Նյութի արդիականությունը

Հայկական խորհրդային ճարտարապետության կայացումն ու զարգացումը կապված է ճարտարապետների մի քանի դպրոցիների, մի քանի սերունդների գործունեության հետ: Նրանց ներդրումը հայկական ճարտարապետական ուղղությունների զարգացման և կայացման մեջ տարբեր է և կարիք ունի մանրազնին ուսումնասիրության ու ներկայացման: Սույն աշխատության մեջ կներկայացվի հայկական ազգային ճարտարապետության դպրոցի 20-րդ դարի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Ռաֆայել Իսրայելյանը իր աշխատանքներով, գործունեությամբ և դպրոցով:
Ժամանակագրական առումով Իսրայելյանի հայտնվելը Երևանում համընկավ 1936 թվականին, երբ կյանքից հեռացավ Ալ. Թամանյանը և սա ստացավ խորհրդանշական իմաստ՝ տաղանդավոր երիտասարդ ճարտարապետը Խարհրդային Հայաստանի ճարտարապետության հիմնադրից ընդունեց էստաֆետը:
Ռ. Իսրայելյանի ճարտարապետական կառույցները մեծ քանակություն են կազմում Հայաստանում և հայկական համայնքներ ունեցող որոշ երկրներում, բայց սրանով հանդերձ բավարար ծավալով և մակարդակով ուսումնասիրված չեն: Ռ. Իսրայելյանի ճարտարապետական սկզբունքներն ու գեղարվեստաարտահայտչական միջոցները դարձան XX դ. ճարտարապետության մեջ հայկականության նոր տարրեր, գրաֆիկական և քանդակային էլեմենտները մտցնելը: Դա արտահայտվեց ոչ միայն ճարտարապետական կառույցներում, այլև զինանշանների, մեդալների, պետական պարգևների և լոգոտիպների հորինվածքների ու խորհրդանիշների մեջ: Սակայն դրանց ծագումը հաճախ չի հիշվում, կամ վերագրվում է ժողովրդական ծագման, վատթարագույն դեպքերում վերագրվում է այլ անձանց:
Իսրայելյանի արխիվում, բացի իրականացված նախագծերից, կան բազում չկառուցված աշխատանքների նախագծեր, ջրաներկ ու գրաֆիկական աշխատանքներ և կիրառական արվեստի բազմաբնույթ նմուշների գծագրեր ու էսքիզներ, որոնք ուսումնասիրված և մեկնաբանված չեն: Այսօր ևս Իսրայելյանի նախագծով իրականացվում են կառույցներ ի դեմս «Նոյ» գինու – կոնյակի գործարանի աշտարակի, որը կարճ ժամանակահատվածում դարձավ ֆունկցիոնալ և կիրառելի շինություն:
Ռաֆայել Իսրայելյանը կյանքի ողջ ընթացքում չի ցանկացել զբաղեցնել պաշտոններ և զբաղվել վարչարարությամբ, համահեղինակ լինելով կամ հիմնավոր առաջարկություններ անելով, ուղղություն և գաղափար տալով, չի ցանկացել արձանագրել իր մասնակցությունը: Սակայն ձեռագիրը ակնհայտ է: Այս հարցերը ենթակա են ուսումնասիրման, գրանցման ու հաստատման:
Ռ. Իսրայելյանի մասին առկա տպագիր աշխատությունները, հոդվածները, հուշերը չունեն ամբողջական և ավարտուն տեսք, ինչը սահմանափակում է Իսրայելյանի գեղարվեստաճարտարապետական ժառանգության ուսումնասիրումը և ճանաչողությունը, ինչպես նաև բարդացնում նյութի դասավանդումը մասնագիտական բուհերում և արվեստի դպրոցներում:
Իսրայելյանը 1952 թվականին Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ սեփական աշխատանքների մասին՝ «Իմ աշխատանքները ճարտարապետության մեջ», բայց սույն աշխատությունը պաշտպանելուց հետո հեղինակել է բազում շինությունների և կատարել շատ և շատ աշխատանքներ, որոնք հասկանալի պատճառով չեն ընդգրկվել մենագրության մեջ:
Թանգարանային շինության բացակայությունը ստեղծում է բարդություններ հասարակության և զբոսաշրջիկների համար Իսրայելյանի անձին և գործերին ծանոթանալու գործում: Այս բացը լրացնելուն է ուղղված սույն կայքը:

Կիսվել