ԱՅՍ ԱՌԱՎՈՏ

Հեղինակ: 
Լևոն Դռնոյան
Ամսաթիվ: 
Ուրբաթ, Սեպտեմբեր 2, 2016

Ռաֆայել Իսրայելյանի կերտած աղբյուրը: Տերյանի արձանից քիչ հեռու: Կենաց ծառի խաղողի ողկույզները պայթում են քաղցրությունից: Հնգաթև աստղերը հայկական են և ուղղված են երկնքին: Ցայտում է ջուրը – դպրության խորքերից: Եվ կարկաչում է - «Հայորդի, մի՜ շփոթվիր: Դպրությունը կա, տուֆը կա, մուրճն ու բրիչը կան, Աստված կա… Կվերածնվենք, կապրենք: Մի՜ շփոթվիր…»: Լսում եմ աղբյուրի հորդորը և թեթևացած հեռանում: Հետո բնազդով շուռ եմ գալիս…
Աղբյուրին մոտեցավ մի մարդ: Լեզուս չի բռնում ասել՝ մուրացիկ: Քարե խոյի մեջքին դրեց աղքատ նախաճաշը: Լվացվեց: Գորշ թաշկինակով սրբվեց: Մածնի շշի մեջ սառը ջուրը լցրեց, թափ տվեց ու խմեց: Կես խաչապուրին վերցրեց խոյի մեջքի զարդանախշի վրայից ու կերավ: Հեռացավ: Աղբյուրի ձայնը նույնն էր – էլ ինչու՞ հառաչանք լսեցի…
Այնպես եղավ, որ ակնթարթ անց աղբյուրի մոտով անցավ մի երիտասարդ կին: Հղի էր: Սրբազան որովայնի մեջ պտուղ կար: Պտուղը նայեց աղբյուրի ողկույզներին, լսեց աղբյուրի ձայնը և բերանի մեջ մի քաղցրիկ ողկույզ տրորեց: Ու տոտիկով զարկեց արգանդի պատին: Մոր դեմքին կիսաժպիտ սահեց…
Հայ կյանքի հավասարակշռությունը վերականգնվեց: Աղբյուրի ձայնը ասում էր. «Մի արտագաղթեք: Դպրությունը կա: Աստված կա: Էս աղբյուրը կա: Թե հարց կունենաք, եկեք՝ աղբյուրը կպատասխանի…»:
Նայեցի վեր: Հայքի վրա բարձրանում էր Արևը: Այս առավոտ տեսա: Ուրիշ տեսնողներ էլ են եղել…

Կիսվել