Տարեգրություն

Ռաֆայել Սարգսի Իսրայելյանը ծնվել է 1908 թ. սեպտեմբերի 17-ին Թիֆլիսում (ներկայում Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսի): Հայրը` Սարգիս Հակոբի Իսրայելյանը ծնվել է Շուշիում (ներկայում ԼՂՀ): Սարգիս Իսրայելյանը` Հայոց լեզվի և գրականության մասնագետ, բանահավաք, ծավալել է ակտիվ գիտական և կրթական գործունեություն Արցախի տարբեր շրջաններում և Թիֆլիսում: Իսկ մայրը` Մարիամ Հախնազարյանը ծնվել է Նախիջևանում (ներկայում Ադրբեջանի Հանրապետություն) և նույնպես ուսուցիչ է եղել: Ռաֆայել Իսրայելյանը 1925 թ. ավարտել է Թիֆլիսի N 72 աշխատանքային հայկական դպրոցը:
1926-1928 թթ. սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում: Ուսանելու տարիներին նա ձեռք է բերում ճարտարապետական հիմնարար գիտելիքներ: Այստեղ Իսրայելյանը ընկերանում է վրացի ճարտարապետների հետ և մինչև կյանքի վերջը պահպանում բարեկամական հարաբերությունները:
1929-1932 թթ. սովորել է Լենինգրադի Կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում: Ավարտել է, որպես ճարտարապետ նախագծող:
1932-1934 թթ. սովորել է Լենինգրադում ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթւյան ինստիտուտում և 1934թ. ավարտել է ինստիտուտին առընթեր դիպլոմային նախագծերի նախապատրաստական դասընթացերը: «Գերազանցությամբ» պաշտպանել է դիպլոմային նախագիծը, ստանալով ճարտարապետ-արվեստագետի կոչում:
1936 թ. ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի վարպետության կատարելոգործման դասընթացները` ստանալով ճարտարապետ-նկարչի կոչում: 1934 թ. ամուսնացել է Սոֆիա Մուրադյանի հետ:
1936 թ. տեղափոխվել է Երևան:
1936-1941 թթ. աշխատել է ՀԽՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմատին առընթեր ճարտարապետական-նախագծային N 2 արվեստանոցում (1938 թ-ից «Հայպետնախագիծ») որպես ճարտարապետ:
1941-1943 թթ. աշխատել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում որպես ավագ գիտաշխատող:
1941-1963 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ավագ դասախոս, իսկ 1947 թ-ից`դոցենտ:
1944 թ. կայացել է Իսրայելյանի առաջին անհատական ցուցահանդեսը Երևանում` Հայաստանի ճարտարապետների տանը: Առաջին կարգի մրցանակի է արժանացել Երևանում կառուցվելիք Հաղթանակի կամարի նախագծի համար բաց մրցույթում:
1944-1958 թ. «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրական կոլեգիաի անդամ:
1945 թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով (տես Հավելված Գ):
1947թ. ճարտարապետության երիտասարդ վարպետների ստեղծագործությունների 2-րդ համամիութեանական ստուգատեսում արժանացել է առաջին մրցանակի:
1947-1949 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության ճարտարապետական արվեստանոցում, իբրև ճարտարապետ-նախագծող:
1949-1951թթ. աշխատել է Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական արվեստանոցում իբրև ճարտարապետ-նախագծող:
1950 թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1950 թ. պարգևատրվել է առաջին աստիճանի Ստալինյան մրցանակով (տես Հավելված Գ):
1951 թ. Հաղթանակ հուշարձանի ճարտարապետության համար արժանացել է ԽՍՀՄ պետական առաջին կարգի մրցանակի:
1951-1973 թթ. աշխատել է «Հայարդնախագիծ» (մինչև 1959` «Հայճարտնախագիծ») ինստիտուտում իբրև բաժնի գլխավոր ճարտարապետ:
1952թ. Լենինգրադում` ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի.Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթյան ինստիտուտում պաշտպանել է «Իմ աշխատանքները ճարտարապետության մեջ» ատենախոսությունը և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան:
1961 թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման (տես Հավելված Գ): Պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:
1968 թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման (տես Հավելված Գ):
1968 թ. Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում բացվում է Իսրայելյանի ճարտարապետական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կազմակերպած է լինում վրաց մեծանուն ճարտարապետ Սոսո Զաալիշվիլին:
1968 թ. մայիսի 23-ին Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի դահլիճում տեղի է ունենում Իսրայելյանին նվիրված երեկո:
1969 թ. կայացել է Իսրայելյանի անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում:
1970 թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչման:
1973 թ. սեպտեմբերի 8-ին վախճանվել է Երևանում:
1974 թ. Երևանում, Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «ՍՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» ցուցահանդեսը (կատալոգը կազմել են Գոհար Խոստիկյանը և Ցոլակ Ազիզյանը):
1975 թ. Ցուցահանդես Լենինգրադում Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում:
Հեղինակել է ճարտարապետությանը և մշակույթի տարբեր հարցերի վերաբերող վերաբերող շուրջ 75 հոդվածներ: Ռ. Իսրայելյանը ունեցել է երկու որդի և երեք դուստր:

Կիսվել