Ճարտարապետական մի նոր ստեղծագործություն

1952 թվականի մայիսին շահագործման հանձնվեց կենտրոնական ծածկած շուկայի շենքը (հեղինակ՝ ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան): Շուկան գտնվում է քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկի՝ Լենինի պողոտայի հարավфյին վերջավորության վրա: Շենքի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 50.000 քառ. մետր, զբաղեցնելով կես հեկտար տարածություն, իսկ օգտոգործվող մակերեսը (ներառյալ բոլոր վաճառասրահները, օժանդակ շինություններն ու պահեստները) կազմում է 7.000 ռառ. ьետր:
Այս շենքի կառուցումով Երևանը հարստացավ ճարտարապետության ևս մի հիանալի ստեղծագործությամբ: Առաջնորդվելով սոցիալիստական ռեալիզմի սկզբունքներով, նրա հեղինակը կարողացել է ոչ միայն պրոֆեսիոնալ վարպետությամբ լուծել կառուցվածքի ֆուկցիոնալ նշանակությունը, այլև հասնել գեղարվեստական մեծ արտահայտչականության՚:
Իր բարձր արժանիքների շնորհիվ, ծածկած շուկայի շենքը կարելի է դասել մեր երկրի նմանատիպ ամենաուշագրավ կառուցվածքների շարքը: Լուծված լինելով ճարտարապետական ճշմարտացի ձևերով, կառուցվածքը հասկանալի դարձավ ժողովրդին ու արժանացավ լայն ճանաչման: Այդ մասին են վկայում, մասնավորապես, Երևանի աշխատավորության բազմաթիվ գրավոր կարծիքները:
Ծածկած շուկայի շենքը մտահաղացված է միասնական ծավալով, դեպի պողոտան նայող ճակատային կողմով, որը և նրա գլխավոր ճակատն է:
Իր հատակագծով քառանկյունի կառուցվածքը բաղկացած է կենտրոնական վաճառասրահից, որի մակերեսը 2.300 քառ. մետր է, երկու կողմից նրան կից առանձին խանութների շարքից և նրանց վրա գտնվող երկրորդ հարկի սրահներից: Թիկունքային կողմից վաճառասեղանին է միանում մսի բաժանմունքն իր օժանդակ սենյակներով: Նկուղային հարկում տեղավորված են պահեստը և սառնարանը:
Գլխվոր ճակատը լուծված է արտահայտիչ ձևերով, որոնք ճիշտ են հաղորդում կառուցվածքի կերպարն ու նշանակությունը:
Ճակատային պատը գլխավոր մուտքի կամարային հզոր բացվածքով երկու կողմից ունի ավելի ցածր դասավորված ծավալներ, որոնք լուծված են որպես սրահաձև շարահարկեր: Դեպի այդ սրահներն են տանում գլխավոր մուտքի կողքերից բարձրացող բազալտից կերտված լայն աստիճանները: Կամարի վրայի հարթությանը կենդանություն են տալիս ռիթմիկ դասավորված, իրենց չափերով ոչ մեծ պատուհանները, որոնք առավել ցայտուն են դարձնում կամարի մասշտաբը:
Գլխավոր ճակատը պսակվում է հստակ գծագրված քիվով: Կառուցվածքի նշանակությունը ճշմարտացի ու արտահայտիչ կերպով բացահայտող մյուս ճակատներն ունեն զուսպ, լակոնիկ ձևեր: Բոլոր ճակատները երեսապատված են արթիկ-տուֆով, որի գունային հատկանիշներն ու որակը կոլորիտ են հաղորդում շենքին և ուժեղացնում նրա ճարտարապետական ձևերի արտահայտչականությունը:
Գլխավոր մուտքի կամարային բացվածքում թուջե վիտրաժն է, որի մեջ տեղադրված է շարժական դուռը: Մթերքների առատությունը գեղարվեստական պատկերների միջոցով արտահայտելու ձգտումն է ընկած վիտրաժի հարուստ կոմպոզիցիայի հիմքում: Վիտրաժը կազմված վարպետորեն միահյուսված թուջե աստղերից, բազմանկյունիներից ու շեղանկյունիներից, աստղերի մեջ հայկական զարդաքանդակների ֆոնի վրա պատկերված են հասկեր, զանազան մրգեր, թռչուններ, ձկներ և այլ կենդանիներ: Մյուս մասերը նույնպես վարպետորեն զարդաքանդակված են: Վիտրաժի համաչափ ռելիեֆի հարստության, որ ուժեղանում է հայելապակու ֆոնի վրա լուսաստվերների խաղով, ծավալային մասերի զուգակցումը նուրբ հենքին, ամբողջ վիտրաժը դարձնում են առանձնապես հարուստ ու գեղատեսիլ: Գլխավոր մուտքի կոմպոզիցիան, այդպիսով, դիտվում է որպես մետաղից ձուլված մի յուրօրինակ գեղարվեստական ստեղծագործություն: Վիտրաժում, ազգային զարդաքանդակների և թեմատիկ ռելիեֆի նորարարական մշակմանը զուգընթաց հարկ է նշել նաև վիտրաժների օրգանական զուգակցումը շենքի ընդհանուր ճարտարապետությանը: Գլխավոր մուտքի հարուստ մտահաղացումը այցելուին նախապատրաստում է իր ճարտարապետական արտահայտչականությամբ ավելի ուժեղ՝ շենքի ներքին տարածության ընկալման համար:
Ելնելով կենտրոնական վաճառասրահի հիմնական նշանակությունից, Գրիգոր Աղաբաբյանը ամենալուրջ ուշադրություն է դարձրել նրա ներքին տարածության կազմակերպանը: Սրահի ճարտարապետությունը բնորոշվում է իր ընդարձակ տարածության միասնությամբ, լույսի առատությամբ, ձևերի թեթևությամբ, պարզությամբ և գեղարվեստական արտահայտչականությամբ: Նրա ճարտարապետական ձևերի թողած տպավորությունը վճռականորեն ուժեղացնում է իր մտահաղացմամբ ուշագրավ առաստաղը: Վաճառասրահի առաստաղը կառուցված է երկաթբետոնե ընդհանուր թաղի կողերը հանդիսացող, 4 մետր տարածությամբ իրար հաջորդող երկաթբետոնե 19 թեթև կամարից: Վերմակային մասը ներկայացնում է չափերով հետզհետե փոքրացող ուրիշ կամարիկներ, որոնք ամբողջ կոնստրուկցիային տալիս են ծակոտկեն հյուսվածքի նմանություն, թեթևություն հաղորդում նրան: Այդ կամարիկները հարստացնում են ծածկույթի ճարտարապետությունը, հեռանկարում ստեղծում պլաստիկ ձևերի հարուստ խաղ: Սրամիտ ու նորարարական լուծում է տված կամարներից դեպի ծածկույթի մակերեսը կատարվող անցմանը, որտեղ կամարներն ավարտվում են հյուսվածքով, միավորվելով իր նկարներով ոչ բարդ զարդաքանդակի մեջ, որ զույգ ժապավենի նման սահում է ծածկույթի ողջ երկայնքով:
Կենտրոնական վաճառասրահի ստեղծմանը գործում չի կարելի առանձնապես չընդգծել ճարտարապետի և կոնստրուկտորի (ինժեներ՝ Ա. Առաքելյան) ստեղծագործական համագործակցության բարերար ազդեցությունը: Աշխատելով ու ստեղծագործելով սերտ կապի մեջ, նրանց հաջողվել է զուտ ինժեներական, կոնստրուկտիվ ձևերն ակտիվորեն ներգրավել շենքի ներքին տարածության ճարտարապետության մեջ:
Թեթև կամարների ռիթմիկ դասավորությունը, նրանց հաջորդող պատուհանները, որոնք առատորեն լուսավորում են ընդարձակ սրահը, կամարների գեղեցիկ գծագրված կորությունը, ձևերի հաջող միահյուսումը կամարակապ ծածկույթում և կենտրոնական վաճառասրահի ճարտարապետության կարևոր կոմպոնենտներ հանդիսացող մի շարք այլ հատկանիշներ ստեղծում են մտահաղացման ամբողջականություն և նրա առանձին մասերի համահնչունության տպավորություն, դրանով իսկ վերացնելով ճարտարապետի ու կոնստրուկտորի ստեղծագործական մասնակցության սահմաններն այս կառուցվածքում:
Կենտրոնական սրահի մեջտեղում երկու շարքով դասավորված են սպիտակ հախճասալով երեսպատված վաճառասեղաններ, որոնք ունեն ջրի ծորակներ ու կոյուղի: Վաճառասրահի կենտրոնում կա փոքրիկ ավազան՝ սրահի ներսի տարածությունը զովացնող շատրվանով: Սրահի չորս անկյուններից բարձրացող աստիճանները տանում են դեպի երկրորդ շարահարկի սրահները: Այն հանգամանքը, որ տվյալ սրահներն իրար հետ անմիջականորեն կապված չեն, նրանց շահագործման ժամանակ առաջ է բերում որոշ անհարմարություն:
Շենքի ներսի տարածությունը ճարտարապետ Գ. Աղաբաբյանը կարողացել է վարպետորեն և մեծ հմտությամբ հարստացնել առանձին դետալներով. Երկրորդ շարահարկի մետաղյա բազրիքը, պատուհանների ու դռների ծաղկազարդ ճաղերը, երկաթբետոնե կամարների առաձիգ կորությունը կրող պահունակները, աստիճանների մեծ ճաշակով մտահաղացված բազնիքները և այլն: Այդ բոլոր դետալներում զգալի է մեր ազգային զարդաքանդակների ստեղծագործական լուրջ վերամշակման, նրանց հարուստ ձևերին նոր բովանդակություն հաղորդելու հեղաինակի կարողությունը:
Միայն մեր երկրում, որտեղ ճարտարապետությունը ակտիվորեն մասնակցում է կոմունիստական հասարակարգի կառուցմանը և ծառայում ժողովրդին, հնարավոր է լայն օգտագործման շինություններն անգամ դարձնել ճարտարապետության իսկական ստեղծագործություններ. Այդ մասին են վկայում սովետական ճարտարապետության շատ երկեր, որոնց թվում նաև Երևանի կենտրոնական ծածկած շուկայի շենքը

Ճարտարապետական մի նոր ստեղծագործություն: (Երևանի կենտրոնական ծածկած շուկան): Սով. Գրակ. և արվեստ ամսագիր, 1953, N 1б 15 164-166Ж

Կիսվել