Իր մասին

Ռաֆայել Սարգսի Իսրայելյանը ծնվել է 1908 թ. սեպտեմբերի 17-ին Թիֆլիսում (ներկայումս Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսի): Հայրը` Սարգիս Հակոբի Իսրայելյանը ծնվել է Շուշիում (ներկայումս ԼՂՀ): Սարգիս Իսրայելյանը` Հայոց լեզվի և գրականության մասնագետ, բանահավաք ծավալել է ակտիվ գիտական և կրթական գործունեություն Արցախի տարբեր շրջաններում և Թիֆլիսում: Իսկ մայրը` Մարիամ Հախնազարյանը ծնվել է Նախիջևանում (ներկայումս Ադրբեջանի Հանրապետություն):
Ռաֆայել Իսրայելյանը 1925 թ. ավարտել է Թիֆլիսի N 72 աշխատանքային դպրոցը: 1926-1928 թթ. սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում: Ուսանելու տարիներին նա ձեռք է բերում ճարտարապետական հիմնարար գիտելիքներ: Այստեղ Իսրայելյանը ընկերանում է վրացի ճարտարապետների հետ և մինչև կյանքի վերջը պահպանում բարեկամական հարաբերությունները: 1929-1932 թթ. սովորել է Լենինգրադի Կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում: Ավարտում է, որպես ճարտարապետ նախագծող:
1932-1934 թթ. սովորել է Լենինգրադում ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի.Ե.Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթւյան ինստիտուտում և 1934թ. ավարտել է ինստիտուտին առընթեր դիպլոմային նախագծերի նախապատրաստական դասընթացերը: «Գերազանցությամբ» պաշտպանել է դիպլոմային նախագիծը, ստանալով ճարտարապետ-արվեստագետի կոչում: 1936 թ. ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի վարպետության կատարելոգործման դասընթացները, ստանալով ճարտարապետ-նկարչի կոչում: 1934թ. ամուսնացել է Սոֆիա Մուրադյանի հետ: 1936թ. տեղափոխվել է Երևան: 1936-1941 թթ. աշխատել է ՀԽՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմատին առընթեր ճարտարապետական-նախագծային N 2 արվեստանոցում (1938 թ-ից «Հայպետնախագիծ») որպես ճարտարապետ: 1941-1943 թթ. աշխատել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում որպես ավագ գիտաշխատող: 1941-1963 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ավագ դասախոս, իսկ 1947 թ-ից`դոցենտ: 1944թ. կայացել է Իսրայելյանի առաջին անհատական ցուցահանդեսը` Հայաստանի ճարտարապետների տանը: Առաջին կարգի մրցանակի է արժանացել Երևանում կառուցվելիք Հաղթանակի կամարի նախագծի համար բաց մրցույթում:
1945 թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով: 1947 թ. ճարտարապետության երիտասարդ վարպետների ստեղծագործությունների 2-րդ համամիութեանական ստուգատեսում արժանացել է առաջին մրցանակի: 1947-1949 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության ճարտարապետական արվեստանոցում, իբրև ճարտարապետ-նախագծող:
1949-1951թթ. աշխատել է Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական արվեստանոցում իբրև ճարտարապետ-նախագծող:
1950թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1950թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:
1951թ. Հաղթանակ հուշարձանի ճարտարապետության համար արժանացել է ԽՍՀՄ պետական առաջին կարգի մրցանակի:
1951-1973 թթ. աշխատել է «Հայարդնախագիծ» (մինչև 1959` «Հայճարտնախագիծ») ինստիտուտում իբրև բաժնի գլխավոր ճարտարապետ:
1952թ. Լենինգրադում` ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի.Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթյան ինստիտուտում պաշտպանել է «Իմ աշխատանքները ճարտարապետության մեջ» թեմայով ատենախոսությունը և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան:
1961թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:
Պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:
1968թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման:
1969 թ. կայացել է Իսրայելյանի անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում:
1970թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչման:
1973թ. սեպտեմբերի 8-ին վախճանվել է Երևանում:
Հեղինակել է ճարտարապետությանը վերաբերող շուրջ 75 հոդվածներ:

sdfsdfsdf_0.jpg

Ձախից աջ՝ ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ, Ստալինյան մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ՀՍՍՀ վաստակավոր ճարտարապետ:

Ռ. Իսրայելյանը ունեցել է երկու որդի և երեք դուստր: Նրանցից ավագը` պ.գ.թ. Հասմիկ Իսրայելյանը կատարել է մեծարժեք աշխատանք հնագիտության ասպարեզում` աշխատելով Հայաստանի ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում:
Արեգ Իսրայելյանը շարունակել է իր հոր գործը և ստեղծել ճարտարապետական բազմապիսի ստեղծագործություններ: Տեխ. գ. դ. Վահագն Իսրայելյանը աշխատում է, որպես երկրաբան: Դաշնակահարուհի Անահիտ Իսրայելյանը դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան կոնստերվատորիայում, դոցենտ: Ճարտարապետի կրտսեր դուստրը` պ.գ.թ. Աստղիկ Իսրայելյանը հեղինակ է մի շարք աշխատանքների ազգագրության բնագավառում, աշխատում է Հայաստանի պատմության թանգարանում որպես ավագ գիտաշխատող: Ճարտարապետի թոռներից իրավաբան Արամ Իսրայելյանը հանդիսանում է «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հ/կ հիմնադիր-նախագահը, իսկ նրա անվանակից ճարտարապետ Արամ Ղանալանյանը Ռաֆայել Իսրայելյանի կայքի հեղինակ-համակարգողն է:

Կիսվել