Կյանքն ու հասարակական գործունեությունը

Իսրայելյանի դպրոցական տարիների մասին տեղեկություններ կարող ենք քաղել մեծանուն հայագետ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Արամ Ղանալանյանի հուշերից. նրանք միաժամանակ են սովորել Թիֆլիսի թիվ 72 հայկական միջնակարգ դպրոցում, զուգահեռ դասարաններում. «Ռաֆոն վերին աստիճանի ժիր, աշխույժ տղա էր, կանգնած տեղը հանգիստ մնալ չէր կարող: Բնավորությամբ բարի էր, պարզ, մարդամոտ: ... Ռաֆոյի բնավորության նման պարզ էր և իր հագուստը: ...Դասամիջոցներին և դասից ազատ ժամերին, խաղերի ժամանակ, Ռաֆոն աչքի էր ընկնում համարձակությամբ ու ճարպկությամբ: Իր այդ հատկությունների շնորհիվ նա բավական հաճախ ապահովում էր խաղընկերների այն խմբի հաղթանակը, որի կազմում էր գտնվում ինքը: ...Թեև Ռաֆոն մեր զուգահեռ դասարանից էր, բայց բոլորս էլ գիտեինք, որ նա իրենց դասարանի լավ սովորող աշակերտներից էր»:
Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին Իսրայելյանը իր շուրջ էր հավաքում հայրենակից ուսանողներին, նրանց հետ անվերջ խոսում Հայաստանի մասին: Պատմում էր իր շրջագայությունների Հայաստանի տարբեր բնակավայրերի, հայկական եկեղեցիների նրա կատարած չափագրումների մասին, արտասանում էր Չարենց, պատմում Րաֆֆու վեպերից հատվածներ, երգում էր հայկական ժողովրդական երգեր: Այս ամենով Իսրայելյանը հայրենակիցների մոտ բաղձալի երազանքի էր վերածել հայրենիք վերադառնալը և հայրենիքում, հայրենիքի համար ստեղծագործելը:
Ուշագրավ է Իսրայելյանի հետ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում ուսանած ճարտարապետ Օլգա Իվանովայի հիշատակումը Իսրայելյանի գեղարվեստական համոզմունքների մասին, որոնք ողջ կյանքում անքաքտելի մնացին. «Բարդ ժամանակներ էին: Ճարտարապետության մեջ նոր միայն սկսել էին հրաժարվել կոնստրուկտիվիզմից, որի սկզբունքներով դաստիրակվել էինք մենք, նոր-նոր միայն երևան էին գալիս դետալները՝ քիվեր, խոյակներ, օրդերներ և այլն, և մենք, ճիշտն ասած, մի քիչ գլուխներս կորցրել էինք: Ու թերևս միայն Ռաֆոն էր անշեղ ու հաստատուն քայլում իր ընտրած ճարտարապետական ուղիով: Նա գիտեր ու խորապես զգում էր հարազատ ժողովրդի բազմադարյան պատմությունը, որդու պես ջերմորեն սիրում էր իր երկիրը»:
Իսրայելյանը՝ Լենինգրադից տեղափոխվելով Երևան, շուտով ամուսնացավ Սոֆյա Մուրադյանի հետ: Սկզբում ապրում էին վարձով, Սպանդարյան փողոցի տներից մեկում: Շուտով Իսրայելյանը հողամաս է ստանում ճարտարապետ Գր. Սիրունյանի և նկարիչ Տ. Խաչվանքյանի հարևանությամբ: Իր տունն է կառուցում բարդ սոցիալական պայմաններում, այս մասին հիշում է ճարտարապետ Մ. Գրիգորյանը՝ «...Այդ տարիներին Իսրայելյանը սեփական տուն էր կառուցում: Կառուցում էր՝ առանց նյութական անհրաժեշտ միջոցներ ունենալու, սեփական ձեռքերով ու քրտինքով: Ըստ նախագծի, տունը երկհարկ պիտի լիներ, յուրաքանչյուր հարկում, կարծեմ, երեքական սենյակ: Այն ժամանակ մեծ ջանքերով նրան հաջողվեց կառուցել ընդամենը երկու սենյակ, ուր տեղավորվեց ընտանիքը: ...Երբ լինում էի նրանց տանը, տեսնում էի, թե ինչ դժվարությամբ էր պահում 6-7 մարդուց բաղկացած իր ընտանիքը: Բայց չէր տրտնջում, լավատեսությամբ էր նայում ապագային, և այստեղ ամուսնու հետ միաբան էր կինը՝ մինչև վերջ նրան նվիրված Սոֆիկը» :
Իսրայելյանի տան կառուցումը տևում է 10 տարի, սակայն այդպես էլ որոշ ճակատային դետալներ մնացին անավարտ: Իսրայելյանի հարևաններն էին՝ Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը: Իսրայելյանի տան կառուցումից հետո իր տունը հարևանությամբ հիմնադրեց Վարազդատ Հարությունյանը: Վ. Հարությունյանի տան հիքը դրեցին տան տերը, Ռաֆայել Իսրայելյանը և Հաբեթ Դովլաթյանը: Հիմքի տակ գրաբարով գրությամբ շիշ զետեղելով:
Մինչ Հայրենական մեծ պատերազմը Իսրայելյանը աշխատեց «Հայպետնախագծում»: Այստեղ կատարեց մի շարք նախագծեր, որոնցից են Ծերանոցը Խարբերդում և Լեռնային տեխնիկումի հանրակացարանը Երևանում: Այդ տարիներին նա սկսեց աշխատել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում. սկզբում որպես լաբորանտ, հետո` ասիստենտ, իսկ 1947 թվականից` որպես դոցենտ:
Հայրենական պատերազմի տարիներին՝ 1942 թվականից Իսրայելյանը աշխատանքի է անցնում Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեում, որի նախագահն էր ակադեմիկոս Հովսեփ Օրբելին, տեղակալը՝ Նիկոլայ Տոկարսկին: Պատերազմից թելադրված պատճառներով հուշարձանների վերականգնման համար միջոցներ չկային և կոմիտեն զբաղված էր գիտահետազոտական բնույթի աշխատանքներով: Այստեղ աշխատած երկու տարին մեծ հնարավորություն տվեց ավելի լուրջ ուսումնասիրելու հայրենի ճարտարապետությունը, ավելի համոզված կատարելու պրպտումները արդի ժամանակի ճարտարապետության մեջ, ավելի լավ հասկանալու նոր պահանջների իրականացումը հին ավանդույթների հիման վրա:
Հենց այս տարիներին Իսրայելյանը ոտքով շրջագայել է Հայաստանի ամբողջ տարածքով: Հայոց լեռնաշխարհի «ամեն քարը անծանոթ չէր նրան»: Նա հիմնավորապես էր հասկանում և գնահատում հայկական ճարտարապետությունը, գիտակցում պահպանման կարևորությունն ու անսահման դասերը, որ կարող է տալ ժողովրդական ճարտարապետությունը ժամանակակից ճարտարապետին: Այդ ժամանակ նա հիմնավորապես ուսումնասիրում է խաչքարերը, նկարում է դրանք մատիտով և մի մեծ ուոսումնասիրություն գրում, որը 1948 թվականին, բնականաբար չէր կարող հրատարակվել: Բացի այդ, նա ամենևին էլ մտադիր չէր դա հրապարակել, այլ հենց իր ուսումնասիրման նպատակով էր այդ աշխատանքը կատարել: Սակայն հետագայում Վարազդատ Հարությունյանը, հիշելով այս աշխատանքի մասին, լույս աշխարհ բերեց այն ու շարունակաբար հրատարակեց «Էջմիածին» ամսագրի 1977թ. N7 և N8 (որի համար նրան պետք է երախտապարտ լինենք): Այն կոչվում է «Խաչքաչեր (Կազմավորման և զարգացման համառոտ ակնարկ)»: Սա խաչքարերի մասին առաջին հիմնավոր ու ամենածավալուն ուսումնասիրությունն է, այն էլ անմիջապես հեղինակի նկարներով ու չափագրություններով:
Նախկինում կատարած հին հուշարձանների մանրազնին ուսումնասիրություններն ու այս ուղղությամբ կատարած բարեխիղճ աշխատանքը, հաստատ, մեծ հետք են թողել Իսրայելյանի հեղինակած կառույցների հայկակաության և ուրույն դիմագիծ ունենալու մեջ: Իսրայելյանը կարողացել է լիովին հասկանալ ճարտարապետության մեջ հայկականի կերպարաստեղծ սկզբունքները և չափազանց օրգանական ու հարմոնիկ կիրառել սեփական մտահաղացումներն իրականացման ժամանակ: Իսրայելյանի կառույցները ոչ թե հին ծավալների կամ դեկորների կրկնություն են այլ ամբողջապես նոր են ու միաժամանակ`ազգային: Իսրայելյանը կերտում էր ոչ միայն բուն հայկական ճարտարապետություն, այլև ազգային սիմվոլիկա և կիրառական արվեստի տարբեր ճյուղերում հայեցի նմուշներ:
Ինչպես նշում են Իսրայելյանին անձամբ ճանաչողները՝ «...Երբ հիշում կամ գրում ես նրա անունը, անմիջապես մտաբերում ես որևէ զարդաքանդակ կամ ճարտարապետական պատկեր, ինչպիսիք իր սովորությամբ նկարում էր ինքը՝ վարպետը, միշտ և ամենուր՝ տանը, թե ընկերների շրջապատում, կամ պաշտոնական հրավերքների ժամանակ» [ , էջ 4]:
Հայրենական պատերազմի տարիներին Իսրայելյանը ընդգրկված էր Երևան քաղաքի ՀՕՊ (հակաօդային պաշտպանություն) զորքերի կազմի մեջ:
1947 թվականին հայազգի հանճարեղ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը արարում է աշխարհահռչակ 3-րդ սիմֆոնիան՝ Սիմֆոնիա-պոեմը: Ռադիոյով հաղորդվում է առաջին կատարումը, Իսրայելյանը, իմանալով սրա մասին, թողնում է դասախոսությունը ինստիտուտում և գնում է ունկնդրելու երաժշտական ստեղծագործությունը: Հետագայում մեծագույն հիացմունքով և հուզականությամբ էր խոսում այդ ստեղծագործության մասին: Հասկանալի է Ա. Խաչատրյանի 3-րդ սիմֆոնիայի մոնումենտալ և խրոխտ հայկական կերպարի ու բովանդակության հանդեպ Իսրայելյանի հիացմունքը, չէ՞ որ Իսրայելյանական բազում շինություններին և քանդակներին ևս հատուկ են վերոհիշյալ գեղարվեստաարտահայտչական հատկությունները:
1947 թ. Մոսկվայում կայացած երիտասարդ ճարտարապետների խորհրդակցությանը Իսրայելյանի աշխատանքները շահեցին առաջին մրցանակ: Դա ոգևորիչ հանգամանք եղավ նրա համար: Այդ տարիներին նա արդեն աշխատում էր Հաղթանակի մոնումենտի վրա, որը նշանակալից երևույթ էր իր կյանքում. «Ես պետք է կարողանայի ճարտարապետական հայերեն լեզվով արտահայտել հաղթանակի պաթոսը»,- գրում է Իսրայելյանը: Մոնումենտի հուշարձանի կառուցումն ավարտվեց 1950 թվականին:
1951 թվականին Իսրայելյանը ստանում է առաջին կարգի պետական մրցանակ: 1952 թվականին պաշտպանելով դիսերտացիա, որի թեման էր «Իմ ճարտարապետական աշխատանքները», ստանում է ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան. պաշտպանեց Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում, այնտեղ, ուր ուսանել էր: Միաժամանակ նախագծում է մի շարք բնակելի տներ: Բացի ճարտարապետական աշխատանքներից, արել է կիրառական արվեստի համար էսքիզներ, որոնցից մի քանիսը ընդունվել են լայն արտադրության համար:
1952 թվականին լույս տեսավ Արամ Ղանալանայանի «Առածանին»: Իսրայելյանը հիացած էր այս հայագիտական մոնումենտալ աշխատությամբ: Հերթում կանգնած խոսելիս է լինում գրող Ռուբեն Զարյանի հետ և արտահայտում իր կարծիքը գրքի մասին: Զարյանն էլ զարմացած Իսրայելյանի շարադրած վերլուծությամբ, կոչ է անում թղթին հանձնել այդ կարծիքը՝ հանձն առնելով տպագրել այն: Իսրայելյանը այդպես էլ վարվում է: Եվ օրեր անց «Գրական թերթում» լույս է տեսնում Իսրայելյանի գրախոսությունը` «Արժեքավոր աշխատանք» վերնագրով: Այս գրախոսությունից հետո Իսրայելյանը գրում է բազում հոդվածներ և տեսական աշխատություններ:
Հիշատակման է արժանի Իսրայելյանի վերաբերմունքը, այն ժամանակ վիճահարույց Գառնու տաճարի վերականգնել – չվերականգնելու խնդրի վերաբերյալ: Իսրայելյանը միանշանակորեն ճշմարիտ էր համարում հուշարձանը վերականգնելը՝ նշելով, որ գետնին ընկած խոյակը խոսում է միայն այն կերտող քարտաշների վարպետության մասին, իսկ դրանք դառնում են ճարտարապետություն, երբ տեղադրված են իրենց տեղերում: Տասնամյակներ են անցել ճարտարապետ – վերականգնող Ալեքսանդր Սահինյանի վերականգնումից (1966-1976 թվականներին), որը դասագրքային արժեք ունի, որով կարելի է հիանալ և ուսանել հուշարձանի վերականգնման բացառիկ արվեստը, և գալիք սերունդների համար ակնհայտ է վերականգնված Գառնու տաճար ունենալու բացարձակ ճշմարտացիությունը: Իսրայելյանը շատ է հետաքրքրվել Գառնու վերականգնման աշխատանքներով, մասնակցել է վերականգնման նախագծի քննարկումներին, հաճախ գնացել Գառնի՝ տեսնելու, թե գործն ինչպես է առաջ գնում:
Իսրայելյանը պարգևատրվել է` «Կովկասի պաշտպանության համար» և «Հայրենական պատերազմի հաղթանակի» մեդալներով: Պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով 1940 և 1950 թվականներին: Եղել է Ճարտարապետների միության նախագահության և «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ:
Իսրայելյանը ապրում էր այն գաղափարներով, որոնք նա կյանքի էր կոչում իր ստեղծագործություններում: Ամեն մի նոր գործ` նոր գաղափար ոգևորության և եռանդուն աշխատանքի աղբյուր էին նրա համար:
Իսրայելյանը՝ արժանացած լինելով «Ժողովրդական ճարտարապետ» կոչման 1970 թ., 1951-ին Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի, ամենևին «հարմար» մարդ չէր Խորհրդային իշխանության համար: Նա այն բացառիկ մարդկանցից էր, որ առանց վարանելու, բացահայտորեն արտահայտում էր և պաշտպանում էր իր սկզբունքները: Եվ դա կարողանում էր անել ճարտարապետության միջոցով: Իսրայելյանը իր շինությունների միջոցով ջանում էր վերաշինել ազգային ոգին` ուղղված ազգի պատմության հերոսական և ողբերգական էջերին: Հարկ է նշել Արարատի տաճարը (Չարենցի կամարը), որը կարող է դիտարկվել նաև որպես Խորհրդային տարիներին անմեղ զոհերի հուշարձան, Երևանի կենտրոնում եկեղեցու կառուցումը, վերակառուցման անվան տակ (այն տարիներին լրիվ անպատկերացնելի բան), Սարդարապատի համալիրը՝ որպես ազատագրական պայքարի և Հայաստանի անկախության խորհրդանիշ, հայող Մեծ Եղեռնի զոհերի առաջին հուշարձանները Հայաստանում` Մայր Աթոռի սբ. Էջմիածնի բակում և Երևանում Գաջագործների փողոցում... և իշխանությունները անկարող էին գտնվում Իսրայելյանի այս մտահաղացումների իրականացմանը խոչնդոտել, քանզի նա վայելում էր հսկայական հեղինակություն և համաժողովրդական սեր: Ժողովրդի հանդեպ սիրո մի յուրօրինակ դրսևորում էր ողջ Հայաստանի տարածքով մեկ աղբյուր հուշարձանների կառուցումը, մեծամասամբ առանց որևէ պարգևավճարի: Դրանց շնորհիվ էր , որ 1958 թվականին Իսրայելյանի հիսունամյակի աիթով կազմակերպված բանկետին Հովհաննես Շիրազը հենց միջոցառման ընթացքում Իսրայելյանին է ձոնեց հետևյալ երկտողը՝
Հայաստանի ջրերն ինչքան կարկաչեն՝
Աղբյուր դարձած քո անունը կկանչեն...
Այն երկար տարիներ գրված մնաց տան հյուրասենյակի պատին:
Սակայն ամենացնցող փաստը նրա լուսանկարի հայտնաբերումն էր բանտի խցերից մեկում` այն լուսանկարի օրինակներից, որ հրատարակված է 1974թ. նրա ցուցահանդեսի կատալոգում: Ո՞վ գիտի, թե ով էր այդ բանտարկյալը, որի համար նա այդքան թանկ էր:
Իսրայելյանը, ի հակադրություն ճարտարապետների մեջ ընդունված պրակտիկայի,` «ինչքան էլ ժամանակ տաս նախագիծն իրականացնելու համար, միշտ էլ մի օր պակասում է», նախագծերն ավարտում էր ներկայացնելու ժամանակից շուտ և հաժախ օգնում ընկերներին, եթե անգամ նրանք նախագիծ էին իրականացնում նույն մրցույթին ներկայացնելու համար:
Իսրայելյանը չէր սիրում զբաղվել վարչական գործերով, քանի որ դրանք խլում էին ստեղծագործական ժամանակը: Սրա վառ ապացույցն է 1960-ականների մի դեպք: Իսրայելյանը հանդիսանում էր ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, նրա ընկերը՝ ճարտարապետ Ռազմիկ Ալավերդյանը Իսրայելյանի տեղակալն էր: Որպես հիմնարկի տնօրենի՝ Մարկ Գրիգորյանին են դիմում Իսրայելյանը և Ալավերդյանի պաշտոնների փոփոխություն կատարելու խնդրանքով, որպեսզի Իսրայելյանը այլևս ժամանակ չծախսի թղթաբանական և վարչական գործունեության վրա, մինչդեռ Ալավերդյանը նման գործեր կատարելու և ղեկավարելու փայլուն ընդունակություններ ուներ: Մարկ Գրիգորյանին զարմացնում է խնդրանքը, քանզի հաճախ չի պատահում ղեկավարի հոժար կամքով պաշտոնից հրաժարվելը, բայց նա ընդառաջում է: Իսրայելյնաը դառնում է արվեստանոցի (ճարտարապետաշինարարական երկրորդ բաժին) գլխավոր ճարտարապետը և այդ պաշտոնում մնում մինչև կյանքի վրջը:
Իսրայելյանին շատ էին անհանգստացնում ինչպես քաղաքաշինական խնդիրները, այնպես էլ էկոլոգիական խնդիրները: Այս ոլորտներում թերացումները շատ ծանր էր տանում նա: Ամեն անգամ հիանալով Սևանի գեղեցկությամբ, չէր կարողանում թախիծ չապրել և չարտահայտվել Սևանում ջրի մակարդակի իջնելու իրողությամբ: Յուրաքանչյուր ջրամբարի կառուցման ժամանակ Իսրայելյանը հույս էր հայտնում, որ սրա շնորհիվ կնվազի Սևանից դուրս եկող ջրի քանակը և Սևանը կհասնի նախկին չափերին:
Իսրայելյանը վայելում էր մեծ հեղինակություն, սեր և հարգանք ողջ հասարակության կողմից: Նրան ճանաչում էին ինչպես ճարտարապետներ, նկարիչներ և քանդագագորշներ, գիտության և մշակույթի այլ ոլորտների մարդիկ, այնպես էլ հասարակ մարդիկ: Այս առումով ուշագրավ է Նիկոլայ Նազարինի հուշերում տեղ գտած հետևյալ հատվածը՝ «... հանդգնեցի մտնել «Սևան» հյուրանոց: Ցուցանակ՝ «տեղեր չկան»: Այնուհանդերձ սենյակ խնդրեցի երկու լենինգրադցիներիս համար: Ո՛չ բարապանը և ո՛չ էլ նրա կողքին նստած կարգ ու կանոնի պահապանը չարձագանքեցին իմ խնդրանքին: Այնժամանակ ես, կատակի տալով, ասացի, թե կգանգատվեմ Ռաֆո Իսրայելյանին... Կարգ ու կանոնի պահապանը վեր թռավ տեղից բերկրալի կանչով. «Ռաֆոն... Նրան աշխարհը գիտի...»: Եվ մի րոպեից արդեն մեր համարում էինք»[ , էջ69]:
Իսրայելյանը մասնակցել է բազում ճարտարապետական նախագծերի մրցումների և մշտապես, ինչքան էլ գաղտնի լինեին հեղինակների անունները, բոլորը ամեն անգամ հեշտությամբ կարողանում էին ճանաչել Իսրայելյանական նախագծերը, քանզի դրանք հնարավր չէր շփոթել որևէ այլ հեղինակի աշխատանքի հետ իր ձեռագրի ու կերպարային անկրկնելիության շնորհիվ: Նա գրել է. «Միայն սեփական խոսքով կարելի է մտնել Մեծ ճարտարապետության մեծ աշխարհը»: Սա իր էությունն է` արտահայտված խոսքերի միջոցով: Իր գործերի ու խոսքերի միասնականության օրինակներից է նաև հետևյալը. «Քարը չի սիրում լռություն, միօրինակություն, ամնշակ մեծ հարթություններ: Նա սիրում է ստվերներ, գիր, զարդ: Նա սիրում է խոսել, հնչել...»:
Իսրայելյանի երաժշտական նախասիրությունները, իր կերպարի նման, խիստ ազգային էին՝ ժողովրդական երգեր, Կոմիտասյան հոգեցունց երգեր և երաժշտություն: Անձամբ երգել չգիտեր, սակայն միշտ ձայնակցում էր ճարտարապետ, հանրահայտ «Դլեյամանի» կատարող Վ. Հարությունային և աշխատելիս միշտ ինչ-որ մեղեդիներ էր հորինում ու սուլում:
1963 թվականին տեղի է ունենում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը, որում Տիգրան Պետրոսյանը հաղթանակ է տոնում: Իսրայելյանը շատ է ոգևորվում և Պետրոսյանին իր ուրախությունը արտահայտելու և շնորհավորելու համար ձեռնամուխ է լինում հուշամեդալի պատրաստմանը և անձամբ իրականացնում է մեդալի գեղարվեստական լուծումը՝ վրան Սասունցի Դավիթի Քուռկիկ Ջալալաին պատկերելով:
Ճարտարապետ Ալ. Թամանյանի հուշարձանի մրցույթի ներկայացված Արտաշես Հովսեփյանի քանդակի տարբերակի էսքիզը, մրցույթի նախորդ օրը, Ռ. Իսրայելյանը մասնակցել է մի քանի վրցնահարվածներով:

Կիսվել