Եզրակացություններ

Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործությունների ուսումնասիրումը հնարավորություն է ընձեռում հետևյալ դատողությունների զարգացմանը. երկարատև պատմական ընդմիջումից հետո, անգամ ոչ ազգային կառավարման համակարգի պայմաններում հնարավոր դարձավ կերտել նոր ազգային ճարտարապետություն՝ հիմնված միջնադարյան ազգային ճարտարապետական ավանդույթների վրա: Միևնույն ժամանակ դրանց հաջողվեց հաղորդել նոր կենսական ռիթմին ու առօրյային, բարոյահոգեբանական և կրթական զարգացվածության պահանջներին հատուկ գործառույթներ: Հայաստանյան ճարտարապետության մի նոր ուղղություն, որը պետք է ինքնուրույն, երրորդ ճարտարապետական ուղղությունը լիներ և լիիրավ կերպով գոյակցեր Թամանյանական դասականության և կոնստրուկտիվիստ-մոդեռնիստների ուղղությունների հետ, որի ամբողջականությունն ու համահայկական սերը իրավունք են վերապահում այն անվանել հայկական ճարտարապետության Իսրայելյանական դպրոց, թեպետ, և դպրոցը չունեցավ մեծաքանակ հետևորդներ: Դա պայմանավորվում է խորհրդային իշխող հասարակարգի ապազգային բնույթով, իսկ անկախ Հայաստանի ժամանակաշրջանում արժեհամակարգի և ոլորտի կառավարման ինստիտուտների չկայացվածությամբ: Իսրայելյանի համար մեծ ու փոքր, նշանակալի ու աննշան աշխատանքներ գոյություն չեն ունեցել. ցանկացած ստեղծագործություն հավասարապես կարևոր է եղել և միևնույն եռանդով ու բարեխղճությամբ կատարված, ամեն ստեղծագործության վրա աշխատելիս ստեղծել է բազում, որակով ու մտքի թռիչքով իրար հավասար տարբերակներ: Լիներ կրծքանշան, հրավիրատոմս, թե հսկայածավալ շինություն, նա միևնույն ոգևորությամբ էր աշխատում: Դրա բացահայտ վկայություններ են գործերի այն անթիվ-անհամար տարբերակները, որոնք պահպանվել են նրա արխիվում:
Հանրագումարի բերելով աշխատության հիմնական դրույթները՝ ամրագրվել են հետևյալ եզրահանգումները.
• Խորհրդային Հայաստանի լայնածավալ կառուցապատման, քաղաքներում և գյուղերում համատարած շինարարության, ճարտարապետական դպրոցների կազմավորման սկզբնական տարիներին, Ալ. Թամանյանի մահվանից հետո, ճարտարապետների շրջանում մեծ խանդավառություն առաջացրած կոնստրուկտիվիզմի ժամանակաշրջանում Երևան եկավ Ռաֆայել Իսրայելյան ճարտարապետը, որը տրամագծորեն հակադարձ ու նոր գաղափարներ ուներ կառուցվող Հայաստանի համար:
• Իսրայելյանը կարևոր դերակատարում ունեցավ ՀԽՍՀ հասարակական կյանքում: Մեծ է Իսրայելյանի ավանդը Հայկական հուշարձանների ուսումնասիրման, հուշարձանների պահպանության բնագավառում: Իսրայելյանի մտահաղացմամբ, ՀԽՍՀ ղեկավարության մոտ մեծ հարգանք վայելելու շնորհիվ ի կատար ածվեցին այնպիսի համազգային նշանակության կոթողներ ինչպիսիք են՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի ազգագրության թանգարանը, հուշարձան-աղբյուրները ամբողջ հանրապետությունով մեկ, Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր կառուցելու անհրաժեշտությունը (հեղ. Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան):
• Իսրայելյանի գրական ժառանգությունը բաղկացած է թվով 87 հոդվածներից, գրախոսություններից, աշխատություներից և գիրքերից: Քաղաքացու բարձր որակները անտարբեր չէին թողնում հեղինակին Երևանի հետ կապված և ոչ մի հարցից, ինչի արդյունքում հրապարակվել են բազում հոդվածներ թե՛ Երևանի քաղաքաշինական խնդիրների վերաբերյալ, թե՛ բնական լանդշաֆտի պահպանման հարցերի, թե՛ պատմական հուշարձանների պահպանման հիմնախնդիրների և զարգացման վերաբերյալ: Հեղինակը կատարել է ուսումնասիրություններ հայկական միջնադարյան ճարտարապետության վերաբերյալ, գրախոսել է այլ հեղինակների արժեքավոր աշխատություններ և գրքեր, արվեստի, բանահյուսության, երաժտության և պարարվեստի վերաբերյալ: Իսրայելյանի հոդվածներում արտահայտված քաղաքաշինական և շինարվեստի վերաբերյալ հարցերը խիստ արդիական են նաև այսօր: Երևան քաղաքին վերաբերվող մի շարք դրույթներ, նույնիսկ ավելի արդիական են այժմ, քան դրանց հրապարակման ժամանակահատվածում:
• Իսրայելանի ճարտարապետական, գեղարվեստական ստեղծագործությունները զբաղեցնում են հայկական և միջազգային արդի ճարտարապետության մեջ լրիվ ուրույն, անկրկնելի տեղ: Իսրայելյանական արվեստի արտահայտումները հնարավոր չէ շփոթել որևէ այլ հեղինակի ստեղծագործությունների հետ: Հասարակական, արդյունաբերական և բնակելի շինություններին հատուկ են հատակագծային ֆունկցիոնալ լուծումները և գոտևորումը, հիմնականում քառակուսի արտաքին ուրվագիծը, կենտրոնական մասերում հաճախ հանդիպող ներքին այգիները, կլոր ծավալները, շինությունների կենտրոնով անցնող խաչվող առանցքների հանդեպ սիմետրիան:
• Բարձր ֆունկցիոնալություն ունեցող շինությունների ծավալները առավել իսրայելյանական են դառնում բարձր գեղագիտական մշակում ունեցող ճակատների շնորհիվ: Ճակատները համադրված են բնական և արհեստածին միջավայրի հետ խիստ օրգանապես, մշտապես միասնական ոճական ներդաշնակություն ստեղծելու միտումով: Ճակատների բացարձակ մեծամասնությունը երեսպատված են հայկական քարերով՝ տուֆ, բազալտ: Կախված շինության տիպաբանական տեսակից, բովանդակային առանձնահատկություններից երեսպատման/կոնստրուկտիվ օգտագործված քարի մշակման աստիճանը, առավել արտահայտչականություն է հաղորդում այս կամ այն շինությանը: Ճակատներին հատուկ են նաև կամարները, կամարաշարերը, հարթաքանդակները: Ճակատների վրա մեծ ծավալ են զբաղեցնում քարի մասաները: Լուսամուտները հիմնականում կրում են համեստ ծավալ, լուսավորության ապահովումը բազում շինություններում կատարվում է տանիքից, կամ դրան հարող՝ գետնին զուգահեռ հարթությունների վրայից:
• Շինությունների ներքին հարդարման մեջ մեծ է հարթաքանդակների կիրառման ծավալը, հանդիպում են նաև որմնանկարներ, բացվածքների շնորհիվ բնապատկերները դառնում են ներքին ձևավորման կարևոր էլեմենտ, հաճախ նաև դոմինանտ: Ինտերիերներում ևս գերակշռում է ազգային թեմատիկան, մշակվում են բոլոր դետալները:
• Իսրայելյանական ճարտարապետությանը հատուկ է շինության օրգանական ինտեգրումը բնության մեջ: Նա օժտված է եղել իր յուրաքանչյուր կառույցի տեղն անվրեպ ընտրելու, շինությունն ու բնության տվյալ հատվածը ներդաշնակելու և ամբողջացնելու առանձնահատուկ շնորհով: Օգտագործվում է լանդշաֆտի բնական էլեմենտները որպես դոմինանտ, բնության ռելիեֆն է ընդգծվում շինությամբ, բնական ռելիեֆը հարստացվում է շինության ուրվագծով, շինությունը կրկնում է բնական ռելիեֆի ուրվագիծը:
• Եկեղեցաշինության մեջ Իսրայելյանը դերը ծավալուն է: Թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում կառուցված եկեղեցական շինությունները կրում են թե՛ տվյալ տեղին հատուկ, թե՛ Հայ առաքելական եկեղեցուն հարիր կերպար, միևնույն ժամանակ արտահայտելով «Իսրայելյանականությունը»:
• Ճարտարապետական փոքր ձևերի մեջ Իսրայելյանին կարելի է համարել չգերազանցված վարպետ և այդ մոռացված ուղղության վերաստեղծող: Աղբյուր հուշարձանների, հուշակոթողների մեջ հեղինակը ստեղծել է ահռելի թվով զարթաքանդակներ, օրնամենտներ, հարթաքանդակներ՝ սյուժետային, բուսական, կենդանական, առասպելական թեմաներով: Ճարտարապետական փոքր ձևերը հարուստ են նաև վիմագրերով, արձանագրություններով: Տառատեսակները խիստ ասկետիկ են, վերտիկալ ուղղությամբ ձգված, առանց զարդարանքների և ավելոդությունների: Արձանագրությունները խրատական են, սերունդներին ազգային իմաստություններ փոխանցելու, աշխատանքը և աշխատավորին հավերժացնելու փորձեր են:
• Իսրայելյանի թողած նյութական և մտավոր ժառանգության վերլուծությունը թույլ է տալիս այն համարել Ճարտարապետական դպրոց: Ինչպես նշում է ականավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, Իսրայելյանի նախագծած մեծ ու փոքր ճարտարապետական ձևերը պահպանության և հոգատար վերաբերմունքի կարիք ունեն, քանի որ դրանք հատուկ երևույթ են հայկական ճարտարապետության մեջ:
• 20-րդ դ. Հայաստանում տիրապետող ճարտարապետական դպրոցներն էին Թամանյանական դասականությունը՝ ազգային տարրերով, կոնստրուկտիվիզմը, որը հետագայում վերաճեց մոդեռնիզմի: Իսրայելյանի ճարտարապետությունը հնարավոր չի դասել վերը նշվածներից և ոչ մեկին, ինչպես նաև համարել այն ավելի վաղ ժամանակների որևէ ոճի վերակենդանացում: Միևնույն ժամանակ նրա ոճի ճանաչումը, համազգային ընդունումը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում (մեծամասամբ հայկական մեծ համայնքներ ունեցող երկրներում) թույլ չեն տալիս այն չընդգծել և չառանձնացնել, ինչերի հիման վրա վստահորեն Իսրայելյանի ոճն ու ստեղծագործությունները առանձնացնում ենք որպես Իսրայելյանական դպրոց: Ցավոք, այդքան ժողովրդական սեր ու ճանաչում վայելելով հանդերձ չգտնվեցին այս դպրոցի շատ հետևորդներ: Այս դպրոցի առավել աչքի ընկնող ներկայացուցիչներ կարող ենք համարել Ջ. Թորոսյանին և Ա. Իսրայելյանին, միևնույն ժամանակ ակնհայտ են այժմ գործող ճարտարապետներից ոմանց ճարտարապետական կառույցներում Իսրայելյանական տարրերը և մոտեցումները:
• Իսրայելյանի աշխատանքները, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքի հայկական համայնքներում հանդիսանում են հայկականության, հայրենիքի կարոտի, հայ ազգի հավերժականության խորհրդանիշներ: Սփյուռքի բազում համայնքներում Իսրայելյանական շինությունները վերարտադրված են հուշանվերների, քանդակների, բեմական դեկորացիաների, գեղանկարների մեջ: Զորօրինակ Լիբանանի Բիքֆայա քաղաքում գտնվող ամենանշանավոր ցեղասպանության հուշարձանի հատվածներից մեկը, որում քանդակված են Սարդարապատի պահապան ցլերն ու զանգաշտարակը:
• Իսրայելյանի և իր աշխատանքների հանրահռչակման գործում մեծ կարևորություն ու դեր ունի համացանցային ռեսուրսների կիրառումը, որի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ սկսվեցին իրականացվել 2008 թվականից: Տարիների աշխատանքների և դրանց արդյունքների վերլութծությունը ցույց են տալիս, որ թվային ռեսուրսների կիրառումը տվյալ դեպքում չափազանց արդյունավետ է: Համացանցային ռեսուրսների՝ մասնավորապես անհատական կայքի և ամենատարածված սոցիալական ցանցի էջի կիրառումը անգամներով մեծացրեց Իսրայելյանի ժառանգության ճանաչումը, օգնեց անհատներից թեմայի վերաբերյալ բազում նյութեր ստանալ, որոնք հնարավոր չէր գտնել անձնական և պետական արխիվներից: Իսրայելյանի աշխատանքները ընդգրկվեցին միջազգային «The Other Modern Architecture» ճարտարապետական էջում:
• Կատարված աշխատանքից վստահորեն կարող ենք եզրակացնել, որ Իսրայելյանի աշխատանքները, ճարտարապետական ոճն ու ուղին հարկավոր է ուսուցանել, ցուցադրել թե՛ մասնագիտական ԲՈՒՀ-երի ուսանողության, թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային հանրությանը լայն շերտերին:

Կիսվել