Հարթաքանդակը ստեղծագործություններում

Իսրայելյանի մեծ ու փոքր կառույցներն անհնար է պատկերացնել առանց նախշազարդերի: Դրանցից շատերը հարթաքանդակներ ունեն: Հարթաքանդակների կիրառումը ճարտարապետական շինությունների, կոթողների վրա գալիս է պալեոլիթի ժամանակաշրջանից: Տարբեր ժամանակաշրջաններում և քաղաքակրթություններում հարթաքանդակներն ունեցել են մշակման տարբեր եղանակներ, զանազան ոճեր, խորհրդանշական իմաստ և, իհարկե, գեղարվեստաարտահայտչական նշանակություն: Հարթաքանդակները հաճախ ունեցել են ոչ միայն գեղարվեստական զարդարանքի՝ դեկորի էսթետիկական նշանակություն, այլև կրել են տեղեկատվական բնույթ: Այսինքն` սրանք, հաճախ ոչ միայն ժողովրդի հոգևոր մշակույթի` հատկապես գեղագիտության, մտածելակերպի, հոգեբանության, այլև կենցաղի, ապրելակերպի, անգամ պատմական իրադարձությունների մասին են արժեքավոր փաստեր հաղորդում:
Իսրայելյանի հարթաքանդակները, քարե և մետաղե քանդակներն ու փորագիր նախշերը բոլորն իմաստավորված են և գալիս են հայկական մշակույթի հնագույն ավանդույթներից` հաճախ կապվելով տարբեր պաշտամունքների և ժողովրդական հավատալիքների հետ: Սա բոլորովին պատահական չէ, քանի որ նա մշտապես ուսումնասիրել է ժողովրդական բանահյուսությունը, հնագիտությունը, միջնադարյան և ժամանակակից գրականությունն ու արվեստը:
Իսրայելյանի ճարտարապետական հավատամքը հայկական ազգային ճարտարապետությունն է, նրա ստեղծած նախշերն էլ, բացի խիստ ազգային դիմագծից, ունեն միանգամայն ինքնատիպ, չկրկնվող ձևեր որոնք երբեմն պարզ ու ասկետիկ են, երբեմն` հարուստ և ճոխ, բայց միշտ` հայկական: Դասակարգելով Իսրայելյանի ճարտարապետական ստեղծագործություններում հանդիպող դեկորատիվ տարրերը, դրանք կարող ենք բաժանել հետևյալ խմբերի՝
Բուսական (ֆլորալ)
Կենդանական
Թեմատիկ / սյուժետային
Հերոսական / ռազմական
Կոմբինացված
Արձանագրություններ
Իսրայելյանը հենց իր առաջին շինության` «Արարատ» տրեստի գինու մառանների պարզ ու զուսպ ծավալը զարդարում է հարթաքանդակներով: Շենքի ճակատների հարթաքանդակները միանգամայն տարբեր են թե՛ տեսակով, թե՛ մոտեցմամբ: Արևմտյան ճակատին դեկորատիվ ֆրոնտոններով ավարտվող սյուների միջև տեղադրել է գինու կարասներ (որոնց ձևերը գալիս են Վանի թագավորության շրջանից և շարունակվում մինչև այսօր): Նա գինու կարասները զարդարել է բուսական հարթաքանդակով՝ խաղողի ողկույզներ, նռներ, տերևներ: Երեք կարասների դեկորները չեն կրկնվում, թեև երկու կողմերում խաղողի ողկույզներ ու տերևներ են, իսկ կենտրոնում` նռներ: Իսրայելյանի հետագա աշխատանքներում ևս զարդանախշերը չեն կրկնվում: Նրա նկարչական երևակայությունն անսպառ էր: Դա արտահայտվում էր նաև նրանով, որ ցանկացած աշխատանք կատարելիս բազում տարբերակներ էր ստեղծում:
Գինու մառանների հյուսիսային ճակատի պիլյաստրները եզերող խոյակները նույնպես բուսական և կենդանական նախշեր ունեն` մի քանիսը կրկին խաղողի ողկույզներով են զարդարված, մյուսները` նռներով, կան նաև եղջրագավաթներ (ռիտոն), ծաղկանախշեր ու թռչուններ: Երևի նպատակահարմար չէ առանձնացնել այս կառույցի հարթաքանդակները ըստ խմբերի: Սրանք թեև տարբեր տեսակներին են պատկանում, բայց հաճախ միախառնված են: Այստեղ նորից ոչ մի խոյակ չի կրկնվում: Ճակատների վրա կան քանդակված արձանագրություններ: «Մառանների» պատերից մեկի արձանագրությունը երկու լեզվով է գրված` հայերեն և ռուսերեն. բովանդակությունը հետևյալն է. «Այստեղ 1827 թվականին հեղինակի ներկայությամբ առաջին անգամ բեմադրվեց ռուս մեծ գրող Ալեքսանդր Սեևգեևիչ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» անմահ կոմեդիան»:
Բուսական, կենդանական և նույնիսկ կենցաղային առարկաների պատկերներով հարթաքանդակներ ունի Սայաթ-Նովային նվիրված կոթողը` Սայաթ-Նովայի փողոցում: Մի կողմից բարձր բուսանախշերն են ծաղիկներով, եղնիկն է, թռչունը, գինու թասը, սափորը և կարասը: Երկրորդ երեսին տարբեր չափերի ծաղիկներ ու կոկոններ են քանդակված: Վերևի քառանկյուն, հորիզոնական քարի երկու երեսին վրա ` Սայաթ-Նովայի բանաստեղծություններ են, գրված ձեռագիր տառերով, մի երեսին` նաև Արարատ լեռն է պատկերված:
Գրությունները ևս շատ հատկանշական են Իսրայելյանի աշխատանքներին: Դրանք վկայում են տարբեր իրողությունների ու նաև տվյալ վայրում տեղի ունեցած պատմական իրադարձությունների մասին, և կարծես դառնում են պատգամ` ապագա սերունդներին: Իսրայելյանի շինությունների վրա կարելի է հանդիպել ժողովրդական առածների, հայրենասիրական բանաստեղծական հայտնի տողերի հավերժացման, ինչպես օրինակ հանճարեղ Եղիշե Չարենցի տողերը, ինչպես ինքը` Իսրայելյանն էր ասում «Մասիսի տաճարի» կամարի եզրով մեկ` «Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում»: Արձանագրություններում հեղինակը ոչ միայն իր մտքերն ու պատգամներն է հասցնում ապագա սերունդներին, այլև իր վերաբերմունքը ու խոնարհումն է հայտնում պատմական իրադարձությանը, հայ ժողովրդի ճակատագրին ու ապագային և ազգի մեծերին: Այս տեսանկյունից հարկավոր է հատկապես նշել այն փաստը, որ «Արարատ» տրեստի գինու մառանների որմնասյուներից մեկի խոյակին նստած դիրքով, դեպի ետ նայող մի նրբագեղ եղնիկ է պատկերել և սյան վրա փորագրել հետևյալ արձանագրությունը` «Ժողովրդական նկարիչ Հակոբ Կոջոյանի այս եղնիկը քանդակեցինք երախտագիտությամբ» [ , էջ64]: Այսպիսով Իսրայելյանն արտահայտել է իր խոր հարգանքն ու սերը մեծագույն նկարիչներից մեկի` Հակոբ Կոջոյանի նկատմամբ: Դրանով նա կարողացել է տրամադրություն ստեղծել, ուշադրություն հրավիրել գեղեցիկի վրա և իր զգացմունքները կիսել դիտողի հետ:
Բուսական հարթաքանդակները հանդիպում են, կարելի է ասել, Իսրայելյանի բոլոր ստեղծագործություններում: Նրա ստեղծած բուսանախշերը հաճախ կրում են կենաց ծառի խորհուրդը, պատկերում են հայոց խաղողը, նուռը, ճյուղեր, ամենատարբեր ծաղիկներ ու տերևներ: Այսպես` Ապարանի հերոսամարտի եռախորան հուշարձանի կենտրոնի խորշի ոճավորված թրի նման կոթողի տակի երկու անկյուններում դեպի վեր ուղղված մեկական տերև է քանդակված, «թրի» ակոսի ներքևում քանդակված է` «1918», և «Ապարանի ճակատամարտի հերոսներին»: Նրա աջ կողմի խորշում, քառանկյունաձև հուշարձանի կենտրոնում խիտ նախշերով վարդակ է` շքանշանի նման, կարծես հավերժական երախտագիտության նշան լինի, երեք կողմերից գծանախշերով երիզված` կլորավուն ծայրերով զուսպ նախշով, որի ներքևում արձանագրությունն է` «1941-1915 թթ. Հայրենական Մեծ Պատերազմում զոհված ապարանցիներին»: Ձախ կողմի կոթողն իր ուրվագծով և կառուցվածքով դասական խաչքարի նման է` կառուցված միակտոր քարից և պատվանդանի հետ մեկ ամբողջություն է կազմում: Բայց «պատվանդանի» երկու հորիզոնական կողմերը տարբեր բարձրություններ ունեն, որ կարծես կենդանություն են տալիս նրան: Խաչքարանման հուշակոթողի քիվից ներքև քառագիծ կամար է փորված, նրա կենտրոնում երեք շարքով` «1915», «Մեծ եղեռնի», «նահատակներին»: Ողջ մակերեսի վրա քանդակված են դեպի վեր բարձրացող երկու ոլորուն, նրբագեղ ճյուղեր` ոճավորված տերևներով և ծաղիկներով: Դեպի վեր աճող ու վեր ձգտող բույսերը վերածննդի, նոր կյանքի ու հարատևության խորհրդանիշներն են, որ ցույց են տալիս անմահ լինելու հայ ժողովրդի տեսակն ու կամքը: Մեծագույն ողբերգության մասին հիշեցնում է միայն ճյուղերից մեկի վրա նստած, գլուխը դեպի ներքև ուղղած, տխուր թռչունը, որը նկատողը, հազիվ թե երբևէ մոռանա, այնքան զուսպ ու ազդեցիկ ու տպավորիչ է նա:
Կենաց ծառ կարող ենք տեսնել նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի բակում 1965 թվականին կանգնեցված Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված խաչքարերից բաղկացած հուշարձանի ներքևի աջ կողմում: Սա բոլորովին այլ կառուցվածք ունի` ուղղաձիգ, դեպի վեր քիչ լայնացող առանցքով, գագաթին մեկ և երկու կողմերից դեպի վեր ուղղված երեքական միաչափ տերևներով, որոնք հեռավոր նմանություն ունեն Վանի թագավորության արվեսում հանդիպող կենաց ծառերին: Վերևի երկու կողմերում այս հատվածի քիվի տակ երկու տարբեր նախշերով վարդակներ կան: Այս կոթողի մյուս խաչքարերից յուրաքանչյուրը, բացի խաչերից, բուսանախշեր ունի, որոնք բացարձակապես տարբեր են, այնպես, ինչպես և իրենք` խաչքարերը:
Բուսական հարթաքանդակներ կան Իսրայելյանի նախագծած բնակելի շենքերի վրա: Քննարկելով Մաշտոցի պողոտայի բնակելի տան նախշերը, արժե նշել, որ նրանց կառուցվածքի սկզբունքը գալիս է հայկական դեկորատիվ արվեստի տարբեր ճյուղերում հանդիպող նախշերից` բույսը դուրս է գալիս ծաղկամանի մեջից: Այս հորինվածքը տեսնում ենք միջնադարյան ձեռագիր մատյանների ծաղկողների գործերում, մեզ հասած հին ասեղնագործ նմուշներում և անգամ հին, ավանդական զգեստների ձևավորումներում, հյուսված գոտիները ներառյալ: Իսրայելյանի ծաղկամանների պատկերները ներկայացնում են նստուկով, բռնակներով, նախշազարդված սափորներ, նրանցից դուրս եկող բույսերը տարբեր կողմեր ուղղված տերևներ ունեն, վերևում` երեք, տարբեր նախշերով ծաղիկներ և կոկոններ: Ըստ որում, յուրաքանչյուրը տեղադրված է ավելի խոր փորված, խորշանման, ձգված կամարի մեջ: Բուսանախշեր ունեն նաև Բագրատունյաց փողոցի վրա գտնվող բնակելի շենքի ճակատն ու սյուների խոյակները:
Հաճնի հերոսական ինքնապաշտպանության հուշարձան-թանգարանի ճակատին արված արձանագրության ձախ հատվածում, որով ընդգծվում է արձանագրության տեղը, խաղողի ողկույզներ և տերևներ են քանդակված: Ողկույզն ու տերևը հանդիպում են նաև հուշարձանի վերին հատվածում տեղ գտած արծվի թևի տակ: Սրանով հեղինակը արտահայտել է հայ զինվորի հերոսական ուժերով հայոց հողի ու հայ ժողովրդի պաշտպանության ալեգորիան: Խաղողն ու գինին անբաժան, բազմանշանակ խորհրդանիշներ են: Գինին հին առասպելական պտղաբերության խորհրդանիշ է, որը նույնանում է մարդու արյան հետ: Գինու և արյան առասպելաբանական նույնացման հնագույն վկայություններ կան հին խեթական ծեսերի և միջին խեթական զինվորական երդման տեքստերում, որտեղ ծեսն իրականացնողը, գինին հեղելով բացականչում է. «Սա գինի չէ, սա ձեր արյունն է»: Բացի այդ, գինու առասպելաբանաստեղծական կերպարը կյանքի ուրախությունների խորհրդանիշներից է: Արյունն ու գինին նույնանում են նաև Քրիստոսի ուսմունքում. Ըստ Մատթեոսի Ավետարանի վերջին ընթրիքի ժամանակ. «Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար»:
Բուսական թեմատիկայով հարթաքանդակների լավագույն նմուշն է Երևանում Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի Մոնումումենտի մուտքը երիզող վարդյակների պսակը. սրանք բոլորն, ասես, մանրանկարներ կամ ժանեկազարդ գործվածքներ լինեն: Ի դեպ, հենց այս վարդակներն են, որ նախապես չեն գծվել թղթի վրա, այլ հեղինակն անմիջապես քարի վրա է նկարել դրանք, իսկ վարպետները` քանդակել են: Մոնումենտի շինության վրա աստիճանավանդակների բազրիքներն են պատված բուսական հարթաքանդակներով, անձրևատարները և այլն:
Հաղթանակի մոնումենտի նախշազարդերի մասին ինքը` Իսրայելյանը գրել է. «Ինձ նույնիսկ ճարտարապետները հարց են տալիս, թե ի՞նչ նյութերից, ի՞նչ սկզբնաղբյուներից եմ օգտվել բոլոր այդ զարդաքանդակները, քիվերը և մյուս էլեմենտները ստեղծելու համար: Ինչո՞վ եմ առաջնորդվում, որտեղի՞ց եմ առնում օրինակները: Չէ՞ որ մոնումենտի վրա չկա բարձրաքանդակի և ոչ մի նկար, որ կրկնվի, հանդիպի երկրորդ անգամ: Ահա տերասում դրված քարե նստարանի պատերը. այստեղ զարդաքանդակի շուրջ հիսուն սյուժե շրջագծով ձգվում են հարյուր մետր, և բոլորը տարբեր են ոչ միայն տարրերի համադրմամբ, այլև բնույթով: Ես դիտմամբ եմ այդպես արել, որպեսզի ցույց տամ ոչ միայն նկարի, այլև ռելիեֆի մշակման ու կոմպոզիցիայի հարստությունը:
Վարդյակները, որոնք ի մի են գալիս իրենց հիմնական չափերով միայն, այդ վարդերի թերթերը, վարդերի, իբրև կանոն, հնգաթեր միջուկները չափազանց տարբեր են, տարբեր և՛ սխեմայով, և՛ մանրամասներով: Վարդի թերթերն ամեն անգամ փոխվում են, ընդունելով նորանոր ձևեր: Այստեղ ես արել եմ մի ռելիեֆ, որ հայ մեծահարուստ դեկորատիվ ճարտարապետության մեջ չի օգտագործվել. դա մի բազմապլան, ուստի և հնչեղ բարձրաքանդակ է:
Ի վերջո, բոլոր վարդերն արդեն փորագրված էին, բայց ռելիեֆն ինձ թվում էր ոչ այնքան հյութեղ ու խորունկ: Եվ ահա, գործն ավարտելուց հետո, ես մեծացրի արդեն պատրաստ վարդերի խորությունը: Եվ դրանք դարձան ավելի վառ, ավելի ռելիեֆ: Որտեղի՞ց եմ առել ես այդ օրինակները: Օրինակ` այն եռանկյունի զարդերը, որ փորագրված են մոնումենտի ետևի աստիճանների եզրապատին: Որտեղի՞ց եմ առել ջրհորդանների գծանկարները, որոնք, քանդակային այդպիսի մեկնությամբ, չկան մեզնում: Կամ` լուսավորող սարքերի համար արված քարե ելուստները:
Պատասխանը կարող է լինել մշուշապատ և անստույգ. դա կարող է արտահայտվել այսպես` ամենուրե՛ք և ո՛չ մի տեղից: Հիրավի, ոչ մի տեղից, քանի որ ես որևէ դետալ չեմ վերցրել գոյություն ունեցող մի որևէ հին կամ նոր կառույցից: Բայց դրանք տեսել եմ անհամար քանակությամբ, շատ եմ տեսել և շատ տարիների ընթացքում: Տեսծս բազմաթիվ ռելիեֆներից հիշողությանս մեջ մնացել են դրանց ոչ թե պատկերներն իրենց կոնկրետ ուրվագծերով ու ձևերով, որոնք ես կարող էի վերարտադրել, այլ դրանց ընդհանրացված տպավորությունը, դրանց ոգու, բնորոշ մանրամասների պատկերացումը: Արտանկարում չի եղել բնա՛վ»:
Բուսական հարթաքանդակներ են հանդիպում բոլոր ճարտարապետական փոքր ձևերում՝ աղբյուր-հուշարձաններում, ցայտաղբյուրների, Ավ. Իսահակյանին նվիրված նստարանի վրա և այլն:
Կենդանական հարթաքանդակները հանդիպում են Ապարանի հերոսամարտի, Գևորգ Չաուշի թանգարանի, Մեծ Եղեռնի նահատակաց հուշարձան-խաչքարի, ինչպես արդեն նշվեց` «Արարատ» տրեստի գինու մառանների, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Մայր Աթող Սուրբ Էջմիածնի Ավագ խորանի վրա և այլուր: Կենդանական մոտիվներից հարթաքանդակներում առավել մեծ տեղ են գրավում արծիվների հարթաքանդակները: Հնագույն ժամանակներից ի վեր ինչպես հայերն, այնպես էլ բազմաթիվ այլ ժողովուրդներ, արծվին խորհրդանշական տարբեր իմաստներ են տվել: Նրան վերագրվել են երկնային հզորության, կրակի և անմահության գաղափարները: Նա համարվել է աստվածների պատգամաբեր և աստվածության վերափոխված կերպար: Արծիվը կենդանիներից ամենաշատն է աստվածացվել և պաշտամունքի առարկա հանդիսացել: Միջագետքում արծիվը համարվել է ռազմի աստծո` Նինուրտայի խորհրդանիշը, Հունաստանում` Զևսի, Հռոմում` Յուպիտերի և այլն: Ընդհանրապես թռչունները տարբեր առասպելաբանաստեղծական ավանդույթներում հանդես են գալիս որպես կրոնա-առասպելական համակարգի և ծեսի բազմապիսի գործառույթներ կատարող պարտադիր տարրեր: Նրանք կարող են հանդես գալ որպես աստվածային արարիչներ, հերոսներ և այլն: Նրանք աստվածային էության, վերևի, երկնքի, արևի, որոտի, ազատության, աճի, կյանքի, պտղաբերության, առատության, վերընթացի, ներշնչանքի, կանխագուշակության, տիեզերական տարբեր ոլորտների կապի, հոգու, կենաց ոգու խորհրդանշական իմաստ ունեն: Հայկական հեքիաթներում թռչունները հերոսին մեկ աշխարհից մյուսն են տեղափոխում, բերելով լույս աշխարհ:
Թռչունները և հատկապես արծվի մոտիվը Իսրայելյանի ճարտարապետական աշխատանքներում տարբեր ձևերով է արտահայտվում` որպես hարթաքանդակ, ինքնուրույն արձան, դեկորի տարր: Օրինակ` Արծիվ-շինարար հուշակոթողի արծիվը ձուլված է բրոնզից (նա շինարարական ուղղալար է բռնել): Այստեղ արծվի կապը արևի հետ ուղղակիորեն արտահայտված է թռչնի գլխավերի ճառագայթավոր արևի կիսաշրջանով: Կոթողը տեղադրված է Երևան քաղաքի հարավային մուտքի մոտ և քաղաք մտնողներին արծիվը «ողջունում» իր թևատարած, իմաստուն տեսքով: Իսրայելյանական արծիվներին հատուկ է խրոխտ, մարտական կեցվածքը, սուր հայացքը, հզոր թևերը, ամուր ճանկերը: Հաճախակի թևերի վերին հատվածում կարելի է տեսնել հավերժության նշան, ինչպես Գաջագործների փողոցի վրա գտնվող 1915թ. եղեռնի զոհերին նվիրված հուշարձանում:
Սարդարապատի հուշահամալիրում կան արծիվների քանդակներ և հարթաքանդակներ: Արծիվների քանդակները դեպի Ազգագրության թանգարան տանող ուղու երկայնքով են կանգնած, իսկ հարթաքանդակները թանգարանի մուտքի գլխին են և ներսում: Ապարանի հերոսամարտի հուշարձանի ճակատի վերևի մասում գլուխները դեպի ետ դարձրած արծիվները երկու կողմից բռնել են սուրը:
Իսրայելյանի ստեղծած արծիվներից ամենահզորն ու առնականը, թերևս, Մուսա լեռան հերոսական պաշտպանության հուշարձանն է, որն ամբողջությամբ ինքը` արծիվն է: Նրա կերպարանքն է արտահայտում ողջ ծավալն ու ուրվագիծը` վերևի հատվածում նկարված արծվի աննման գլխի փորագրությամբ: Շա~տ ափսոս, որ հեղինակի մահից հոտո կամարի գլխին քառանկյան մեջ մի անհարիր հարթաքանդակ է հայտնվել, որն ավելի լավ է չնկատել:
Թռչունների հարթաքանդակներից արժե հիշատակել «Արագիլ» ռեստորանի պատին քանդակված, մեկ ոտքի վրա կանգնած արագիլը` ներքևում գալարվող ճյուղերի նմանվող, տերևներով և ծաղիկով զարդանախշերով, որոնք ջրի և բույսերի ասոցիացիա են առաջացնում:
Աղավնիներ են պատկերված Միլանի հայկական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցու կենտրոնական մուտքի վերևի մասում:
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի կոր պատի վրա թևավոր նժույգներ են պատկերված, որոնք տրորում են օձերին: Սա խորհրդանշում է բարու, արդարի հաղթանակը նենգ թշնամու դեմ: Հայաստանի ազգագրության թանգարանի ետին կամարաձև դռան վրա նույնպես օձեր են պատկեված, սակայն մետաղից են և ձուլածո և ունեն հակառակ իմաստը: Սրանք չար չեն, շատ բարդ է և՛ հորինվածքը, և՛ իմաստը: Ամբողջական պատկերը կանացի դեմքի է նման: Կենտրոնում ուղղահայաց գիծ կա` հասկաձև պարզ նախշերով: Երկու կողմից դեպի վեր են ուղղված վեցական օձ, որոնցից չորսի ներքևի ծայրերը ոլորված են դեպի վեր և նման են կնոջ մազերի խոպոպների: Դռան կենտրոնում, առանցքի երկու կողմերում մեկական օձերն այնպես են դասավորված, որ նրանց հորիզոնական գլուխները` շեշտված աչքերով նման են կնոջ աչքերի, իսկ ոլորված պոչեի ծայրերը` կնոջ քթի ռունգերի: Սրանցից վեր կրկին օձեր են պատկերված. նրանց գլուխներն վերևից ներքև են իջնում և ոլորված պոչերի հետ միասին` նմանվում են ճոխ ճակատազարդի: Ընդհանրապես, ժողովրդական հավատալիքներում օձերը հակադիր իմաստներ ունեն: Այս դեպքում հեղինակն ի նկատի է ունեցել օձերի բարի հատկանիշները` հատկապես չարից պաշտշանելու, բարիք ու առատություն բերելու իմաստները, առավել ևս որ դրանք դռան վրա են:
Ինչպես օձերը, այնպես էլ վիշապներն են առասպելաբանության մեջ հակադիր բնույթով հանդես գալիս` նրանք և՛ չարիք, և՛ բարիք կարող են բերել: Կրկին բարի հատկանիշներն է ի նկատի ունենեցել Իսրայելյանը, երբ շատ մեծ քանակությամբ վիշապներ է պատկերել տարբեր տեղերում: Հատկապես աղբյուրների գեղազարդման էսքիզներում շատ ու շատ տարբերակներ կարելի է տեսել: Նա ի նկատի է ունեցել, որ վիշապները կապվում են ջրի պաշտամունքի հետ. վիշապը ջուր է տալիս, հետևաբար` կյանք բուսականությանն ու բոլոր կենդանի արարծներին, նա պտղաբերություն է տալիս, առատություն, հարստություն, երջանկություն: Վարպետի նկարած վիշապներն արտահայտում են այս բոլոր հատկանիշները: Ըստ որում նկարներում նա ցույց է տալիս վիշապի առասպելական կապը ոչ միայն ուղղակի ջրի, այլև անձրևաբեր ամպերի, արևի, բուսական աշխարհի հետ: Վիշապի բարության արտահայտություններից է թռչնակը` նստած նրա պոչի վրա: Շատ նրբություններ կարելի է նկատել վիշապների նկարներում, օրինակ` ուլունքաշար վզնոց` վիշապի վզին և այլն: Սրանք մարդու ուշադրությունը կենտրոնացնում են հեղինակի մեկնաբանության և, առհասարակ, երևույթի ընկալման յուրօրինակության վրա:
Իսրայելյանի անձնական արխիվում պահպանված բազում էսքիզային նախագծերի վրա հանդիպում ենք նաև ձկների, թռչունների տարատեսակների, շան, հովազների, ցուլերի, առյուծների և այլ կենդանիների ոճավորված պատկերների:
Թեմատիկ / սյուժետային հարթաքանդակներ ունեն տարբեր շինություններ, այդ թվում և «Արարատ» տրեստի գինու մառանները: Այստեղ, շենքի ճակատին պատկերված է միջնադարյան աստվածաբան, մատենագիր, առակագիր, քարոզիչ, հասարակական գործիչ Վարդան Այգեկցու «Գինի» առակը ներկայացնող սյուժետային հարթաքանդակը, որը բովանդակությամբ միամգամայն ներդաշնակ է շինության էությանը: Առակը հետևյալն է. «Մի թագավոր մի որդի ուներ և հրաման արեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին: Եվ մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն և երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց: Թագավորի տղան խիստ գինով էր և հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Եվ թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա՝ փակեք և կարասները կոտրատեք: Եվ այդպես արին: Եվ մի այրի կին մի որդի ուներ և այրի կինը պահեց յուր հնձանը և գինին և ամեն առավոտ և երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն: Եվ այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին, և թագավորն առավոտյան հրամայեց, թե ով որ սպանել է իմ առյուծին, եթե գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի: Եվ եկան այրի կինը և նրա որդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպես սպանեցիր առյուծին: Եվ նա ասաց. թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Եվ մայրն ասաց. թե նրան գինով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել: Եվ թագավորը հրաման արձակեց. թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք»:
Վահագն վիշապաքաղ հուշակոթողը նվիրված է Վահագնի աստծու առասպելին: Սա Երևան քաղաքի մուտքն էր նախկինում: Այն պետք է սկսվեր ամպրոպի ասծու հաղթնակով: Հուշարձանի ետևի երեսին փորագրված է Մովսես Խորնացու գրի առած Վահագնի երգը.
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչկունքն էին արեգակունք:
Մարդկային կերպարները հարթաքանդակներում շատ չեն: նա ավելի վերացական ու վերացարկված զարդանախշերի կողմնակից է: Բացի վերը նշված օրինակներից, կարելի է հիշատակել Սարդարապատի հերոսամարտի կոր պատի վրա խաղողներով զարդարված Անահիտ աստվածուհու դեմքը. նա ռազմի, պտղաբերության, արգասբերության, մայրության, հայերի սիրելի դիցուհին էր: Այս պատին փորագրվել է նաև Վահագն աստվածը, ավելի ճիշտ` նրա ծնունդը: Իհարկե հնարավոր չէ գրել բոլոր հարթաքանդակների մասին: Դրանք չափազանց շատ են և բոլորն էլ բարձր գեղարվեստական արժեք ունեն: Իսրայելյանի հեղինակած զարդանախշերը հմուտ, բարձրաճաշակ նկարչի կատարած աշխատանքներ են (նրանք, որ քանդակագործները չեն աղավաղել): Արժե ավելացնել, որ անգամ այդ զարդանախշերով նա արտահայտում է իր վերաբերմունքն ու մտածելակերպը: Հաճախ Իսրայելյանի շինությանը նայելով, դիտողին թվում է, թե հեղինակը խոսում է իր հետ, մատնացույց անում հայրենիքի գեղեցկությունը (որպես վառ օրինակ կարելի է նշել Արարատի տաճարը), սովորեցնում է սիրել հայրենիքը, տեսնել Հայաստանի գեղեցկությունը, արժեվորել հայ մարդուն, հայ աշխատավոր մարդու, շինարարի գործը և ընդհանրապես սիրել մարդկանց և լավատես լինել:

Կիսվել