Ռ. Իսրայելյանի անվան ճարտ. թանգարանի նախագիծ

Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանի բակալավրի ուսանող Արեգ Ասրաբյանի դիպլոմային աշխատանքը՝ «Ռաֆայել Իսրայելյանի անվան Հայ ճարտարապետության և արվեստների թանգարանային համալիր» (ղեկավար Գագիկ Հովհաննիսյան): Աշխատանքը գերազանց է գնահատվել քննող հանձնաժողովի կողմից:

ԻՆՉՈ՞ Ի ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ
Հայ մեծագույն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը (1908-1973) մեր Հայկական ճարտարապետության ամենավառ դեմքերից է, հսկաներից, ինչպիսիք էին Տրդատը,Մանվելը, Մոմիկը, Հովնանը և այլ մեծեր.. և ապա Թամանյանը, ով հիմք դրեց Հայ Արդի ճարտարապետությանը, ստեղծվեց մայրաքաղաքի հատակագիծը,որի մասին ինքը Ալեքսանդր Թամանյանը ասում է. «Երևանը պետք է լինի ամֆիթատրոն,որի տներն ու թաղամասերը նայելու են բեմին,որտեղ միշտ ելույթ է ունենալու Արարատ լեռը..»։ Ռաֆայել Իսրայելյանը պինդ կանգնած էր իր ակունքներում, արմատները խորը գցած, մանրամասն ուսումնասիրած մեր հայկական տարրերը, էլեմենտները, նրանց դերն ու նշանակությունը, խորապես զգացել դրանց գեղարվեստական արժեքը և ուժը,ըստ նրա. «Դետալն իր տեղում է դառնում ճարտարապետություն», յուրաքանչյուր լուծում և հորինվածք ստեղծված է հատուկ նշանակության համար ու իր տեղում դառնում է գեղեցիկ և շոյող։ Նա միակն է, ով իրավամբ համարվում է Թամանյանի հետնորդը և գործը շարունակողը, այդ պատճառով էլ Թամանյան փողոցում նախատեսվող համալիրը,որը իր մեջ է ներառելու նաև Թամանյանի արձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան), կոչվելու է հենց Իսրայելյանի անունով։ Ռաֆայել Իսրայելյանը փայլուն օրինակ է բոլորիս համար, թե ինչպիսին պետք է լինի Հայ Ճարտարապետը, բարձր որակների, գիտակցության, անսահման նվիրումի տեր մարդ։ Ցավոք, այսօր մենք մեր քաղաքում չունենք նրա հիշատակը հավերժացնող մի պատ, մի հուշաքար անգամ, էլ չեմ ասում լիներ արժանի թանգարան, որտեղ մենք հնարավորություն կունենայինք ավելի լավ ծանոթանալու նրա արվեստին և գործին։ Նրա ավանդը մեր ազգային ճարտարապետության մեջ մեծ է և անգնահատելի։
Դեռևս անտիկ ժամանակներից հայկական լեռնաշխարհում ապրել և ստեղծագործել է Հայը, ստեղծել ծովից ծով հզոր թագավորություն, կերտել իր դժվարին ու մաքառող պատմությունը և վաստակել իր արժանապատիվ գոյությունը երկրի վրա, կառուցվում էին քաղաքներ,անառիկ ամրոցներ, ժամանակի հետ զուգահեռ զարգանում էր տաճարաշինությունը, հիմնվեց Տուշպա-Վանը, Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը, ապա Հայ ժողովուրդը թևակոխեց իր պատմության նոր փուլ՝ Քրիստոնեությունը: Հայ ցեղը առաջինը խոնարհվեց Աստծու առաջ և հռչակվեց առաջին քրիստոնյա պետություն։ Նոր պատերազմների, արհավիրքների և փոթորիկների միջով անցնելով ՝ Ավարայրից մինչև Շուշի, մեր ազգը, թեև վիրավոր, կարողացավ գրել իր պատմությունը և շարունակելու է գրել:
Հազարամյակների պատմություն ունեցող մեր երկիրը ստեղծել է իր մշակույթը՝ Հայերեն խոսող, ծնված ժողովրդի հետ միասին, կատարելագործված ու զարգացած նրա ընթացքին զուգահեռ, դրանով աշխարհին հանդես գալով որպես հնամենի քաղաքակրթություն, իր բնորոշ յուրահատկություններով և դիմագծերով, ու այս ամենի քարեղեն վկան է մեր ազգային ճարտարապետությունը: Հայ Ճարտարապետությունը քարեղեն ապացույցն է մեր գոյության, այս հողի իսկական տերը լինելու։
«Քարի վրա է ծնվել Հայը, քարի վրա ապրել, քարով ապրել, քարը քարին դրել, քարերի վրա բարձրացել, քարեր բարձրացրել: Քարերի մեջ է աճել մանուկը, քարով խաղ արել, քարն իմացել, քարի պես ամրացել։ Ու այսպես հազարավոր տարիներ, Հայն իր առաջին քայլից քարի հետ է ապրել, քարը մշակել, քարից ջուր քամել։ Հրաշքներ է գործել քարից, լեռների ընդերքում տաճարներ քանդակել, քարե գործվածքներ արել, կամուրջներ կապել, պալատներ բարձրացրել, քաղաքներ կերտել ու կերտել քաղաքների քաղաք Անին…» -Ռաֆայել Իսրայելյան:
Ուրեմն՝ այսօր մենք ունենք անհրաժեշտություն Հայ Ճարտարապետությունը և առհասարակ Հայ արվեստը, մշակույթը ներկայացնելու, և դա ոչ միայն կունենա ցուցադրական բնույթ, այլ նաև կհանդիսանա միջոց աշխարհին ևս մեկ անգամ, մի նոր ձևով ներկայանալու և հիշեցնելու մեր մասին։ Հայ Ճարտարապետությունը լինելով յուրովի իր տեսակի մեջ, իր խորությամբ և համաչափություններով, պատմական շերտերով, զարգացման ժամանակաշրջաններով կցուցադրվի և կներկայացվի նախատեսվող  թանգարանային համալիրում։

ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԽՆԴԻՐԸ
Մեջբերելով փոքրիկ պատմական ակնարկը՝ ներկայացնում եմ գաղափարի, թեմայի ընտրության հիմնական պատճառը, ցանկությունը այդ ամենը ավելի պատշաճ և արժանի ձևով մարդկանց հասանելի դարձնելու։ Այսօր մենք մեծ խնդիր ունենք ամուր կառչելու ազգային արմատներին, դրա պակասը ունենք, անհրաժեշտությունը, օդի ու ջրի նման կարիք ունենք, որ կարողանանք հետագա մեր գոյության և զարգացման ճանապարհը հարթել։ Իսկ ազգային Ճարտարապետության զարգացումը այն հզոր միջոցն է, որը շոշափելիորեն ամրապնդում է այդ ամենը:Այստեղից էլ գալիս է Թանգարանային համալիրի անվանումը և հիմնական ուղղվածությունը, որն այցելույին պետք է տանի դեպի ակունքներ, դեպի հարազատ հողն ու ջուրը,որն այցելուին պետք է հիացնի իր մոնումենտալությամբ ու մամիևնույն ժամանակ մարդու հոգուն հարազատ մասշտաբով, մի վայր որտեղ կուսումնասիրվեն մեր ճարտարապետական ավանդույթները, հնարքները, ձևերը, խնդիրը մեկն է համալիրը ինչ-որ ձև դարձնել դպրոց։
«Ճարտարապետական ազգային ժառանգության յուրացումը, մանավանդ երիտասարդ, սակավափորձ ճարտարապետի մոտ, հdաճախ ընթանում է այս կամ այն հնարանքի ու դետալի մեխանիկական փոխառման ուղիով, ըստ որում առաջին իսկ հայացքից աչքի է ընկնում այդ հնարանքի էության,նրանց նպատակի,ինչպես նաև առանձին դետալի նշանակության բացատրության անկարողությունը: Այս հանգամանքը մեկ անգամ ևս ապացուցում է անցյալի ժառանգության խոր, մանրակրկիտ ուսումնասիրման, ամեն մի կառույց, ամեն մի կոթող պատմական ասպեկտով, ժողովրդի պատմության, նրա կուլտուրայի ընդհանուր պատմության ոլորտում դիտելու կարևորություն ը» - գրում է Իսրայելյանը։ 
Խնդիր է դրված ստեղծելու մի այնպիսի միջավայր,որտեղ այցելուն, ապագա ճարտարապետ ուսանողը, զբոսաշրջիկը հնարավորություն կունենա ուսումնասիրելու հայտնի հայ վարպետներին, կլինի հիմնական ցուցադրություն, որտեղ կներկայացվեն Ռաֆայել Իսրայելյանի, Սամվել Սաֆարյանի, Գրիգոր Աղաբաբյանի, Մարկ Գրիգորյանի, Տիրան Մարությանի, Հովհաննես Մարգարյանի, Սոս Մանուկյանի և այլոց գործերը, նրանց հաջորդող վարպետների Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի, Արթուր Թարխանյանի, մյուս ճարտարապետնորի նախագծերը, էսքիզները, մանրակերտերը, ակվարելները և այլ ցուցանմուշներ, կցուցադրվեն միջնադարյան Հայկական թե՛ եկեղեցական, թե՛ քաղաքացիական ճարտարապետական դետալներ, փոքր ձևեր և այլն, դրանով հանդերձ ստեղծել համապատասխան միջավայր՝ ներդաշնակելով շրջապատի հետ։ 

Ամսաթիվ: 
Ուրբաթ, Մայիս 27, 2016
Կիսվել