Ճարտարապետական դպրոցը

Իսրայելյանը կամուրջ դարձավ միջնադարյան հայկական
ճարտարապետությունից դեպի արդի ճարտարապետությունը
Հայրենասեր ու քաղաքացի, նա իր ստեղծագործական կյանքը անքակտելիորեն կապում էր հայրենիքի հետ: Նա չէր պատկերացնում և չէր գիտակցում իրեն` Հայրենիքից անկախ: Այն ամենը, ինչ կատարվում էր շուրջը, դառնում էր ճարտարապետի կեցությունը, թափանցում նրա խառնվածքի մեջ և արտացոլվում աշխատանքներում:
Իսրայելյանը Թամանյանի աշակերտը չի եղել, բայց հատկապես նա էր, որ Թամանյանից հետո, շարունակեց ազգային ճարտարապետության վերածնունդը: Հենց նա էր, որ ճարտարապետական գործընթացն ընկալում էր ոչ թե որպես զուտ օգտապաշտական (ուտիլիտար), այլ խորոպես հոգևոր, ունակ մարմնավորելու ազգային գաղափարը և վերածնելու Հայաստանը: Այս երկու ճարտարապետները կարողացան կատարել իրենց առաջ դրված գերխնդիրը՝ Թամանյանը՝ ստեղծելով Երևանի գլխավոր հատակագիծը և հայկական նոր ճարտարապետության լեզուն, Իսրայելյանը՝ ճարտարապետական կառույցները վերածելով ազգային խորհրդանիշերի: հատկապես Իսրայելյանը, Թամանյանից հետո կարողացավ ստեղծել ճարտարապետական տարածության և ազգային աշխարհի ամբողջականությունը [ ]:
Ազգային ճարտարապետության, ժողովրդական ստեղծագործության անդրադարձն ու օգտագործումը Իսրայելյանի գործերում արտահայտվել է ոչ թե անմիջական փոխառումով, այլ ստեղծագործական արտացոլմամբ այն տպավորությունների և գիտելիքների որ ստացել էր հայկական ճարտարապետության կառույցները ուսումնասիրելիս, չափագրելիս:
Հայկական միջնադարյան հուշարձանները ուսումնասիրություններով, Իսրայելյանը հին հուշարձանների մեջ կարողանում էր տեսնել ոչ թե կանոնիկ, մեռած, քարացած սխեմաներ, այլ նախնիների իմաստության կենդանի մատյանը՝ երկրի քարեղեն տարեգրությունը:
Բացի բուն ճարտարապետական կառույցներից, Իսրայելյանի ճանաչողության և շինությունների արտահայտման մեջ մեծ դեր ունեն ժողովրդական ստեղծագործության ուրիշ, գեղարվեստական բացառիկ արժեք ներկայացնող ոլորտներ՝ կերպարվեստ, երաժշտություն, առածներ, բանահյուսություն, կիրառական արվեստ: Ազգային մշակույթի բոլոր ուղղություններով է ամբողջացված Իսրայելյանի ստեղծագործական ոճն ու դպրոցը, դուրս որևէ տեսակի իզմ-երից:
Ազգային ճարտարապետության վերաբերյալ Իսրայելյանը նշում է՝ «Ինձ թվում է, որ ազգային ճարտարապետության լավագույն ավանդույթներին հետևելու պահանջը չպետք է հասկանալ իբրև դարեր առաջ գտած ձևերի ու տարրերի անընդհատ տարատեսակավորման անհրաժեշտություն: Մենք պետք է սովորենք Հին Հայաստանի ճարտարապետությունից տրամաբանական կոնստրուկցիաներ ստեղծելու իրենց հմտությունը, խոսել պարզ և հասկանալի գեղարվեստական լեզվով, հետևել շինարարական արվեստի զարգացմանը: ...ինչքան էլ փոխվեն շինարարական տեխնիկան և ճարտարապետության խնդիրները, միևնույն է շատ հիմնական գեղարվեստական հնարքներ, մեր ճարտարապետների կերպարային մտածելակերպը, որ մշակվել է հազարամյակների ընթացքում, չեն կարող չարտացոլվել ժամանակակաից հայկական ճարտարապետության պատկերում»:
Իսրայելյանը երբեք չէր կրկնում, չէր ընդօրինակում որևէ մեկին, քանի որ անսպառ էին իր անհատական մտահղացումները: Նա ճարտարապետական իր աշխարհը, տարածական իր պատկերացումները ուներ: Նրա կոմպոզիցիաները ելնում էին ազգային հիմքից՝ ասես միանգամայն բնականորեն: ...Հայակական ճարտարապետությունը Իսրայելյանի ստեղծագործության մեջ բեկվում էր յուրովի, ճարտարապետական ձևերի նրա ըմբռնումների միջով, այդ ձևերի նրա մեկնաբանման միջով:
Իսրայելյանը գրում է՝ «Ինձ վրա մեծ ազդեցություն է գործել «Սասունցի Դավիթ» ժողովրդական վեպը, ուր զարմանալիորեն գեղեցիկ, արտասովոր ուժով ժողովուրդը ցույց է տվել աշխատավոր մարդու լավագույն կողմերը, նրա հոգու վեհությունը, քաջությունն ու բարությունը, կամքի ուժը, անսահման սերն իրենց ծնունդ տված հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ և, դրա հետ միասին, մեր ժողովրդի հարգանքն ուրիշ ժողովուրդների նկատմամբ. ժողովորդ, որ իրեն երբեք վեր չի դասել մյուսներից: Մեր էպոսն ինձ ստիպել է միտք անել, թե ինչպես պետք է մոտենալ սեփական արվեստով ժողովրդին ծառայելու խնդրին:
Լսելով Կոմիտասի երաժշտությունը, որի զրնգուն խմբերգում հաղորդվում է շինարար ժողովրդի հզոր ոգին, նրա անհողդողդ միասնությունը, խմբերգեր, որոնք հնչում են իբրև աշխատանքին ձոնված համաժողովրդական հիմներ, ես, իհարկե, սովետական ժողովրդի մեծ հաղթանակին նվիրված մոնումենտի վրա աշխատելիս ներշնչվել եմ նաև այդ երաժշտությամբ»:
Ռաֆայել Իսրայելյանը չէր հանդուրժում պլաստկայից զուրկ, «քանոնային» ճարտարապետությոնւը, որը նորարարականի, առաջադեմի քողի տակ պրոպագանդվում էր այն ժամանակ, հաշվի չառնելով ո՛չ տեղական ավանդույթներն ու շինանյութերը, ո՛չ ժողովրդի գեղարվեստական պատկերացումը: Ցասում և ընդվզում ապրելով՝ Իսրայելյանը որոշ ժամանակով դադարեցնում է ճարտարապետական գործունեությունը, նույնիսկ դադարում է դասավանդումը ճարտարապետական ֆակուլտետում, չկարողանալով ուսանող ճարտարապետների հրապուրանքը մոդայիկ և սին ուղղությամբ:
«Ավելի սարսափելի բան չի կարող լինել, քան երկրագնդի բոլոր անկյուններում նույնատիպ ճարտարապետություն տեսնելը: Անցյալում այդպես չի ընթացել ճարտարապետության զարգացումը: Միևնույն սոցիալ-տնտեսական պայմաններում ապրած ժողովուրդները միևնույն շինանյութով ստեղծել ենմիմյանցից բոլորովին տարբեր ճարտարապետություն: Եթե մենք ընդանրապես չենք հանդուրժում կոսմոպոլիտիզմը, ապա առավել ևս չպիտի հանդուրժենք ճարտարապետության ասպարեզում... Նորը մենք պիտի ստեղծենք, ինքներս, և ոչ թե վերցնենք ուրիշներց»:
Իսրայելյանը բարձր էր գնահատում ճապոնական, ֆիննական մեքսիկակական արդի ճարտարապետությունը և նրա զարգացումը հիմնված ազգային առանձնահատկությունների, ավանդույթների վրա:

Կիսվել