Սարդարապատի հերոսամարտի հուշահամալրիը

Իսրայելյանի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը` նվիրված 1918 թվականին Սարդարապատում տեղի ունեցած ճակատամարտում հայ ազգի հերոսական հաղթանակին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ: Թե՛ իր չափերով, թե՛ իր նշանակությամբ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը իր արժանի տեղն է զբաղեցնում ինչպես Իսրայելյանական և ընդանրապես հայկական ճարտարապետության, այնպես էլ համաշխարհային ճարտարապետական դասագրքային կոթողների շարքում: Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը գտնվում է Արմավիրի մարզի (նախկին Հոկտեմբերյանի շրջանի) Սարդարապատ գյուղի մոտակայքում:
Սրադարապատի հերոսամարտի հուշահամալիրի պատմությունը սկսվում է 1965 թվականին: Այն ժամանկվա Հոկտեմբերյանի (այժմ Արմավիր) կուսշրջկոմի քարտուղար Վլադիմիր Դարբինյանը քանդակագործ Սամվել Մանասյանին առաջարկել էր Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակին նվիրված մի հուշաքանդակ կանգնեցնել: Քանդակագործ Մանասյանը մտածում է քանդակել ավտոմատավոր զինվորի արձան` պատվանդանի վրա: Այնուամենայնիվ քանդակագործը որոշում է խորհուրդ հարցնել ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանից: Իսրայելյանը գտնում է, որ մտահղացումը նոր չէ, կրկնվող է. այն ժամանակ շատ-շատ էին այդպիսի հուշարձանները ողջ Խորհրդային Միության տարածքով մեկ` զինվոր` ավտոմատով, զինվոր` երեխան գրկին, վիրավոր, ծնկաչոք զինվոր… Իսրայելյանը որոշում է, որ Սարդարապատի հերոսամարտի համար այդպիսի հասարակ հուշարձան չի կարելի կանգնեցնել՝ պետք է ստեղծել հզոր գործ:
Ռաֆայել Իսրայելյանն իր իսկ նախաձեռնությամբ իրականացնում է հոյակերտ հուշահամալիրի նախագիծը: Իսրայելյանի նախագծային տարբերակները բազում էին:
Ռաֆայել Իսրայելյանի` Սարդարապատի հուշարձանախմբի առաջարկած նախագծի առաջին տարբերակը ավելի պաթետիկ էր ստացվել. նա նախատեսել էր զանգաշտարակի տեղում 40 մետր բարձրությամբ վիթխարի, երկնասլաց թուր կանգնեցնել: Այս գաղափարը դուր չի գալիս Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին: Քոչինյանն ասել էր. «Ռաֆո', էդ երբվանի՞ց ես մատիտի փոխարեն թրով ման գալիս»: Քոչինյանն ակնարկում էր, որ վրեժխնդրության ձգտում հիշեցնող որևէ բան չի կարող հաստատվել Կենտկոմում: Ռաֆայել Իսրայելյանը թրի փոխարեն նախագծում է զանգաշտարակը: Հետագայում ճարտարապետն ինքն էլ այս տարբերակն արդարացված համարեց, քանի որ Սարդարապատի ճակատամարտի մասնակիցները հավաքվել ու թուրքական բանակին դիմավորել էին եկեղեցու զանգերի ղողանջներով:
Հոկտեմբերյանցիները շատ էին ոգևորված հերոսամարտի հաղթանակին նվիրված հուշահամալիրի կառուցմամբ: Համալիրի կառուցման միջոցները հատկացրել էին Հոկտեմբերյանի սովխոզներն ու կոլխոզները:
Համալիրի կառուցումը ընդմիջվում է, երբ պարզ է դառնում, որ միջոցները չեն բավարարում թանգարանի շինության կառուցման համար: Իսրայելյանը բոլորովին հուսահատվում է, որ իր նախատեսած «Ազգային ազատագրական պայքարի թանգարանաը» անորոշ վիճակում է մնացել. նա «Իմ գործերի մասի» հոդվածում գրել է. «Իմ մյուս աշխատանքը, որը ինձ համար նույնպես կենսական է, Հոկտեմբերյանում կառուցվող թանգարանի շենքն է, որի վրա մինչև հիմա էլ աշխատում եմ և հետևում շինարարությանը:
Ցավոք, այս կառույցը շինարարական ծանր վիճակում է և պահանջում է հատուկ ուշադրություն և վերաբերմունք, քանի որ դա մեր երիտասարդ սերնդիդաստիարակության համար կկատարի շատ կարևոր դեր»:
Սակայն Հնագետ Լավրենտի Բարսեղյանը նրան առաջարկում է տեր կանգնել այդ թանգարանին և այն նվիրել Հայաստանի ազգագրությանը: Այդ միտքը շատ էր ոգևորել հեղինակին, որը, դժբախտաբար չտեսավ այն ավարտված վիճակում: Բարսեղյանի ջանքերով գլուխ է գալիս թանգարանի ավարտման գործը: Հենց նա էլ դառնում է առաջին, հիմնադիր տնօրենը և մեծ ջանքերով ստեղծում հիանալի ազգագրական թանգարան, որը բացվեց 1978 թվականին: Այժմ այն կոչվում է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան: Փաստորեն, ի վերջո իրականացավ և' Իսրայելյանի մտահղացումը ազատագրական պայքարի ցուցադրման առումով, և' Բարսեղյանի գաղափարը` որպես Հայոց ազգագրության թանգարան:
Համալիրի ընկալումը` հերթականորեն բացվող ճարտարապետաքանդակային բաղադրիչների հստակ մտածված հաջորդականությունն ու ինտերվալները, հեղինակի կողմից դրված է որպես ծավալատարածական հորինվածքի հիմնադրույթ: Համալիրին մոտենալիս ուշադրությունդ միանգամից գրավում է ուղղաձիգ աստիճանավոր բարձրությունը, որի վրա տեղադրված են երկու առասպելական թևավոր ցուլերի կերպարները` աջ և ձախ կողմերում, ասես մուտքը պահպանող պահապաններ: Մեջտեղում, ուղղահայաց առանցքով ձգվում է զանգաշտարակը` չորս պիլոններից կազմված: Երեք ուղղահայաց շարքերով բարձրանում են բարակիրան կամարները, ստորին կամարները խիստ բարձր, վերջին երկու շարքը ավելի ցածր, մեկական և երեքական զանգեր` կախված կամարներից: Զանգաշտարակը տեղադրված է աստիճանավոր պատվանդանի վրա: Զանգաշտարակի խորհրդանշական իմաստը, ինչպես նշվեց, մարտի կանչելն է, ինչպես 1918 թվականին բոլոր եկեղեցիների զանգերն են ղողանջել, կանչելով սուրբ պայքարի` հանուն Հայաստանի գոյատևման: Բայց զանգերը բազմիմաստ են: Այս զանգերը նաև անմահ փառքի, հաղթանակի օրհներգման և երջանիկ կյանքի խորհուրդ են ստացել: Նախկինում ևս զանգի ղողանջը կապվում էր ուրախության և Աստծո հետ: Կարելի է օրինակ բերել Տաթևի վանքի զանգի արձանագրությունը. «Լսելի արա ինձ. տէր, զձայն ցնծութեան եւ զուրախութեան: ՉԾԱ թվ»:
Զանգաշտարակի վեց զանգերը ձուլված են Ֆրանսիայում: Մեղեդին մշակել է անվանի երաժշտագետ Ռոբերտ Աթայանը:
Արտակարգ խոր տպավորություն է թողնում այս զանգաշտարակը: Սրա լավագույն վկայություններից է լիտվացի հայտնի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի «Սարդարապատի զանգերը» բանաստեղծությունը, որը թարգմանել է Վահագն Դավթյանը: Մեջբերում ենք երկու տուն.
Ողբերգության պես ու սուրբ հավատի
Զանգերն են հնչում Սարդարապատի:
Ասես մարդկային արցունքները ջինջ
Խտացել այստեղ, դարձել են պղինձ:

Խտացել այստեղ, փոխվել են երգի
Ժամանակի մեջ ու տիեզերքի:
Ողբերգության պես ու սուրբ հավատի
Զանգերն են հնչում Սարդարապատի...
Աստիճաններով բարձրանալով, հայտնվում ենք երկար և լայն կանաչապատ ճեմուղու վրա, որը տանում է դեպի կոր պատը: Ճեմուղու երկայնքով մեկ, աջ կողմից միմյանցից հավասար հեռավորության վրա տեղադրված են հինգ արծիվների խիստ և հզոր քանդակները: Իսրայելյանի մտահաղացմամբ արծիվները պետք է նայեին դեպի Թուրքիա, բայց ԽՍՀՄ տարիների կոմպլիմենտար քաղաքականությունը թույլ չտվեց իրագործել այս մտահաղացումը և արծիվները նայում են դեպի Հայաստան: Արծիվների թևերի վերին մասում կան վարդյակներ, որոնցից ոչ մեկը չի կրկնվում:
Ճեմուղին ավարտում է հուշապատը: Կիսաշրջանաձև, լեգենդար թեմաներով քանդակված հուշապատն ամբողջ ճարտարապետական անսամբլի գաղափարական ավարտակետն է: Մեջտեղում մեծ կամարաձև բացվածք կա, որից ճանապարհ է գնում դեպի ազգագրության թանգարան: Հուշապատի ողջ մակերեսը պատված է այլաբանական պատկերներով` բարու և չարի պայքար` արտահայտված հրեղեն ձիերի և նրանց ոտքերի տակ կոխվող վիշապներով: Հայտնի է, որ հայկական քրիստոնեական պատկերագրության մեջ Քրիստոսի և Աստվածամոր ոտքերի տակ են չարը մարմնավորող վիշապները պատկերվում և հատկապես մկրտության տեսարանում միշտ Հիսուսը կոխում է վիշապին: Այստեղ կյանքի հաղթանակի և հերոսների անմահության գաղափարներն են արտահայտված խորհրդանշական ձևով և արձանագրությամբ` «Հավերժ փառք Սարդարապատյան ճակատամարտի հերոսներին»: Հուշահամալիրի բացման նախորդ օրը Իսրայելյանը ստուգում է` արդյո՞ք ավարտված են բոլոր աշխատանքները և հայտնաբերում, որ վերը նշված գիրը արված չէ, խուճապի չի մատվում, կանչում է 4 քարտաշ վարպետի և կավճով, առանց նախնական չափումների, գծագրերի, քանոնների և այլ անհրաժեշտ գործիքների գրում է որմնագիրը: Վարպետները փորագրելով շարժվում են ճարտարապետի ետևից: Կարճ ժամանակում, ի զարմանս բոլորի, աշխատանքն ավարտվում է: Գեղեցիկ տառերը շարվում են իրար ետևից, նույն չափի, զարմանալի ճշգրիտ ինտերվալներով: Հուշապատի հակառակ երեսին քանդակված են մարտիկներին հաց ու ջուր հասցնող աղջիկները, զենքը ձեռքին պայքարի ելած կանայք ու ծերերը:
Հուշահամալիրի բացման մասին արժեքավոր են ճարտարապետ Վ. Հարությունյանի հուշերը, որը մասնակցել է բացման հանդիսավոր արարողությանը. «Վերջապես ավարտվեցին շինարարական աշխատանքները և 1968 թվականի մայիսին տեղի ունեցավ հուշարձանախմբի հանդիսավոր բացումը, որին մասնակցելու էին եկել Երևանից, հանրապետության տարբեր քաղաքներից, Հոկտեմբերյանի շրջանի շատ գյուղերից, ինչպես նաև Սփյուռքից ժամանած հայեր: Հիրավի, դա բացառիկ մի իրադարձություն էր, որ առհավետ պիտի մնա մասնակիցների հիշողության մեջ: Ռաֆոյի հետ միասին բարձունքում կանգնած դիտում էինք, թե ինչպես մարդկային հոծ բազմությունը շարժվում էր խճուղով: Ընկերս հուզված էր՝ համակված հպարտության ազնիվ զգացումով: Դա ստեղծագործական հաղթանակի վայելման զգացումն էր: Սարդարապատի անսամբլը դարձավ եղեռնի զոհերի հուշարձանի նման մի նոր սրբատեղի»:
Ճարտարապետը մի փոքր ավելի ուշ է նախագծել սեղանատունն ու թանգարանը:
«Վարդավառ» կոչվող սեղանատան շենքի ծավալատարածական լուծումը գրավում է իր արտահայտչականությամբ: Առհասարակ ողջ համալիրի քարը` տուֆը արտակարդ գրավիչ է իր գույներով ու երանգներով, գեղագիտական շատ մեծ ազդեցություն է գործում: Այս մասին արժե մեջբերել իր` Իսրայելյանի հոդվածից մի հատված. «Կառուցված է «Վարդավառ» անունով սեղանատուն: Այստեղ կարծես մրցում են հայոց քարն ու հայ վարպետը: Թերևս այդ մրցությունն էլ փորագրել է տվել. «Փա'ռք հայոց քարին, քարի վարպետին»: Սեղանատան կենտրոնական մուտքից մտնելիս ընկնում ենք ձմեռային այգիներով, սյունաշարով թեք ծածկով դահլիճ, որը տաք եղանակին, խնջույքների համար անկրկնելի վայր է, լեցուն ազգային տոնախմբության ու ուրախության ոգով: Սրան հաջորդում է ուղանկյունաձև դահլիճը, որից մուտք է բացվում դեպի գլխավոր դահլիճը: Գլխավոր դահլիճը լուծված է իբրև կենտրոնագմբեթ սրահ՝ հազարաշենի ծածկով: Դահլիճների դասավորությունը ըստ էության ամֆիլադային է՝ մեկից մյուսը ընդարձակ մուտքերով: Գլխավոր դահլիճին հաջորդում է ևս մի ուղղանկյուն, չափով ավելի փոքր դահլիճ, որից ելք կա դեպի պատշգամբ: «Վարդավառ» սեղանատան ձևավորման ու բարեզարդման բոլոր մանրամասները` դեկորատիվ և կիրառական արվեստի բոլոր նմուշները մեծ սիրով կատարել է ինքը` Իսրայելյանը: Սա վերաբերում է նաև թանգարանի շենքին: Ըստ որում, մետաղե ջահերի (ցլերի գլուխներով, հովազի ոճավորված պատկերով, վահաններով և այլն), մետաղե դռների բազմապիսի, անկրկնելի նմուշներ է ստեծել, տարբեր կերպ ձևավորել պատերը, բուխարիներև և այլն: Սրանք բոլորը շատ արժեքավոր են և ուշագրավ:
Սարդարապատի հուշահամալիրի թանգարանի շենքն արդեն իսկ բավական էր Իսրայելյանի անունը ինչպես խարհրդային, այնպես էլ համաշխարհային ճարտարապետության մեջ հավերժացնելու համար:
Ազգագրության թանգարանի շենքով եզրափակվում է Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրը: Շենքը մտահղացված է իբրև ամրոց. խուլ պատեր, շքամուտք և երկու նեղ պատուհան` մեկն ուղղված դեպի Արարատ լեռը, մյուսը` դեպի Արագածը: Մուտքի հանգույցը տեղադրված է ճակատի ճիշտ կենտրոնում, քառաշերտ կամարաշարով պսակված բացվածքի տեսքով: Բացվածքի վերևում տեղադրված է հարթաքանդակ՝ վահան արծվի կերպարը վրան պատկերված, ետևում երկու թրերի մեջտեղում` ջահ: Հատակագիծը պարզ է, մոտենում է քառակուսու՝ երկարությունը - 64,9 մ, լայնությունը - 62,8 մ, բարձրությունը - 10,5 մ: Ամբողջ շենքի ծավալը երկհարկանի է, պարագծով ցուցասրահներն են՝ լայնությունը - 9,1 մ, կամարաձև` կամարասրահների տեսքով: Շենքի արտաքին պատերին (բացի մուտքի հանգույցը կրող պատից) առկա եռանիստ ընդանուր հարթությունից դուրս եկող ծավալները ներսի կողմից ցուցադրության համար հիանալի տարածություն են ստեղծում: Կենտրոնական մասում նախագծված են երեք մեծ, իրար հաջորդող դահլիճներ՝ յուրաքանչյուրը 13,0 x 13,0 մ, բարձրությունը` 8,2 մ, որոնք ունեն «հազարաշեն» ավանդական ծածկ ու լուսավորվում են վերևից: Ինչպես Հաղթանակի Մոնումենտի լուծման մեջ, այնպես էլ Ազգագրության թանգարանի շինությունում, Իսրայելյանը լրիվ անլուսաթափանց թվացող շինության մեջ ստացել է բնական հիանալի լուսավորություն: Դահլիճները տեղադրված են մեկ առանցքի վրա և ունեն ամֆիլադային լուծում: Այստեղ ստեղծված է մի միասնական տարածություն: Այս դահլիճները օգտագործվում են պարբերական ժամանակավոր ցուցահանդեսների համար: Կենտրոնական դահլիճներին հարում են փոքր, թվով չորս կանաչապատ ներքին բակեր՝ յուրաքանչյուրը 12,4 մ x 12,4 մ, որոնց միջոցով ապահովվում է կամարասրահների լուսավորությունը և որոնք կարծես հաճելի դադար են առաջարկում ցուցադրություը լարված դիտողին: Շինության մեջ աստիճանները տեղադրված են մուտքի հանգույցը պարունակող պատի աջ և ձախ անկյուններում «աշտարակների» մեջ: Աստիճանավանդակների կենտրոններով անցնում են կախված մետաղե ջահերը:
Շենքը աչքի է ընկնում ծավալատարածական և գեղարվեստական լուծումների միասնությամբ: Հայկական տուֆի այլ երանգները հասու են նաև շենքի ներսում` դահլիճներում: Ինտերիերի լուծման մեջ գերիշխում են արթիկի տուֆի սալերից շարված կամարները, որ նույն ռիթմով աղեղում են հատակագծի քառակուսու բոլոր կողմերը: Ներքին կամարները պատված են հարթաքանդակով:
Հարթությունների մշակումը և ինտերյերներում, և ճակատների վրա աչքի է ընկնում զարմանալի արտահայտիչ պլաստիկայով, համաչափությունների ներդաշնակությամբ: Մշտական փոփոխվող արևի լուսավորության տակ ճակատները ստանում են յուրահատուկ երանգավորում: Ճակատները առանձնացված չեն մեկը մյուսից, դրանք գեղարվեստորեն միասնական են: Պատերի հարթություններում նրբորեն ներգծված են խորշերը` շեշտելով ճարտարապետության պլաստիկան: Համաձայնեցված են որմնախորշերի չափերը՝ խորությունը - 1,5 մ, լայնությունը - 3 մ, բարձրությունը - 8,5 մ պատերի լայնության և երկարության հետ, ինչպես նաև համամասնությունները շենքի ընդհանուր հորինվածքի մեջ: Գլխավոր մուտքի հանգույցը պարունակող ճակատը հարթ է, միայն եզրերում կան կամարաձև որմնախորշեր և եզրափակող աշտարակաձև հնգանիստ «աշտարակներ»: Շինությունը արտաքնապես միաձույլ է, մոնումենտալ, ամրոցային, ներսից՝ հանգստացնող, լուսավոր, մարդկային: Այս երկու, թվում է թե անհամադրելի երկհակադիր թբացող կերպարները իրար մեջ են միահյուսված բացառիկ ներդաշնակությամբ:
Թանգարանի շենքն իշխում է շրջապատին, հանդիսանում հորինվածքային դոմինանտ: Ամբողջության մեջ ստացվել է մի հորինվածք, որ բացարձակապես ժամանակակից է և միաժամանակ` կապված հայ ազգային ճարտարապետության հետ: Կառույցի մեջ չկա ոչ մի ավելորդություն, ամեն ինչ տրամաբանական է, պարզ և իմաստալի:
Ամփելով նշենք, որ 1978-ին, Իսրայելյանի մահվանից հինգ տարի հետո ավարտին հասավ Հայաստանի ազգագրության թանգարանի շենքի շինարարությունը: Շենքի գլխավոր առանցքի վրա զետեղված երեք սրահները ծածկված են երդիկների ու գլխատների համակարգերով, կողքերից համաչափ տեղադրված են չորս բացօթյա բակ-ցուցասրահները: Կառույցի հատակագիծը պարզ է ու հստակ: Թանգարանի ճակատները սակավախոս են, իրենց ասելիքը տեղ են հասցնում նաև պատի կարմրավուն տուֆի միջոցով:
Ամբողջության մեջ ստացվել է մի կոմպոզիցիա, որը և՛ ժամանակակից է, և՛ հայ ճարտարապետության դասական գործ է:

Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1978
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել