Ճարտարապետական պատմական միջավայրը և նախադրյալները

Հայաստանի պատմական բարդ անցյալի` պատերազմների, նվաճողների լծի տակ գտնվելու, բնական աղետների հետևանքով Հայաստանի ճարտարապետական ժառանգությունը մեծապես տուժել է: Այս համընդհանուր պատկերից կարելի է առանձնացնել, հիմնականում, եկեղեցական շինություններն ու վանական համալիրները, տարբեր հուշարձաններ (կոթողներ, խաչքարեր, աղբյուրներ և այլն), որոնց բազում նմուշներ կանգուն են մինչ այսօր:
Հայկական ճարտարապետության խորհրդային շրջանը Հայաստանի ճարտարապետության մեջ բոլորովին նոր փուլ էր: Խորհրդային Հայաստանի կայացման հենց առաջին տարիներից Հայաստանում արդեն առկա էին այդ ժամանակի համար առաջադեմ ճարտարապետական և քաղաքաշինական ուղղություններ: Հայաստանում ձևավորվել էին թե՛ իրենց համոզմունքներով, թե՛ իրենց գեղարվեստական արտահայտչամիջոցներով, մինչև անգամ գաղափարական հենքով ուրույն ու չկրկնվող ճարտարապետական տարբեր դպրոցներ ու արվեստանոցներ: Ճարտարապետությունը, հանդիսանալով տվյալ ժամանակի սոցիալական, գաղափարախոսական, գեղարվեստական, ըմբռնումների անբաժանելի մասը, նույնպես ուղղված էր դեպի սոցիալիզմ (ընկերվարություն): Շենքերի մտահաղացումները, տիպաբանական տեսակները, արտահայտչամիջոցներն ամբողջությամբ կրում էին սոցիալական համահավասարեցման սկզբունքներ, որի հիման վրա ծաղկում ապրեցին կոնստրուկտիվիզմը և ռացիոնալիզմը՝ որպես ճարտարապետական ոճեր, ծավալատարածական արտահայտչամիջոցներ: Կոնստրուկտիվիզմի ի հայտ գալը կարելի է վերագրել 1922-1923 թթ. քաղաքացիական պատերազմից վերականգնվող Մոսկվային: Կոնստրուկտիվիզմի և ռացիոնալիզմի հիմնադիրներն էին Մ. Գինզբուրգը, Վեսնին եղբայրները, Կ. Մելնիկովը, Ի. Գոլոսովը, Ն. Լադովսկին և Վ. Կրինսկին: Ստեղծվում է ВХУТЕМАС (Высшие художественно-технические мастерские) արվեստների կրթական հաստատությունը, որի շրջանավարտներ էին հայազգի ճարտարապետներ Մ. Մազմանյանը, Կ. Հալաբյանը, Գ. Քոչարը և այլոք, ապա «АСНОВА» (Ассоциация новых архитекторов) և ОСА (Объединение современных архитекторов) միավորումները: Կոնստրուկտիվիստներն իրենց նպատակը համարում էին ճարտարապետության դերի բարձրացումը մարդկանց կյանքում: Նրանք կարևորում էին պատմականության դերի բացառումը, դասական դեկորատիվ էլեմենտներից հրաժարվելը, ֆունկցիոնալ սխեմաների օգտագործումը, որպես տարածական հորինվածքների հիմք, նրանք փնտրում էին արտահայտչականություն ոչ դեկորի մեջ, այլ տարածական կոնստրուկցիաների, ուղղահայաց և զուգահեռ գծերի դինամիկայի մեջ: Կոնստրուկտիվիզմի ոճով կառուցվում էին ակումբներ, մշակույթի տներ, հանրակացարաններ, ի հայտ է գալիս կոմունալ բնակարանի տիպն ու գաղափարը:
Հայաստանը ևս չշրջանցեց կոնստրուկտիվիզմը, այս ուղղության վառ ներկայացուցիչներ էին՝ Մ. Մազմանյանը, Կ. Հալաբյանը, Գ. Քոչարը, Ն. Բունիաթյանը և Ն. Բաևը: Նրանց կողմից նախագծված շինությունները միանգամայն նոր և մեծամասշտաբ էին գյուղաքաղաք հիշեցնող այն ժամանակվա Երևանի համար. Ն. Բաևի Կարբիդի գործարանը Երևանում (1927 թ.), Տ. Երկանյանի կաուչուկի գործարանի աշխատողների տունը Երևանում, ներկայիս Հանրապետության փողոցի վրա (1934 թ.), Գ. Քոչարի Գյուղատնտեսական համալսարանի ուսանողների հանրակացարանի շենքը (1930 թ.), Կ. Հալաբյանի, Գ. Քոչարի, Մ. Մազմանյանի բնակելի տունը ներկայիս Սախարովի հրապարակում և այլն [ ]:
Խորհրդային Հայաստանի վաղ շրջանի ճարտարապետության տրամագծորեն հակադիր կողմում էր Ալեքսանդր Թամանյանը: Թամանյանը ավարտել էր Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ–ճարտարապետի կոչմամբ: Ստանալով ճարտարապետական դասական կրթություն, Ալ. Թամանյանը հիանալի տիրապետում էր դասականության բոլոր սկզբունքներին և իր նախագծած շինություններում լավագույնս գործածում դրանք (Պետերբուրգի հայկական եկեղեցու վերականգնումը, Կոչուբեյի առանձնատունը, Շչերբատովի տունը, Մոսկվա-Կազան երկաթուղային հիվանդանոցային համալիրը և այլն): Ալ. Թամանյանը, միանշանակ կարող ենք ասել, ռուսական դասականության վառ ներկայացուցիչ էր, ավանդական ճարտարապետության և դասական ֆունդամենտալության կրող, այդ դպրոցի կարկառուն ներկայացուցիչ: Թամանյանը, ժամանակի մի շարք մեծանուն ճարտարապետ–նկարիչների հետ՝ գիտակցելով ճարտարապետական պատմական ավանդույթների արժեքն ու դերը ճարտարապետության զարգացման, ճարտարապետական կրթության հետագա զարգացման մեջ, պատմական ճարտարապետական կոթողների պահպանության կարևորությունը, 1907 թ. Նկարիչ-ճարտարապետների միավորման ժողովին կազմում է հանձնաժողով, որը զբաղվելու էր հին Պետերբուրգի հուշարձանների ուսումնասիրմամբ և նկարագրմամբ: Հետագայում կազմավորվում է «Հին Պետերբուրգի ընկերներ» միավորումը: Կազմակերպությունը առաջիններից էր, որը զբաղվում էր հուշարձանների պահպանության հարցերով, երբ դեռ այդ գործառույթը կարգավորող պետական գերատեսչություն չկար: Հարկ է նշել սույն կազմակերպության անդամներից մի քանիսի անունները, որոնք իրավամբ ժամանակի ամենապայծառ արվեստագետներից էին՝ Բենուա եղբայրներ, Ս. Դյագիլև, Լ. Իլյին, Ն. Լանսերե, Ռերիխ եղբայրներ, Վ. Շչուկո, Ա. Շչուսյեվ և այլոք: Ակներև է, որ հենց ավանդական, դասական կրթությունը ձևավորեց ճարտարապետների մեջ նմանօրինակ վերաբերմունք ճարտարապետական ժառանգության ու հուշարձանների նկատմամբ:
1923 թ. Ալ. Թամանյանը հրավիրվում է Երևան, Իրանից: Տեսակետ կա, ըստ որի Ալ. Թամանյանը 1921 թ. տեղափոխվել էր Իրան, խուսափելով Խորհրդային բռնաճնշումներից, որոնք լայնորեն կիրառվում էին ցարական Ռուսաստանում բարձր պաշտոն զբաղեցրած, կոչումներ ունեցած մտավորականների և արվեստագետների նկատմամբ: Ալ. Թամանյանը ուներ բազմաթիվ կոչումներ, արժանվույնս զբաղեցրել էր բազմաթիվ պաշտոններ ցարական Ռուսաստանում, մասնավորապես՝ 1914 թ. արժանացել Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալին, 1917 թ. եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ և այլն: Թամանյանը, տեղափոխվելով Երևան, կատարեց Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման հսկայածավալ աշխատանքը 1924 թ:
Թամանյանի գլխավոր հատակագիծը, որը կատաված էր քաղաք – այգի` այն ժամանակ ակտուալ մոդելի հիման վրա, ստեղծեց մայրաքաղաքին վայել քաղաք ունենալու հեռանկար: Օպերային թատրոնի շենքը, որը նախապես մտածված էր, որպես «ժողովրդական տուն» համալիրի մի շինություն, դարձավ, իրավամբ, քաղաքաքի կենտրոնը իր շուրջ հավաքող դոմինանտ էլեմենտ: Թամանյանական Երևանը` Խորհրդային Հայաստանի առաջին մայրաքաղաքը միտում ուներ զարգանալու:
Ճարտարապետական 2-րդ արվեստանոցում, որը գլխավորում էր Գևորգ Քոչարը աշխատում էին, այն ժամանակ երիտասարդ, բայց փորձառու ճարտարապետներ Սամվել Սաֆարյանը, Մարկ Գրիգորյանը, Արսեն Ահարոնյանը, Տիրան Երկանյանը, ավելի երիտասարդ՝ Ռուբեն Սամարցյանը, Բաբկեն Արարկցյանը, Արծրուն Գալիկյանը, Լևոն Բաբայանը: Կարո Հալաբյանի գլխավորած «պրոլետարական ճարտարապետների» հայկական խմբի ակտիվ գործիչներ էին Ս. Սաֆարյանը, Ա. Ահարոնյանը, Տ. Երկանյանը, որոնք փորձում էին վերանայել իրենց ստեղծագործական հավատամքը 1932-1933 թվականների հայտնի որոշումների նոր պահանջների լույսի ներքո: Ճարտարապետ Մարկ Գրիգորյանը հավատարիմ էր իր ընտրած ճարտարապետական ուղուն, որը ժառանգել էր Ալ. Թամանյանից և Ն. Բունյաթյանից՝ նախագծում էր դասականության սկզբունքներով և ձևերով:
Միանգամայն տարբեր ճարտարապետական գաղափարախոսությունների, մոտեցումների, կոնստրուկտիվ նորանոր նվաճումների, Երևանի նորովի կերպար ձեռք բերելու ֆոնին Լենինգրադից Երևան եկավ Ռաֆայել Իսրայելյանը:

Կիսվել