Մոնումենտի հուշահամալրիը

1944 թվականին, երբ զորքերը հաղթականորեն մտնում են ֆաշիստական Գերմանիայի տերիտորիան, խորհրդային իշխանությունները որոշում են կայացնում ի նշանավորումն այդ իրադարձության Երևան քաղաքում կառուցել հաղթակամար: Հայտարարվում է բաց մրցույթ, որին մասնակցում են բազում մեծանուն ճարտարապետներ, ի թիվս այլոց՝ Գ. Աղաբաբյանը, Գ. Թամանյանը: Մրցույթում առաջին մրցանակին է արժանանում Ռաֆայել Իսրայելյանը «Մարտիկին» հաղթակամարով, բարձր տեղեր են գրավում՝ «Փառք» հաղթակամարը, հեղինակներ՝ Արա Սարգսյան, Էդմոնդ Տիգրանյան և Գրիգոր Աղաբաբյան, «Գրանիտ» հաղթակամարը, հեղինակներ՝ Գևորգ Թամանյան և Սուրեն Ստեփանյան, «Հայաստան» հաղթակամարը, հեղինակ՝ Սոս Մանուկյան: Հաջորդիվ որոշվում է հաղթակամարի փոխարեն հաղթանակի մոնումենտ կառուցել, որի ծավալում պետք է հաղթանակի թանգարանի շինություն տեղավորվեր և առավել ուշադրություն է դարձվում շինության Երևան քաղաքի բոլոր ծայրերից երևալուն: ՀՍՀ Կենտկոմի քարտուղար Գ. Հարությունյանի հանձնարարությամբ ընտրված տեղում բարձր սյուն է կանգնեցվում ստուգելու համար ընտրված վայրի տեսանելիությունը քաղաքի տարբեր հատվածներից:
Որպես հաղթակամարի մրցույթի հաղթողի` Հաղթանակի մոնումենտի ստեղծման խնդիրը դրվաում է Իսրայելյանի վրա, նմանօրինակ շինությունը չուներ իր նախատիպը և պահանջում էր նորովի մոտեցում, նոր ձևի որոնում. Արձանը պետք է հնչեր նորովի, պատվանդանի մասնակցությունը պետք է լիներ ակտիվ, ունենար նոր մեկնաբանություն: Այդ ամենը բխում էր նաև պատվանդանի չափերից, որ պետք է նշանակալիորեն մեծ ` թանգարանի ծավալն ու գործառույթը պարունակելու համար: Բազմաթիվ քանդակային մոնումենտները, որոնք ունեին շատ դարերի ընթացքում որոշակի ձևերով մշակված կերպար, չէին կարող նախատիպ ծառայել խնդրի լուծման համար: Եթե հուշարձանի ծավալատարածական հորինվածքը լուծվեր եղած նմանօրինակ շինությունների կերպարով, ապա կստացվեր արհեստականորեն մեծացված, մասշտաբազուրկ ստեղծագործություն: Խնդիրը պետք է լուծվեր մի այնպիսի ծավալի ստացմամբ, որի ձևերի մեջ զգացվեր զանգվածի ոչ թե միաձույլ լինելը, այլ ներքին տարածությունը, և միաժամանակ այդ ծավալը չկորցներ իր հիմնական դերը` այն, որ նա պատվանդան է արձանի համար: Ուստի և պետք էր գտնել նոր արտահայտությունը՝ սովորական պատվանդանի և ծավալային կառույցի միջինը, որի մեջ զգացվեր իր իսկական չափն ու ամփոփ ներքին ծավալը: Պետք էր ստեղծել այնպիսի կառույց, որի դերը գլխավորապես արտահայտվեր ոչ միայն արձանը կրկնելու մեջ, այլապես դուրս կգար թանգարանային սովորական մի շինություն, որ կլիներ միանգամայն անընդունելի: Ամբողջական կառույցի զգացողություն առաջացնող պատվանդան ստանալու համար հիմնական ծավալը բաժանվում է և՛ ուղղաձիգ, և՛ հորիզոնական ուղղություններով: Դրա շնորհիվ պատվանդանը ձեռք է բերում ներքին մասնատում ունեցող կառույցի ձևեր: Իսրայելյանը ծավալները մասնատել է այնպես, որ դրանք իրենց համաչափություններով արտացոլում են հարկերի չափերը: Մասշտաբ ստեղծելու լրացուցիչ, օժամդակ էլեմենտներ են հանդիսանում քիվերը, աստիճանները և մուտքային հանգույցները: Իսրայելյանի արխիվում տասնյակներով տարբերակներ կան ինչպես հենց մոնումենտի, այնպես էլ դրան նախորդած հաղթակամարի` տարբերակներ, որոնք խիստ տարբերվում են միմյանցից, անգամ իրարամերժ մոտեցումներով և ճարտարապետահատակագծային լուծումներով: Ի դեպ, այս մոտեցումը հատուկ է Իսրայելյանի ցանկացած կառույցի նախագծման գործընթացին: Մոնումենտի էսքիզային տարբերակներում առկա են լուծումներ, որոնցում հենց նույն` այժմյան ծավալի վրա մարդու արձանի փոխարեն արծվի արձան է տեղադրված` թրով և վահանով, մի այլ տարբերակում անմար կրակն է արձանի փոխարեն բազում փողերից վառվող ... շատ այլ տարբերակներ, յուրօրինակ և միանգամայն մոնումենտի սիմվոլիկան կրող:
Նյութի և գույնի ընտրության խնդիրը ևս կարևոր էր, քանզի տվյալ շինությունը տեսանելի էր լինելու քաղաքամայրի կենտրոնի բազում կետերից: Իսրայելյանը ընտրում է մուգ դարչնագույն երևանյան տուֆը, որը ստեղծում է օրգանական կապ շրջակա բնության՝ այն է բարձունքի հետ, որի վրա վեր է խոյանում կառույցը, ասես լեռան մի մասը, շարունակությունը լինի: Մոնումենտի կոպոզիցիոն գլխավոր կողմնորոշունը ընտրվում է այժմյան Մաշտոցի պողոտայի առանցքը:
Մոնումենտի ընդհանուր ձևը դեպի վեր հարաճող, ձգվող ծավալներ են: Արձանի և պատվանդանի հարաբերությունը մեկը երեքին է՝ 51 և արձանը` 17 մետր: Այս համաչափությունը կոչված է կարևորելու բուն շինության դերը և այն չստորադասելու արձանից: Կառույցի ստորին ծավալը գրեթե քառակուսի հատակագծով պոդիում է, որի կողերի երկարությունը գրեթե 37 մետր է, պոդիումի վերին մակերեսը ընդարձակ տերասա է, որը շրջապատում է պատվանդանի հիմնական զանգվածը: Պոդիումի առջևի մասում է գտնվում 20 մետր լայնություն ունեցող աստիճանաշարը, որը տանում է դեպի թանգարանի գլխավոր մուտքը: Պոդիումի հետևի մասում կառուցված են երկու սանդղաշարեր, որոնք տեղադրված են կենտրոնական առանցքի հանդեպ սիմետրիկ կերպով: Սանդուղքները զարդարված են չկրկնվող բուսական (ֆլորալ) զարդաքանդակներով: Պոդիումի պարագծով տեղադրված են 14 քարակոփ ջրհորդաններ:
Մոնումենտի երկրորդ ծավալը ավելի նեղ է, բարձր է պոդիումից՝ ունի 5 մետր բարձրություն: Այս ծավալի ձևը կոնտրաստի մեջ է մտնում պատվանդանի հիմնական ծավալի հետ ավելի ընդգծելով նրա բարձրությունը և հանդիսանում է կապող օղակ պատվանդանի և պոդիումի միջև: Այս ծավալի պատերին կան քարե ելուստներ, որոնց վրա, զարդաքանդակով շրջանակված, պատկերված են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից սովետական բանակի զորքերի բոլոր տեսակների զինանշանները: Քարե ելուստները միաժամանակ կիրառելի են, նրանք հենարաններ են՝ տոնական օրերին մոնումենտը դրոշներով զարդարելու համար: Սրանով իսկ Իսրայելյանը հստակ նշել է տոնական զարդարանքի տեղն ու չափը` մոնումենտի կերպարը չաղավաղելու համար: Այս երկրորդ ծավալի հիմնական էլեմենտը հիմնական մուտքի հանգույցն է՝ վարդյակներով շրջապատված: Վարդյակները թվով 19 են: Այս վարդյակների կամարը ունի խորհրդանշական իմաստ՝ նրանում է այն մշտադալար ծաղկեպսակը, որը դրվում է պատերազմի անթիվ զոհերին, միաժամանակ սրանում կարելի է տեսնել հաղթակամարի գաղափարը: Կոմպոզիցիոն տեսակետից, նույնպես, չափազանց կարևոր դեր է խաղում վարդյակների կամարը՝ տալով շինության հերոսական, մոնումենտալ մասշտաբին հումանիստական` մարդկային մասշտաբ, որի շնորհիվ աստիճաններով բարձրացողը, մուտք գործողը իրեն չի զգում փոքր և գլխակոր 51 մետրոանոց հսկայածավալ շինության համեմատությամբ: Վարդյակները չեն կրկնվում չեն և ամենակարևորն այն է, որ հեղինակը դրանք գծել է տեղում` քարի վրա: Դրանք տաշվել են հեղինակի անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ: Արժանահիշատակ են Ա. Ղանալանյանի հիշողությունները Իսրայելյանի հետ Մոնումենտի շինարարությանը այցելելու մասին՝ «...Ներքին խանդավառությամբ առլեցուն, պատմելու ընթացքում Իսրայելյանը հերթով մոտենում էր Հաղթանակի հուշարձանի պատվանդանի դահլիճների պատերին և գլխավոր մուտքի դռանը փարագրված զարդաքանդակներին, ձեռքի ափով նրբորեն շոյում իր երևակայության ուժով ծաղկած անշունչ քարերը, ինչպես ծնողը կշոյեր սիրասուն զավակների գանգուրները...»:
Մոնումենտի նախասրահը անսասան և կայուն հիմք է նրա վրա նստած պատվանդանի համար, առաստաղը լուծված է խաչվող կրկնակի երկաթբետոնե կամարներով: Վարի հարկի ծավալը կլոր դահլիճ է, հիմնական դահլիճից տրամագծորեն փոքր, շրջապատված է 4 քառանկյունաձև դահլիճներով: Բուն պատվանդանի ներքին ծավալը կլոր դահլիճ է ամփոփված լուսավոր կամարով, որն արտահայտում է հաղթանակի գաղափարը, ազգի թռիչքը դեպի լուսավոր ապագան՝ կենսալից թափով դեպի վեր ձգվող: Արտաքինից բացարձակ խուլ պատերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ներքին ծավալները լրիվ մութ են և լուսավորությունը բացառապես արհեստական է, բայց միանգամայն ապշեցնող է լուսավորման լուծումը, որի շնորհիվ գմբեթատակ ողջ ծավալը ողողված է արևի ճառագայթների մեջ:
Մոնումենտի կոնստրուկտիվ լուծումը կոմբինացված է, օգտագործված են ինչպես երկաթբետոնե կոնստրուկցիաներ, այնպես էլ քարի կրող կոնստրուկցիաներ, անկյունային որմնամույթեր, երկաթբետոնե կամարներ և գմբեթ, որոնց շնորհիվ կառույցը միանգամայն սեյսմակայուն է, կոնստրուկտորներն են եղել փրձառու ճարտարագետներ Ա. Սարգսյանը և Ա. Մնացականյանը:
Իսրայելյանը մանրազնին կերպով մշակել է բուն մոնումենտին հարող բոլոր ճարտարապետական փոքր ձևերն ու դեկորատիվ տարրերը՝ ճաղեր, լուսասյուներ և այլն:
Մոնումենտի շինության վրա որոշված էր տեղադրվել է Ի. Ջուգաշվիլու արձանը: Բանակցությունների արդյունքում հանրաճանաչ, տաղանդավոր քանդակագործ Սերգեյ Մերկուրովը համաձայնվում է իրականացնել 18-20 մետր բարձրություն ունեցող արձան` կոփածո պղնձից: Ս. Մերկուրովը ուներ քանդակների իրականացման վիթխարի փարձ, որոնցից էին Մոսկվա-Վոլգա ջրանցքի երկու ափերին 18 մետր բարձրությամբ ֆիգուրները: Մերկուրովը, որը շատ սկզբունքային և իր գաղափարներից հետ կանգնող մարդ չէր, հիացմունքով է ծանոթանում Մոնումենտի կառույցի նախագծին և շատ արագ ընդհանուր աշխատանքային լեզու է գտնում Իսրայելյանի հետ: Կարճ ժամանակում նրանք ընկերանում են: Այդ ընկերության ապացույցն է Սկոպասի Մենադայի կրկնօրինակը, որը Մերկուրովը պատրաստում է և ընծայում Իսրայելյանին: Ս. Մերկուրովի հեղինակած արձանը տպավորիչ էր և վեհաշոուք, կրում էր առաջադրված խնդրի լուծումն ամբողջ ծավալով, արտահայտում պատկերված անձի կերպարը և սիմվոլը` ամբողջապես: Արձանը իր ուրվագծով, ծավալով, համաչափությամբ չափազանց ներդաշնակ էր Մոնումենտի ծավալատարածական լուծման հետ: Այն հանդիսանում էր շինությունը եզրափակող, ամբողջացնող էլեմենտ: Ոչ անհիմն տեսակետ կա, որ ԽՍՀՄ տարածքում Ի. Ջուգաշվիլու լավագույն արձանն էր:
Հետագայում «ազգերի հոր» արձանը՝ այն ժամանակի քաղաքաշինության նախարար, Իսրայելյանի սիրելի ընկեր Գուրգեն Կանեցյանի ղեկավարությամբ այնպես զգուշորեն է հանվել, որ շինությանը ոչ մի վնաս չի պատժառել:
Որոշվում է արձանի տեղը թափուր չթողնել և նրա տեղում կանգնեցնել «Մայր Հայաստան» քանդակը: Այդ ժամանակ արդեն ողջ չէր հանճարեղ քանդակագործ Ս. Մերկուրովը:
1955-ին քանդակի իրականացումը Իսրայելյանի միջնորդությամբ հանձնարարվեց քանդակագործ Արա Հարությունյանին: Արժեքավոր է Մ. Գրիգորյանի կարծիքը սրա վերաբերյալ՝ «...կարծում եմ, հեղինակները մինչև վերջ չգտան ստեղծագործական այն փոխըմբռնումը, որ լիակատար հաջողության գրավականն է:»: Քանդակը ո'չ չափով, ո'չ ծավալով ու ձևով ամենևին ներդաշնակ չէ «պատվանդանին»:
Իսրայելյանը իր գործուն մասնակցությունն է ունեցել թանգարանի էքսպոզիցիայի ստեղծմանը: Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի թանգարանը բացվել է 1970 թվականին:

Տեսքը դիմացի հարթակից
Կառուցման վայր: 
Կառուցման տարեթիվ: 
1967
Տիպաբանական տեսակ: 
Կիսվել