեսքը դիմացից
Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1976
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել