Քաղաքաշինական աշխատանքներ, մոտեցումներ, կոնցեպտներ

Իսրայելյանը Մեծ վարպետ էր ինչպես մոնումենտալ, հերոսական կառույցների և շինությունների, ոչ պակաս մոնումենտալ հուշակոթողների, այնպես էլ ճարտարապետական փոքր ձևերի, կիրառական արվեստի նմուշների, հուշարձան-աղբյուրների... Ի հավելումն սրան ուներ քաղաքաշինական մոտեցումներ, կոնցեպտուալ առաջարկներ: Ճարտարապետը կենդանության օրոք անտարբեր չէր և ոչ մի շինության, ոչ մի փողոցի կառուցմանը, ստեղծմանը, նույնիսկ քաղաքային միջավայրում արձանների տեղադրմանը:
Անձնական արխիվում հայտնաբերված նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս հստակ պատկերացում կազմել Իսրայելյանի միջավայր ստեղծելու ունակությունների, մոտեցումների մասին: Ինչպես բազմիցս նշվել է ճարտարապետի բոլոր կառույցները բացառիկ ներդաշնակությամբ են ինտեգրված միջավայրի մեջ, թե բնական լանդշավտի, թե քաղաքային միջավայրի առկայության պայմաններում: Իսրայելյանի բազում շինություններում հորինվածքային դոմինանտ է հանդես գալիս բնությունը, սարը, գետը...
Երևանին վերաբերվող անկյունաքարային հատվածներից ոմանց համար Իսրայելյանը ուներ կոնցեպտուալ առաջարկներ, որոնք կատարված են միացյալ ոճական մոտեցմամբ, հարուստ են ջերմությամբ, ունեն քաղաքային կոլորիտին հատուկ բացառիկ ներդաշնակ կերպարներ:
Իսրայելյանի կենդանության օրոք քաղաքի զարգացման ծրագրերում առկա էր թամանյանական Հյուսիսային պողոտայի իրագործումը: Ստորև իսրայելյանական հյուսիսային պողոտայի գրաֆիկական կոնցեպը պողոտայի ստեղծման շարժառիթները.
«Օպերայի թատրոնի հոյակապ, արտակարգ հարուստ ծավալներով շենքը Երևանի ամենաաչքի ընկնող, իր ճարտարապետական նշանակությամբ առաջնակարգ և եզակի շենքերից է:
Բայց ինչպիսի՞ դիրք ունի նա իր շրջապատի նկատմամբ քաղաքաշինական տեսակետից, ինչպե՞ս է նա կազմակերպում, իր ազդեցության տակ առնում շրջակա թաղերը, ինչպե՞ս է կապված քաղաքի ընդհանուր ցանցի հետ:
Ռուսական բարձրարվեստ ճարտարապետության մեջ հայտնի է ճարտարապետ Ռոսիի նախագծով կառուցված՝ այժմ Պուշկինի անվան թատրոնը Լենինգրադում (հեղ . այժմ Սանկտ Պետերբորգ), որի համար կազմակերպվել և հատկապես մշակվել է մի ամբողջ փողոց՝ տարածության մեջ թատրոնի շենքը առավել նպատակահարմար տեղավորելու և հեռավորությունից դիտելու համար: Նույն պահանջն է առաջադրվում նաև Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը, որն իր ծավալով և զբաղեցրած տարածությամբ չի զիջում Լենինգրադի Շուշկինի անվան թատրոնի շենքին:
Պետք է բաց անել լայն պողոտա, որն իր հորիզոնում վերջանա այդ շենքով: Այդ պողոթտան, որն ըստ Թամանյանի նախագծի պետք է ձգվի օպերայի շենքից դեպի Լենինի հրապարակը՝ (հեղ. Այժմ Հանրապետության հրապարակ) նրանից մի քիչ վեր հատելով Աբովյան փողոցը և Լենինի հրապարակը կապելով օպերայի հրապարակի հետ, կհարստացնի քաղաքը մի նոր գեղեիկ ճարտարապետական անսամբլով»:
Իսրայելյանը իրավացիորեն չափազանց բարձր է գնահատել Օպերայի շենքի նշանակությունը քաղաքի համար և դրանից ելնելով չափազանց կարևորել հյուսիսային պողոտայի իրականացումը, առաջին հերթին դիտարկելով այն որպես օպերայի շինության կապումը Երևանի քաղաքային ցանցին, նրան դիտելու հարթակ: Հյուսիսային պողոտայի իրագործմամբ չի սահմանափակվում ճարտարապետի մոտեցումը օպերայի շենքի շուրջ առկա միջավայրի վերաբերյալ: Իսրայելյանը կտրականապես դեմ էր Ալ. Սպենդիարյանի և Հ. Թումանյանի մեծամասշտաբ արձանների տեղադրմանը օպերային հարող թատերական հրապարակում, ըստ նրա արձանները մասշտաբից գցում են շինությունը և շինությունը հանդիսանում էր վատ ֆոն արձանների համար: Ըստ Իսրայելյանի Թումանյանի արձանը նպատակահարմար կլիներ տեղափոխել Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, այգուն հարող տարածքում: Նույնիսկ պլանավորվող հյուսիսային պողոտայի լայնությամբ օպերային շրջապատող հատվածում թառեր չի նախատեսել շինությունը ամբողջականորեն դիտողին հասանելի դարձնելու նկատառմամբ:
Միանգամայն հասկանալի և կիսելի է հիացմունքն ու բարձրագույն արժևորումը թամանյանական հոյակերտ շինությամբ, հիշատակման է արժանի ոգևորությունը, որ պատել էր ողջ հայ մտավորականությանը օպերայի շինության կառուցման կապակցությամբ, զորօրինակ Մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի կտավը, որում պատկերված է օպերայի շինության հիմքերի իրագործման աշխատանքները: Օպերայի շինությունը կարելի է համարել Թամանյանի ամենահանճարեղ շինությունների շարքում և հնարավոր է ամենահանճարեղը Հայաստանում իրականացվածներից:
Օպերայի շինությունը այնքան է կարևորվել հեղինակի կողմից, որ Ալ. Թամանյանը՝ օգտագործելով անձնական կապերը, Ռուսաստանից ամրաններ է բերել տվել շինության համար:
Երևանը նոր ձևավորվող քաղաք էր, երբ սկսվել է կառուցվել օպերայի շենքը: Օպերայի շինությունը այնքան նոր, մոնումենտալ և արտասովոր էր գյուղաքաղաք Երևանի համար, որ թելադրեց հետագա զարգացումը, ոճական լուծումները, դարձավ բարձր նշաձող երևանյան հետագա կառույցների նախագծման համար: Հեղինակի խորին համոզմամբ օպերայի կառուցումը, օպերային արվեստի մուտքը Հայաստան խթանեց նոր մտավորականության կերտման, որի ներկայացուցիչների աստղաբույլը նախանձի տեղիք է տալիս հետագա սերունդներին:
Այս ամենից ելնելով առավել արժեքավոր է Իսրայելյանի արխիվում պահպանվող հյուսիսային պողոտայի կոնցեպտուալ էսքիզը: Հյուսիսային պողոտան նախատեսվել է իրականացնել հետիոտնի համար, այնպիսի լայնությամբ, որպեսզի օպերայի շինությունը գրեթե ամբողջությամբ ընդգրկվի նրա մեջ: Աջ և ձախ կողմից իրականացված շինությունները սիմետրիկ են պողոտայի կենտրոնական առանցքի նկատմամբ, հինգ հարկանի են, հարթ կտուրներով: Առաջին հարկը հասարակական օգտագործման նշանակության է, մետրիկ կամարաշար է, մերթընդմերթ ընդմիջվող 2 հարկի բարձրությամբ միայնակ կամարներով: Մյուս հարկերի լուսամուտները ուղղանկյունաձև են: Վերջին՝ հինգերորդ հարը մասամբ ներսընկած է, լուսամուտները ավարտում են դեկորատիվ, հարթաքանդակային կամարները: Բուն պողոտայի երկայնական առանցքով մեկ ձգվում են երեք կանաչապատում՝ խոտածածկ, թփերով: Ակնհայտ է պողոտայի իրականացման համեստությունը, քանզի այն մտածված է իբրև օպերայի շինության դիտարկման հարթակ, իբրև այն քաղաքային միջավայրին ինտեգրող փողոց:

Կիսվել